Թե ինչպես Տարոնը կբաշխի զուգարանի թղթերը

Թե ինչպես Տարոնը կբաշխի զուգարանի թղթերը

Տարոն Մարգարյանի մտքի ճկունության ու հռետորական ձիրքի մասին ողջ հանրությունը գիտի: Նա ՀՀԿ-ական այն բացառիկ դեմքերից է, որոնք իրենց ունկնդիրներին զվարճացնելու անսպառ պաշար ունեն: Ցավոք, դա հաճախ չի պատահում, բայց երբ պատահում է, ստվերում են մնում նիստերի դահլիճում քննարկվող ամենակարեւոր, ամենախնդրահարույց ու հետաքրքրություն ներկայացնող սոցիալական հարցերը: Երեկ, կարելի է ասել, հենց այդ օրերից մեկն էր, երբ Տարոն Մարգարյանն ինքն իրեն գերազանցեց: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ «Բարեւ, Երեւան» ֆրակցիայի  ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվեց քաղաքապետարանի ոչ հրապարակային գործունեությամբ:



 



Այսինքն, երբ բացահայտվում են ինչ-ինչ խնդիրներ կրթական հաստատություններում, ինչպես թիվ 27 դպրոցի դեպքում եղավ, ինչո՞ւ դրանք հրապարակային չեն պատժում կամ այդ մասին չեն բարձրաձայնում, որպեսզի մյուսների համար դաս լինի ու արդյունք տա: Մինչ Տարոն Մարգարյանը կընկալեր տիկնոջ ասածի բուն իմաստը, Անահիտ Բախշյանը շտապեց այդ գործը հեշտացնել: Ասածը կեսկատակ- կեսլուրջ հասկանալի դարձրեց սեփական օրինակով. «Օրինակ ես, որ ասեցի քաղաքապետարանի զուգարաններում թուղթ չկա, էդ օրվանից հետո թուղթը չի պակասում, տեսնո՞ւմ եք, որ հրապարակային աշխատանքը շատ լավ արդյունք է տալիս»:



 



Բախշյանի այս ցցուն օրինակը Տարոն Մարգարյանն ուղղակի հասկացավ եւ հայտարարեց. «Տիկին Բախշյան, ես մեր պարետին կասեմ կազմակերպի, երբ որ Դուք այցելում եք այնտեղ, այնպես անի, որ պակաս չզգացվի»: Արդարության համար պայքարող տիկինն էլ վրա բերեց. «Ինչի՞ մենակ ես…»: Այնուհետեւ Տարոնի թասիբին կանգնեց իր ենթական, ով ամբիոնի մոտ  հրապարակային գործունեության վերաբերյալ հարցերին էր պատասխանում եւ որոշեց, որ հումորով փայլատակելու առիթ է ընձեռված իրեն. «Տիկին Բախշյան, կարող ա պատահի թուղթը երեք վայրկյան ուշացնեն»: Բարեբախտաբար, թեմայի շուրջ կրքերն այսքանով ավարտվեցին: Բայց հատկապես քաղաքապետը չէր կարողանում հանգստանալ եւ իր «հակառակորդին» լեզվակոխ անելու մոլուցքով էր համակվել: Երբ տիկին Բախշյանը հետաքրքրվեց Ամիրյան փողոցի «Ֆլեշի» Բարսեղի կառուցած շենքի առիթով հարակից շենքերի բնակիչների բողոքի ճակատագրով եւ հընթացս Տարոն Մարգարյանի եւ վարչապետի այնտեղ գտնվելը որակեց «այնտեղ հայտնվել», Տարոնը, պատասխանի շուրջ մտքերը ժողովելու փոխարեն, հակադարձեց տիկնոջը. «Մենք մեր քաղաքում հանգիստ քայլում մենք, Դուք եք հայտնվում ինչ-որ տեղ հանկարծակի»:



 



Այս խոսքերը մի լավ  զվարճացրին լրագրողներին, ովքեր ամեն նիստին փորձում են ճեղքել դեպի Տարոն տանող ճանապարհը հսկող պահակախմբի շարքերը, սակայն դա ոչ մի ձեւով չի հաջողվում: Այսինքն, լրագրողների հետ երես առ երես շփվելու համարձակություն չունեցող քաղաքապետը «Ժառանգության» անդամների հետ երկխոսության մեջ շատ «համարձակ» էր: Երեկ նույնպես դեպի մեր «քաջ» քաղաքապետ տանող ճանապարհը փակել էր նրա լրատվականի պատասխանատու Արթուր Գեւորգյանը, ով այնպիսի դեմքով է այդ առաքելությունն իրականացնում, կարծես մարտական հենակետում լինի: Երեկ մի պահ մեզ հաջողվեց ճեղքել պաշտպանական գիծն ու մոտենալ  Տարոնին, սակայն նույն կամավորը շատ աչալուրջ էր եւ արագ վազեց ու պաշտպանության տակ առավ «թիրախին»:



 



Մյուս կողմից էլ մեր առջեւը կտրեց մի տեխնիկական աշխատակից՝ «չի կարելի» ասելով: Երբ մի քանի մետրից բարձրաձայն հարցրինք, թե ինչ կասի քաղաքապետն այդ պահին շենքի մոտ տեղի ունեցող  ընդդեմ ուղեվարձի թանկացման հասարակական բողոքի մասին, պատրաստվո՞ւմ է հասարակության բողոքը հաշվի առնել վերջնական որոշում կայացնելիս, նա, առանց մոտենալու, Արթուր Գեւորգյանի թիկունքում պատսպարված՝ հորդորեց. «Այդ հարցով դիմեք քաղաքացիներին»:  Նշենք, որ քաղաքացիներն ընդդեմ  ուղեվարձի սակագնի թանկացման  բողոքի ցույց էին անում քաղաքապետարանի մուտքի մոտ, որտեղ հավաքվել էին քանակով նրանց գերազանցող ոստիկաններ ու միմյանց պինդ թեւանցուկ արած՝ հսկում էին քաղաքային իշխանության դուռը: Իսկ այն ակտիվիստներին, ովքեր համարձակվում էին մոտենալ քաղաքապետարանի շենքին, ուղղակի քարշ էին տալիս ու բերման ենթարկում:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]