Երիտասարդ կինը դիմելու է ինքնավնասման

Երիտասարդ կինը դիմելու է ինքնավնասման

 Ֆլորա Չափարյանը երիտասարդ կին է եւ չէր կարծում, թե երբեւէ կառնչվի դատական համակարգի հետ:



 



Բայց ստիպված եղավ, երբ նրա ամուսինը՝ անհաջողակ բիզնեսմեն Արամ Միլիտոնյանը, փորձեց զբաղվել մեքենաների վաճառքով, «տակ տվեց», պարտքեր հավաքեց եւ, չկարողանալով դրանք վերադարձնել, դատվեց խոշոր չափերի խարդախության համար: Նա արդեն երկուսուկես տարի է, ինչ «Նուբարաշենի» բերդում է, իսկ Ֆլորա Չափարյանը վազվզում է դատարաններով, որոնցից ամենամռայլ տպավորություններն է ստացել:



 



Նախ, զարմացած էր հանրային պաշտպան Ցոլակ Մարգարյանի գործողություններից, որը «նրանց մարդն էր», երկու անգամ չէր եկել նիստի, նույնիսկ դատավճռի հրապարակմանը ներկա չէր եղել: Երկրորդ շոկն Արմավիր քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ադամյանի դաժան վերաբերմունքն էր: Դատավորը 8 տարվա ազատազրկման է դատապարտել ամուսնուն՝ առանց մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելու: «Նախ, սա Արամի առաջին դատվածությունն էր, երկրորդը՝ անչափահաս երեք երեխաներ ունի, երկուսն իմն են, մեկն էլ՝ առաջին ամուսնությունից:



 



Ամուսինս ընդունել էր իր մեղքը, նույնիսկ օգնել էր գտնել տուժողներին, բերդում երկուսուկես տարի կալանավորված էր, ոչ մի խախտում չէր արել, տուժողներն էլ չէին բողոքում, թողել էին դատարանի հայեցողությանը»,- գանգատվում է երիտասարդ կինը:



 



Դատարանում նրա մայրն առաջարկել է բաց թողնել Արամին, որ նա աշխատի, 7 մլն դրամը կամաց-կամաց փակի: Բողոքողները չեն առարկել՝ թողնելով դատավորի հայեցողությանը, բայց նա չի ընկրկել: Մարտ ամսին Ֆլորան վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները եւ թեթեւացնել ամուսնու պատիժը: Վերաքննիչն էլ բեկանել է առաջին ատյանի դատավճիռը, գործն ուղարկելով նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:



 



Եվս 7 ամիս Արամի գործը քննվել է Էջմիածնում: Տիկինը վրդովված էր, որ դատավոր Խալաթյանը ոչ մի տարով «չթափեց» Արամի ժամկետը:



 



«Դատավորը, դատախազն ու պաշտպանն իրար ինչ-որ թղթեր էին ուղարկում, իսկ երբ դատավորն «ութ տարին» կարդաց, քմծիծաղով ինձ էր նայում»,- պատմում է Ֆլորա Չափարյանը: Նոր դատավճիռը կայացվել է նոյեմբերի 14-ին, սակայն մինչ օրս ամբաստանյալի ընտանիքն այն չի ստացել:



 



«Երեւի այդպես են անում, որ ես ժամկետները բաց թողնեմ, էլ չկարողանամ դիմել վճռաբեկ, երեւի փող են ուզում, բայց ես նպաստի վրա եմ նստած»,- Ֆլորան չգիտի, թե էլ ինչ մտածի: ՀՀ արդարադատության առաջ նա իրեն մեն մենակ է զգում: Ասում է՝ եթե արդյունքի չհասնեմ, ինձ վնասելու եմ: 



 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ