Հարվածել են «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մորը

Հարվածել են «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մորը
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը





Այսօր ժ.10:30-ի մոտակայքում Նոր Հայաստանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով մարզերից դեպի Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ եւ հրահրել են քաշքշուք: Մասնավորապես, մինչ այդ իրենց ամբողջ երթուղին խաղաղ, առանց միջադեպերի անցած քաղաքացիների, այդ թվում կանանց եւ երեխաների, որոնց թվում նաեւ ժողովրդին ուղեկցող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մոր եւ երեխայի հանդեպ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ոստիկանները բիրտ գործողությունների են դիմել, հրմշտել են եւ ձեռք են բարձրացրել նրանց վրա:





Իսկ հենց այս պահին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք նաեւ, որ տարածքում են գտնվում Պաշտպանության նախարարության զորքեր:





Խստորեն դատապարտում ենք ոստիկանների այս ապօրինի գործողությունը, անհամարժեք եւ ծառայամիտ պահվածքը: Պահանջում ենք դադարեցնել Ազատության հրապարակում տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողության շուրջ արհեստական լարվածության հրահրումը, որի հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ոստիկանության եւ նրա քաղաքական պատվիրատու գործող դե-ֆակտո նախագահի վրա:









Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ



9 ապրիլի 2013թ.



Երեւան