Ոստիկանի մահակի ներքո

Ոստիկանի մահակի ներքո
Երեկ օրվա «հերոսը» կրկին ոստիկաններն էին, ովքեր պարբերաբար մեր երկրում գլխավոր գործող անձինք են դառնում եւ ուղղորդում քաղաքական պրոցեսները:



 



Եվ դա արվում է այնպես, կարծես հենց դա է մեր ոստիկանների գլխավոր պարտականությունը, այլ ոչ թե երկրում հասարակական կարգի պահպանությունը, հանցագործությունների դեմ պայքարն ու կանխարգելումը: Այս էլ որերորդ տարին է, որ մեր երկրում նախագահների երդմնակալության արարողությունն ընթանում է ոստիկանական մահակի ներքո եւ աջակցությամբ: Երեկ ողջ օրը մայրաքաղաքում լսվում էին ոստիկանական շչակների ձայները, բարձրաստիճան ոստիկանները հարցազրույցներ էին տալիս, ցածրաստիճանները՝ սպառնալիքներ հնչեցնում: Օրն առանց պատահարների չանցավ՝ կրկին բախումներ եղան, ծեծվածներ, նվաստացվածներ: Հենց այս միջադեպերն են պատճառը, որ շատերն ասում են, թե ապրում ենք ոստիկանական երկրում, որտեղ թելադրողը ոչ թե օրենքն է ու Սահմանադրությունը, այլ ոստիկանները, բանակը, ուժը, բռնությունը: Եթե ընտրական իրավունքը չի գործում, պետք է գործի ընտրվողների կամքը՝ սա է կյանքի օրենքը:



 



Ինչպես անել, որ գործեն օրենքները, եւ պատժվեն օրենքը խախտողները. ահա այն գերնպատակը, որին պետք է հասնի մեր հասարակությունը: Ինչպես անել, որ մարդկանց փոքրաթիվ խումբը չթելադրի իր կամքը, եւ հաղթի մեծամասնության կամքը: Ահա այն գոյավիճակը, որին ձգտում են աշխարհի բոլոր ժողովուրդները: Որ չստացվի այնպես, ինչպես հիմա Հայաստանում է՝ երբ զենքի ու ոստիկանության ուժին տիրապետող իշխանությունն իրավացի է, իսկ ժողովրդի աջակցությունն ունեցող ընդդիմությունը՝ դատապարտված: Որ իշխանությունը կարգուկանոն հաստատելու անվան տակ բռնություններ չկիրառի, իսկ ընդդիմությունն անապացույց հայտարարություններ չանի, թե ընտրությունները կեղծվել են: