«Դորիանսի» երգի, սփյուռքի ձայների եւ Հ1-ի մեղավորության մասին

«Դորիանսի» երգի, սփյուռքի ձայների եւ Հ1-ի մեղավորության մասին
«Եվրատեսիլն» ավարտվեց, Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը երեկ վերադարձավ հայրենիք: Չնայած հիանալի ելույթին,  նա զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Թվում է, թե սա վատագույն ցուցանիշն է մեր եվրատեսիլյան պատմության մեջ, բայց վստահաբար կարելի է ասել, որ այն միակ դեպքն էր, երբ, անկախ հորիզոնականից, տղաների ելույթից գոհ էին բոլորը:



 



Սակայն այն երկրները, որոնք ավանդաբար բարձր միավորներ են տվել Հայաստանին, այս տարի կամ ընդհանրապես միավոր չէին տվել, կամ էլ 1-3 միավոր էին տվել: Անգամ արդյունքի վրա չազդեց սփյուռքի նախարարի կոչը, վերջինս մեր հայրենակիցներին կոչ էր արել քվեարկել «Դորիանսի» օգտին, ավելին՝ Գերմանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի հայ համայնքները հատուկ հաղորդագրություններ տարածեցին, որ ջանքեր են ներդնում «Դորիանսի» օգտին ակտիվ քվեարկություն ապահովելու համար: Երեկ զանգահարեցինք սփյուռքի նախարարություն եւ փորձեցինք ճշտել, թե որն էր սփյուռքի այդքան պասիվ քվեարկության պատճառը եւ ինչպես են գնահատում իրենց համայնքային կառույցների աշխատանքը: Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը նշեց, որ նախարարը 4 տարի է արդեն, ինչ «Եվրատեսիլում» մեր մասնակցի օգտին քվեարկելու կոչ է տարածում, արդյունքներն էլ միշտ գոհացուցիչ են լինում, բայց այս տարի իրենք էլ են զարմացած սփյուռքի տված ձայներից. «Չեմ կարող ասել, թե ինչով էր պայմանավորված, բայց միանշանակ իրենք վստահեցնում են, որ համայնքն ակտիվորեն  արձագանքել է նախարարի կոչին եւ քվեարկել է, անգամ «Ֆեյսբուքով» գրում են մեզ, որ իրենք քվեարկել են, բայց հաղորդագրությունները տեղ չեն հասել, հետ են վերադարձել: Իրենք եւս զարմացած են»:  



 



 



«Դորիանսի» պրոդյուսեր Արա Թադեւոսյանը նույնպես դժվարանում է մեկնաբանել, թե որն էր այդքան քիչ ձայների պատճառը. «Կարող եմ միայն ենթադրություններ անել, բայց ինքս գիտեմ տասնյակ դեպքեր, որ լսել եմ իմ ընկերներից, գրել են ֆեյսբուքյան մեր էջին, որ տասնյակ, հարյուրավոր մարդիկ հաղորդագրություններ են ուղարկել, ես ուղղակի կարծում եմ, որ շատ երկրներում որոշակի անազնիվ մեխանիզմներ են կիրառվել, որոնց արդյունքում մեր հայրենակիցների ուղարկած մեծ թվով հաղորդագրությունները պարզապես ձուլվել են այդ ամբողջին: Կային երկրներ, որ Ադրբեջանը փորձել էր որոշակի միջամտություններ անել եւ ապահովել ավելի բարձր միավորներ, իսկ այն երկրները, որտեղ այդ միջամտությունը չէր եղել,այն արդյունքներն էին, որ իսկապես ունեին»: Ինչ վերաբերում է պրոմո տուրերին, որոնք «Դորիանսի» դեպքում շատ քիչ էին, իսկ ավելի կոնկրետ՝ խումբը ելույթ է ունեցել միայն Կոպենհագենում, ապա. «Պրոմո տուրերի հետ կապված խմբի մենեջմենթը որեւէ դերակատարություն չունի, որովհետեւ Հանրային հեռուստաընկերությունն է «Եվրատեսիլի» պաշտոնական գործընկերը Հայաստանում, այդ բոլոր առաջարկներն անում է Հանրային հեռուստաընկերությունը, այս տարի Հանրայինն այլ պրոմո տուրերի առաջարկներ չէր ստացել եւ մեզ չէր ներկայացրել»:



 



Այն հարցին, թե այնուամենայնիվ չի՞ կարծում, որ Հ1-ը թերացել է այս տարվա «Եվրատեսիլի» կազմակերպչական, ֆինանսական, լուսաբանման հարցում, Արա Թադեւոսյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց, նշելով որ որպես «Դորիանսի» պրոդյուսեր եւ մենեջեր, կարող է պատասխանատվություն կրել եւ մեկնաբանել միայն իրենց գործունեությունը, վերջում հավելելով. «Շատ գոհ եմ մեր համագործակցությունից  Գոհար Գասպարյանի հետ, որեւէ դժգոհություն ես չունեմ, Մալմյոյում մենք աշխատել ենք որպես միասնական թիմ»:



 



«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե «Դորիանսի» դեպքում ինչո՞ւ էին պրոմո տուրերը գրեթե բացակայում, ֆինանսական խնդիրնե՞ր կային: «Պրոմո տուրերը պարտադիր պայման չեն, եւ դրանք սովորաբար արվում են խմբի պրոդյուսերական թիմի կողմից, եւ, ինչպես արդյունքն է ցույց տվել, դա հարաբերական է՝ կարող է ազդել, կարող է չազդել արդյունքների վրա: Պրոմո տուրն ընդամենը արտիստին գովազդելու, իր պրոդյուսերական թիմի կողմից մտածված բան է, նրանք են որոշում, իրենց գումարների համաձայն, կարո՞ղ են իրենց թույլ տալ պրոմո արշավ, թե՞ ոչ: Դա բացարձակապես կապ չունի Հանրայինի պլանավորման պարտադիր կետերի հետ ու չի մտնում նրա պարտականությունների մեջ»: Մեր դիտարկմանը, թե խմբի պրոդյուսերը նշում է, որ որպես «Եվրատեսիլի» պաշտոնական գործընկեր՝ պրոմո տուրերի առաջարկներն անում է Հանրայինը, պատվիրակության ղեկավարը խիստ վրդովվեց եւ նշեց, որ դա Հանրայինի պարտականությունների մեջ չի մտնում` դրանով ընդգծելով Հ1-ի մեղավորությունը, հակառակ դեպքում պետք է որ հավասարակշռությունն ու բարեկրթությունը չկորցներ լրագրողի հարցին պատասխանելիս:



 



Իսկ Հ1-ի թերացման մասին երեկ շատերը խոսեցին: ԳԱԼԱ-ի հետ զրույցում երգչուհի Շուշան Պետրոսյանը նշել էր, որ գլխավոր մեղավորը Հանրային հեռուստաընկերությունն է: «Բոլորը հրաշալի մասնակցություն են ցույց տվել, նկատի ունեմ եւ Սփյուռքը, եւ առավել եւս Գոռը փայլուն կատարել է եւ առաջին, եւ երկրորդ օրը: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում թերացումը հեռուստատեսությանն է: Ես կարծում եմ, որ այո՛, Հ1-ը կարող էր շատ ավելի լավ աշխատել, միեւնույն է, կարող էր արդյունքը նույնը լիներ, քանի որ մեծ փողեր են լվացվում այդ պրոյեկտի մեջ, դա ոչ մի կերպ չի կարող առնչվել էրեխեքի հետ»: Հ1-ի պահվածքին էր անդրադարձել նաեւ «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Կարկուտի, բերքի ոչնչացման, «Սպայկայի» հրդեհի ու գազի թանկացման շաբաթը եզրափակեց եվրատեսիլյան պրավալը: Արիկն ու «Դորիանսն» ամեն ինչ արեցին, ինչ կարող էին. լավ երգ ընտրեցին ու շատ լավ կատարեցին: Ուղղակի այստեղ մեկ այլ հարց կա. ամեն տարի Հանրայինն ընտրում է մեկ գլխավոր հովանավոր, ստանում գումար, կազմակերպում պրոմո տուրեր, համերգներ, հեռուստահարցազրույցներ: Երբեմն «Եվրատեսիլի» պրոդյուսերը մեկնում է տարբեր երկրներ՝ բանակցելու: Արդեն չորս տարի Հանրայինը մատը մատին չի տալիս: Պրավալ տվեցին Ինգա-Անուշի տափակ, քաղքենի ու անտաղանդ բեմականացմամբ ու վեդմա դիզայնով, Էմմիին բաժին հասավ բյուջետային սեկվեստորը, երբ ամեն ինչի վրա խնայում էին, անցած տարի չեղավ, բա էս տարի ինչո՞ւ սենց եղավ: … գրում եմ ցավով, որովհետեւ գոնե «Եվրատեսիլի» մասով այնքան բան հնարավոր էր անել, այնքան մարդ կա, որ կարող է օգնել, այնքան ներուժ կա դրսերում, որ պատրաստ է մասնակցել: Բայց ոչինչ չի արվել: Ու ընդամենը արդարանալ, թե Ադրբեջանը նավթային դոլարներ է ծախսում, ուղղակի անհեթեթություն է: … չկա՞ գումար Հայաստանում, Սփյուռքում: Կամ՝ բեմականացումն էդքան թանկ բա՞ն ա: Ինչո՞ւ էին տղաները սովորական ջինսերով ու արաբական շարֆով: Ո՞ւր էր հեռուստատեսային ռեժիսուրան: Ի՞նչ ֆիշկա կար, որ բացի «Դորիանսի» ձայնից հիշեին»: