Անկասելիորեն ՄՄ մտնողների կյանքից

Անկասելիորեն ՄՄ մտնողների կյանքից

Նախկինում սարսափելի ընդդիմադիր, իսկ 2008-ից ՀՀ իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի տակ մտած մի ոչ այնքան անհայտ լրատվամիջոց օրերս անդրադարձել էր Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի վեճին եւ, որքան էլ անհավատալի է այդ լրատվամիջոցի պարագայում, արել մի անչափ հետաքրքիր եզրահանգում` Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին, իսկ ՕԵԿ-ը ՀՀԿ-ին այլեւս պետք չեն: Այդպես էլ գրել էր. «Առայժմ կոալիցիոն ՕԵԿ», ինչը պիտի որ նշանակի, թե ՕԵԿ-ին երկար չի մնացել ճաշակելու իշխանության բարիքները: Թերթը խնամքով ներկայացրել է ոչ միայն վերջին ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության անհաջողությունները, այլեւ խեղճ ՀՀԿ-ի փոխարեն հոգոց է հանել, թե այսպես էլ բան կլինի՞, փոխանակ ՕԵԿ-ն օգնի մեծ եղբորը, մի բան էլ մեծ եղբայրն է թուքումուր ուտում նրա երեսից: Չմոռանանք նաեւ նշել ամենակարեւորը: Թերթը նկատել է, որ տրադիցիոն ռուսամետ ԲՀԿ-ական մեծամասնությունը, դեպի Մաքսային միություն մեր անկասելի ընթացքի պայմաններում, այսուհետ արեւմտամետ ՕԵԿ-ից առավել նախընտրելի է Սերժ Սարգսյանի համար: Որքա՜ն նուրբ են մտել ԲՀԿ-ին:



 



Չենք վիճում. հարցի այս տրակտովկան կարող է շատերին նաեւ տրամաբանական թվալ, բայց էականն այդ չէ: Հարցի այսպիսի մեկնաբանությունն իր խորքում ուշադրության արժանի լուրջ խութեր է պարունակում, որոնց մասին արժե մի քանի խոսք ասել: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ սույն «վերլուծության» հեղինակը, առայժմ չեմ կարող ասել՝ մտածված, այդ խութերի վրա է հանում նախագահի նավը, այն նավը, որ անձամբ իրեն ու ՀՀԿ ֆրակցիայում բոմժություն անող իրենց կուսբջիջի շեֆին 2008-ին բաց ծովում փրկել է վերջնական քաղաքական ոչնչացումից:



Երեւի արդեն նկատեցիք, որ Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի շատ նորմալ «բանավեճը» մեզ այս պահին բացարձակապես չի հետաքրքրում: Բայց սուր թեմաների սիրահարներին կխնդրեի դեռ չդադարեցնել ընթերցանությունը, քանի որ հիմա մի շատ ավելի խայտառակ երեւույթի մասին ենք խոսելու` ռուսալեզվության:



Ռուսամետությունն ու ռուսալեզվությունը միմյանցից խիստ տարբեր հասկացություններ են: Կարելի է նույնիսկ այսպես ասել` ռուսամետությունը քաղաքական կատեգորիա է, իսկ ռուսալեզվությունը` սանէպիդեմիական ծառայության եւ անձնական հիգիենայի ոլորտի եզրույթ, որով դեռ շատ վաղուց բնորոշվել են Արա Գեղեցիկ թագավորին վերակենդանացրած հրեշտակները` արալեզները:



 



Բժշկության զարգացման հետ` լիզելով բուժումն աստիճանաբար դուրս մղվեց Հիպոկրատի հետնորդների պրակտիկայից, իսկ այսօր նույնիսկ հակահիգիենիկ է համարվում, եւ սանէպիդկայաններին էլ խորհուրդ է տրվում հասարակությանը նախազգուշացնել այդ մեթոդի ոչ միայն անարդյունավետության, այլեւ դրանից համաճարակների բռնկման վտանգների մասին: Հատկապես երբ հիվանդությունները, հեռու Արա Գեղեցիկից, վերաբերում են պացիենտի գեմառոյի շրջանին, լեզվաբուժությունը կարող է նույնիսկ կործանարար լինել այն կիրառողների համար:



Բայց, չնայած ՀՀ առողջապահության նախարարության համառ նախազգուշացումներին, հայաստանյան առանձին քաղաքական շրջանակներ այդ մեթոդը գործադրում են ոչ միայն տեղական VIP կարիքավորներին բուժելու նպատակով (եթե նկատեցիք՝ Ծառուկյան Գագոյին էլ են լիզել), այլեւ դա նրանց միակ մեթոդն է օտար պացիենտներին կյանքի կոչելու գործում:



 



Ահավասիկ, գործ ունենք սրսուռ ռուսալեզների հետ:  Ի դեպ` նրանց զբաղմունքի տգեղությունն առավել ընդգծուն է դառնում, իսկ իրենք՝ ավելի վտանգավոր, երբ թաքնվում են Հայ առաքելական եկեղեցու կամ հայ ընտանիքի թիկունքում եւ այդ դիրքերից քննադատում եվրոպաներից ներմուծված խայտառակությունները: Ասում ենք վտանգավոր, որովհետեւ ռուսալեզվությունն այնքան անկասելի զբաղմունք է իրենց համար, որ չեն էլ նկատում, թե այդ նույն խայտառակություններն օրենքից դուրս` վայրիվերո վիճակում, որքան ավելի տարածված են հենց Ռուսաստանում: Նրանք կույր-կույր հայտարարում են` մեր ընթացքը դեպի Ռուսաստան, դեպի Մաքսային միություն անկասելի է: Մի հարցնող լինի` ինչների՞դ վրա եք այդպես հրճվում: Կարելի է մտածել` այդ անկասելի ընթացքով դեպի կոմունիզմ ենք գնում: Ու երբ ուզում ես հասկանալ, թե ինչից է գալիս այս հորթային հրճվանքը, հանկարծ տեսնում ես, որ հիմքում ընդամենը իրենց անհագ ցանկությունն է` զբաղվել ռուսալեզվությամբ:



ՀՀ նախագահի որոշումը` երկրի ընթացքը շրջել դեպի Մաքսային միություն, շատերը, այդ թվում եւ Ռուսաստանի հետ առանձին հույսեր չկապող գործիչներ, գնահատեցին որպես իրավիճակով պայմանավորված եւ Հայաստանի համար թերեւս միակ հնարավոր լուծում, քայլ, որ մեզ ռեալ շանսեր է ընձեռում պահպանել մեր անկախությունը հարափոփոխ այս տարածաշրջանում: Մի՞թե այսքանից հետո էլ չպետք է հանգստանային հայ ռուսալեզները եւ ՀՀ նախագահի` այո, ռուսական ճնշումների տակ կատարած քայլը որպես անլուրջ բան ներկայացնեին: Ո՞վ է ձեզ ասել, օ՜, վերջացած ռուսալեզներ, որ անկախության այս 22 տարիներին մեր միակ երազանքը եղել է անկասելի ընթացքով դեպի Ռուսաստան գնալը: Ի՞նչն է ձեզ ստիպում Հայաստանի նախագահի նույնիսկ ներքաղաքական հնարավոր քայլերը ներկայացնել ռուսների համար լավ կամ վատ լինելու ասպեկտով:



Դատելով խնդրո առարկա «վերլուծության» տրամաբանությունից` հիմա արդեն կարելի է հստակ ասել, որ Սերժ Սարգսյանն այդ «վերլուծաբանի» շեֆին, որ ՕԵԿ-ից ավելի խայտառակ վիճակում գտնվող մի կուսակցության նախագահ է հորջորջվում, տակավին պահում է ՀՀԿ խմբակցությունում, որովհետեւ մտածում է` տեղն էկած տեղը Պուտինին ցույց տա ու ասի` տես, թե ինչ ռուսալեզ ունեմ, ու ոնց է քեզ լիզում: Պուտինն էլ, երեւի, պիտի հաճույքից ուշաթափվի` դրա ռոժը տեսնելով:



Ես մեռա… Էս ո՞ւր ենք հասել:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ