Վանաձորի պոլիտեխնիկը մինչև վերջ դեմ է լինելու բուհերի միավորմանը

Վանաձորի պոլիտեխնիկը մինչև  վերջ դեմ է լինելու բուհերի միավորմանը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի այցից ու հայտարարությունից հետո շարունակում է աշխատել այնպես, ինչպես նախկինում:



 



Ինստիտուտի առօրյայում ոչինչ չի փոխվել, դասերը շարունակվում են բնականոն կերպով, ուսանողները պարտաճանաչ հաճախում են դասերին, սակայն անհանգստության ալիքը դասախոսական անձնակազմի եւ ուսանողների շրջանում շարունակում է մնալ նույնը:



 



Մեզ հետ զրույցում Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրեն Արմեն Խառատյանը նշեց, որ բուհի առօրյան մնացել է նույնը: «Մենք շարունակում ենք աշխատել, մեր դասերը սովորականի պես են ընթանում, նախարարի այցով ոչ մի բան չի փոխվել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Վանաձոր կատարած այցի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ անկախ այն բանից, որ պոլիտեխնիկական ինստիտուտի ողջ անձնակազմն ու ուսանողները դեմ են բուհերի միացմանն ու իրենց բուհի լուծարմանը, այնուամենայնիվ, այդ միացումը լինելու է պոլիտեխնիկի համաձայնությամբ, թե առանց դրա, ու Վանաձորն անպայման ունենալու է համալսարան՝ նշված ինստիտուտի ու մանկավարժական ինստիտուտի միացմամբ: Մինչդեռ Վանաձորի պոլիտեխնիկի ուսանողները պատրաստ են ամեն րոպե նորից թողնել դասերն ու դուրս գալ ցույցի՝ ի նշան բողոքի, նրանք բոլորն էլ, մեկ մարդու նման, դեմ են Վանաձորում գործող այս 2 բուհերի միացմանն ու միասնական համալսարանի ստեղծմանը: Միավորմանը դեմ են նաեւ պոլիտեխնիկական ինստիտուտը վաղուց ավարտած ուսանողները, ովքեր նախորդ ցույցի ժամանակ միացել էին մասնակիցներին ու այժմ էլ պատրաստ են կրկին ցույց անելու դեպքում նորից միանալ:



Միասնական համալսարան ստեղծելու գաղափարին ոչ կողմ, ոչ դեմ կարծիք արտահայտեց նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ում խոսքերով, Լոռին, լինելով արդյունաբերական մարզ, ունի ինժեներական մասնագիտությունների կարիքը, սակայն, ըստ նրա, համալսարան Վանաձորին, այդուհանդերձ, պետք է:



Վանաձորի ճարտարագիտական ինստիտուտի տնօրենից նաեւ հետաքրքրվեցինք, թե համապատասխանո՞ւմ է, արդյոք, իրականությանն այն կարծիքը, թե Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի լռությունը կապված է այն փաստի հետ, որ միասնական համալսարանի ռեկտոր է նշանակվելու հենց ինքը, Արմեն Խառատյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, գուցեեւ համապատասխանում է, բայց, իմ իմանալով, ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից, մնացածը չգիտեմ»:



Նշենք, որ մանկավարժական ինստիտուտի ռեկտորը խուսափում է լրատվամիջոցներին այս ամենի հետ կապված մեկնաբանություններ տալուց, մեզ հետ նախնական հեռախոսազրույցում, երբ նախորդ անգամ ցանկացանք պայմանավորվածություն ձեռք բերել վերջինիս հետ, Գուրգեն Խաչատրյանը պատասխանեց, որ իրեն հայտնի է այն, ինչ մեզ, հետեւաբար մեզ ասելու ոչինչ չունի:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



 Լոռու մարզ