Գուցե դիմումների շնորհիվ թույլտվություն չտրվի

Գուցե դիմումների շնորհիվ թույլտվություն չտրվի

Ամիսներ առաջ անդրադարձել էինք Եզնիկ Կողբացի փողոցի 4 եւ 2 ա շենքերի բնակիչների բողոքին: Վերջիններս պայքարում են, որ իրենց բակում` նախկին կաթսայատան փոխարեն, բազմաֆունկցիոնալ շենք չկառուցվի: «Եթե հնարավոր է պայքարի միջոցով հասնել նրան, որ բարձրահարկ շենքի փոխարեն կառուցվի խաղահրապարակ, ապա պետք է պայքարենք մինչեւ վերջ»,-ասաց Եզնիկ Կողբացի 2 ա շենքի բնակչուհի Լուսինե Նազարյանը:  Բնակիչները խնդրին լուծում տալու նպատակով նամակներ են գրել տարբեր կազմակերպությունների, նախարարությունների:



«Բակում տեղաշարժվելու հնար չկա, հիմա էլ այդ շենքն են ուզում կառուցել, կապ չունի, թե քանի հարկանի կլինի, չպետք է կառուցվի»,- ասաց բնակչուհին:



Նոր կառուցվող շենքի պատճառով, ըստ բնակիչների, մասամբ փակվելու է բակ մտնող հիմնական եւ հարմար ճանապարհը, որը կդառնա էական խոչընդոտ առօրյա անցուդարձի, ինչպես նաեւ հնարավոր արտակարգ իրավիճակներում էվակուացիա, հրշեջ եւ շտապ բուժօգնություն կազմակերպելու համար: «Շինարարությունից բան չհասկացող մարդու համար էլ պարզ է, որ եթե այդ շենքը կառուցվի, բնակիչներն անվտանգ չեն լինի, այսինքն` սեյսմավտանգության խնդիր է առաջանում»,-ասաց բնակչուհին: Վերջինս տեղեկացրեց, որ նամակ են գրել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարություն: «Նրանց պատասխանից հասկացանք, որ կառուցապատողը դեռ չունի օբյեկտի քաղաքաշինական նախագծային փաստաթղթեր, այսինքն` դեռ շինարարություն սկսելու թույլտվություն չունի»,- ասաց բնակչուհին` հավելելով, որ հնարավոր է, որ իրենց դիմումների շնորհիվ թույլտվություն չտրվի:



Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց այդ պատասխանը դեռեւս բավարարում է:



«Այժմ խնդիրն այն է, որ եթե շինթույլտվություն չկա, պահանջում ենք, որ շենքի պատին տեղադրված ցուցանակը, որը տեղեկացնում է կաթսայատան փոխարեն բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման մասին, գան եւ իրենք հանեն, այլ ոչ թե մենք պոկենք, ու հետո էլ մեզ մեղադրեն, որ օրենք ենք խախտել,- ասաց Եզնիկ Կողբացի 5 շենքի բնակիչ Նարինե Սուքիասյանը`ավելացնելով:- Երեւի կառուցապատողն էլ է հասկացել, որ կբողոքենք, դրա համար էլ, դեռ ոչ մի քայլ չարած, նախագիծ է կպցրել պատից. եթե չբողոքեինք, հեշտ ու հանգիստ կկառուցեր»: Բնակչուհին նշեց, որ կարծես թե իրենց պայքարը կամաց-կամաց արդյունք է տալիս: «Շնորհիվ մեր բողոք-դիմումների, այսօր առաջին հաղթանակն ենք տարել եւ այս ձեւով շարունակելու ենք պայքարել, որ շենքը չկառուցվի»,-ասաց բնակչուհին:



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ