Լախդար Բրահիմին հանդիպել է Բաշար Ասադի հետ

Լախդար Բրահիմին հանդիպել է Բաշար Ասադի հետ

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, ով միջնորդական առաքելությամբ շրջագայություն էր կատարում մերձավորարևելյան երկրներում, այցելել էր Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Այդ հանդիպումից հետո, Բրահիմին այն տեսակետն է արտահայտել, թե Ասադը կարող է զգալի ներդրում ունենալ նոր Սիրիայի կառուցման գործում:



Ալժիրցի դիվանագետը բացատրել է, թե նկատի ունի «Ասադի դերը հորից ժառանգած ռեժիմից դեպի նոր հանրապետություն անցումային գործընթացում»։



Բրահիմիի խոսքով՝ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունն Ասադին վերածել է գործընկերոջ և ամրապնդել սիրիացի առաջնորդի կողմնակիցների դիրքերը։



«Սակայն պատմությունը մեզ սովորեցրել է, որ նման ճգնաժամերից հետո անցյալին վերադառնալ հնարավոր չէ»,-նշել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Ասադի շրջապատը կողմ է նախագահի պաշտոնում 2014թ. ընտրություններում նրա առաջադրմանը: