Գնացին «Փարվանա»` արդեն «լրջով» նշելու առիթը

Գնացին «Փարվանա»` արդեն «լրջով» նշելու առիթը
ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մեծ թվով ներկայացուցիչներ կային` շարքային, պաշտոնյա եւ պատգամավոր: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսկաբեկյանը մեր հարցին՝ ինչո՞ւ չկա պարոն Ծառուկյանը, ասաց` կգա: Տեղեկացրինք, որ մեկնել է Մոսկվա, չի գա: Զարմացավ:



 



Մարտուն Գրիգորյանն ասաց. «Ծառուկյանից իմացեք, թե ինչու չի եկել, դա իր ցանկությունն էր»: Գուրգեն Արսենյանին՝ կարմիր գորգի վրայով առաջանալիս, հարցրինք. «Եվ դո՞ւ, Բրուտոս, մասնակցո՞ւմ եք»: Ասաց. «Եվ դո՞ւ, Կլեոպատրա, թույլ տվեք մասնակցել»: Կարեւոր հյուրերը ներս էին մտնում կառավարական մուտքից: Լեւոն եւ Սաշիկ Սարգսյանները բոլորի հետ ընդհանուր դռնով եկան, տիկին Ռիտա Սարգսյանը՝ վարչապետի ու նրա տիկնոջ ուղեկցությամբ, կառավարական մուտքով: Ռոբերտ Քոչարյանի մուտքը մնաց «աննկատ»:



 



Մինչ այդ լրագրողներին խնդրել էին բարձրանալ 7-րդ հարկ` «մոնիտորներով նայելու»:  Գորիկ Հակոբյանը նույնպես շատ վաղ էր եկել ու հեռախոսով անվերջ խոսում էր. «Ալլո, հա, նախագահ ջան, հա»: «Զորավար» Վովա Գասպարյանը չերեւաց, ասացին` կգա: Ինաուգուրացիայից հետո, ի տարբերություն նախորդ անգամներին, ֆուրշեթ չեղավ. շամպայն ու ՀՀ զինանշանով շոկոլադ էր: Բոլոր հյուրերը, շարք կազմած, մոտենում, շնորհավորում էին Սերժ Սարգսյանին, իսկ ժամը 2-ին բոլորով գնացին «Փարվանա»` արդեն «լրջով» նշելու առիթը: