Զավեշտ եւ հումոր՝ ներսում ու դրսում

Զավեշտ եւ հումոր՝ ներսում ու դրսում
Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան դեռ չսկսած, ՄՀՀ ստորոտում, փողոցին կից, հայտնվեց Վարդգես Գասպարին: Մինչ նա կպատրաստեր պոլիէթիլենե պարկը, կմտներ մեջն ու կպառկեր գետնին, ազգային փոքրամասնությունները ներկայացնող տարիքով մի կին առաջ եկավ, կանգնեց Գասպարիի գլխին ու դեպի Համալիր, հյուրերի համար անչափ բարձրաձայն, գրեթե գոռալով՝ պատմեց իր հոգսի մասին. տուն չունի, չգիտի անելիքը:



 



Մի քանի վայրկյան հետո, ասես երկնքից, Գասպարիի մյուս կողմում հայտնվեց նույնպես տարիքով, ձեռնափայտով մեկ այլ կին, որը հակադարձում էր նրա ելույթին` նույնքան մարտական ու աշուղական ինտոնացիայով, որ «էս կնիկը տուն չունի, որովհետեւ իրա մարդը ծախել ա էդ տունը, դրա համար»: «Կապ չունի՝ ծախել ա, չի ծախել, ես տուն չունեմ»: Գասպարին էլ իր համար անվրդով, անշարժ, առանց որեւէ բառի կամ բողոքի պառկած էր: Դեպի Համալիր տանող աստիճաններին կանգնած էր ՀՀՇ-ի, այժմ ՀՀԿ-ի Գեւորիկը ու մեր հարցմանն ի պատասխան` ինչպե՞ս ես, բացականչեց. «Կեցցե Սերժ Սարգսյանը»: Համալիրի ներսում այլ աուրա էր: Արտասահմանից մեծ թվով պատվիրակություններ կային՝ թվով 60, բայց ՀՀ նախագահների երդմնակալությանը, որպես կանոն, միշտ ներկա են եղել տարբեր երկրների առաջին դեմքեր, երբեք այսքան ցածր կարգի չեն եղել պատվիրակությունները, ինչպես երեկ էր:



 



Դրսից ժամանած հյուրերը խմբերով գալիս, կարմիր գորգով բարձրանում էին դեպի դահլիճ: Ամենամեծը, բնականաբար, Ռուսաստանի պատվիրակությունն էր. պաշտոնական հյուրերից բացի, մեծ խումբ գործարարներ էին եկել: Այնտեղ էր նաեւ Միշա Գալուստյանը՝ հայտնի հումորիստ, որին ուշի-ուշով եւ անչափ գործնական ուղեկցում էր Հովիկ Աբրահամյանի օգնական ընկեր Բագրատը: Հարցին` Դո՞ւք էստեղ ինչ եք անում, Գալուստյանն ասաց` եկել եմ մասնակցելու Սերժ Ազատովիչի ինաուգուրացիային, ինչի համար շատ ուրախ եմ: Ճանաչո՞ւմ եք նրան: Կատակով ասաց` այո, միասին ենք «սովորել»: