Տարոնին մի գիշերը քիչ է, ինը ամիս է հարկավոր

Տարոնին մի գիշերը քիչ է, ինը ամիս է հարկավոր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստացած քվեները  Սերժ Սարգսյանը  վերջինիս երդմնակալության արարողության ժամանակ վերագրեց Տարոնի մարդկային որակներին:



 



«Վստահությունը գալիս է նրանից, որովհետեւ նախորդ տարիների ընթացքում համեստ, ազնիվ, մարդամոտ եւ Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ եղավ»,- ասել էր նա:  Սակայն Տարոն  Մարգարյանին բնութագրելու համար բավական  է  մեկ անգամ մասնակցել Երեւանի ավագանու նիստերին եւ տեսնել, թե քաղաքապետի համեստությունից ինչպես հետք չի մնում, երբ սկսում են քննադատել նրա գործունեությունը:



Երեկ, Երեւանի զարգացման քառամյա ծրագրի քննարկման ժամանակ, «Բարեւ, Երեւան» ֆրակցիայի անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց ծրագրի թերությունները, ասելով, որ, օրինակ, տրանսպորտի բարելավման խնդրին մի գիշերում կարելի էր լուծում տալ, ոչ թե առաջիկա 4 տարվա կտրվածքով լուծման մեխանիզմներ փնտրել: «Գիշեր» բառը  վրդովվեցրեց  երիտասարդ քաղաքապետին՝  շեղելով  նրան բուն թեմայից: «Մենք մի գիշերում նման որոշումներ չենք կայացնում, երբ որ  կանցնի… մի գիշերից հետո 9 ամիս  ժամանակ ա անհրաժեշտ»,- արտաբերեց Մարգարյանը:



 



Ներկաներն իրենց  լսածին չէին հավատում եւ փորձում էին  հասկանալ, թե ինչ նկատի ուներ Տարոնը՝ ավագանու որոշումները համեմատելով մի գիշերվա եւ հղիության 9 ամսվա հետ: Սակայն ընդդիմադիր ֆրակցիայի գոյության հետ անհաշտ են ինչպես քաղաքապետը, այնպես էլ իր բոլոր ենթակաները: Նրանց ելույթներին ու ներկայությանն արձագանքում են, որպես կանոն, հեգնախառն ռեպլիկներով, դեմքները ծամածռելով: Ընդդիմության ռմբահարումների տակ չմնալու համար նրանց հրահանգված է աշխատել, ուշի ուշով ընթերցել փաստաթղթերը, հիմնավորել իրենց որոշումներն ու ծրագրերը, կարճ ասած, գլխառադ անելու փոխարեն աշխատել: Երեկվա նիստի օրակարգը հագեցած էր: Գլխավոր հարցը Երեւանի 2014-2017 թթ. զարգացման  քառամյա ծրագիրն էր, որին միայն «Բարեւ, Երեւանը» դեմ քվեարկեց: Պատճառը հիմնավորեց՝ նշելով, որ ծրագրում չկան հստակ ամրագրված լուծումներ նույնիսկ Երեւանի ամենախոցելի հարցերի վերաբերյալ՝ աղբահանության, տրանսպորտի, մետրոպոլիտենի կայարանների  կառուցման,  կանաչապատման մասով: Ֆինանսական աղբյուրները եւս մատնանշված չէին, ինչի պատճառով այն նման էր Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումներին: «Մետրոպոլիտենի կառուցելու մասին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ էր թմբկահարվում, ընդդիմությունը մի քանի կանգառ ավելին էր խոստանում, իսկ ՀՀԿ-ն հակադարձում էր, թե այդքան մետրոպոլիտենի կայան հնարավոր չի, եւ առնվազն կիսակառույցները պիտի շահագործման հանձնվեն, բայց պարզվում է, առաջիկա 4 տարվա ընթացքում ուսումնասիրվելու է այդ հարցը, թե Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի միջոցներով պատրա՞ստ են իրագործել ծրագրի 3-րդ փուլը՝ դեպի Աջափնյակ երկու նոր կայանատեղիները կառուցել»,-փաստարկեց Ստեփան Սաֆարյանը: Բախշյանն էլ թվարկեց կրթական ոլորտին վերաբերող իր առաջարկները, որոնք չեն ընդունվել, եւ դա հիմք է հանդիսացել, որ դեմ քվեարկի ծրագրին: «Օրինակ, առաջարկներից մեկն էլ այն էր, որ ՀՀ դպրոցների տնօրեններին արգելել փակցնել կուսակցական կրծքանշանները, որը քարոզչություն է, իսկ քարոզչությունը կրթական հաստատություններում օրենքով արգելվում է»,-ասաց տիկին Բախշյանը: Նաեւ նշվեց, որ Երեւանի զարգացման ծրագրի շուրջ պատշաճ քննարկում չի  ծավալվել, ու այն արտահայտում է միայն  քաղաքապետարանի մոտեցումները:  Ընդդիմությանը կենտրոնամետ ճամբարից՝ ԲՀԿ-ից,  ոչ մեկը չմիացավ, նրանք տարոնականների հետ դակեցին իշխանության ծրագիրը եւ, ընդհանրապես, վերջին շրջանում ՀՀԿ-ի հետ  դե ֆակտո կոալիցիա են կազմել:



 



Երեւանի ծրագրին ուղղված քննադատությունների հակահարվածն իր ուսերին վերցրեց անհիշելի ժամանակներից  փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ քաղաքապետարանի Գալուստ Սահակյանը: Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի կառուցման իրենց նախընտրական խոստումների հիշեցումներին ի պատասխան, նա խոստովանեց. «Մեր կուսակցության խմբակցությունում եւ քաղաքապետարանում չեք գտնի այդպիսի նայիվ մարդ, որ ասի՝ մեկ ամսում, մեկ տարում մետրոյի կայարան կսարքենք, չկա այդպիսի նայիվ մարդ այս շենքում»: Ապա ընդդիմադիրներին հորդորեց զերծ մնալ վտանգավոր գործիքներից.  «Ինձ համար, արդեն որպես ավագանու անդամ եւ որպես քաղաքապետարանի պատասխանատու, երկու գործիք կա, որ մարդուն շատ կարող է մոլորեցնել, բայց ոչ այս աստիճան՝  երեւակայությունը, միկրոֆոնը եւ լրագրողի տեսախցիկը:



 



Կխնդրեի այս երկու գործիքից շատ չոգեւորվել, հարգելի գործընկերներ, լինենք իրատես, այս փաստաթղթին այլ անուն չտանք, սա մայրաքաղաքի քառամյա զարգացման ծրագիրն է»: Բարեբախտաբար, նրա հորդորը կիսատ մնաց, եւ չթվարկեց այն գործիքները, որոնք իր եւ իր կուսակիցների համար ոգեշնչման աղբյուր են, իսկ  քաղաքացիների գլխին՝ պատուհաս: 



 






Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]