ՀՀԿ-ն ընդդեմ սահմանադրությա՞ն

ՀՀԿ-ն ընդդեմ սահմանադրությա՞ն

Երեկ կայացել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում է ընդունվել 2013թ. դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նիստում կայացած բաց քվեարկության մասին («Գազպրոմին» առնչվող պայմանագրի վավերացման հարցով):Որոշմամբ ամրագրվել է, որ ոչ էլեկտրոնային եղանակով կայացած քվեարկության ժամանակ ձայների հաշվարկ տեղի չի ունեցել, հետեւաբար, քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի կողմից ԱԺ նախագահին ներկայացված քվեարկության արդյունքը վավեր չէ: Նաեւ հաշվիչ հանձնաժողովի նախագահն է փոխվել, եւ որոշվել է անվավեր քվեարկության հարցով դիմել Սահմանադրական դատարան:



 



Դատելով այն բանից, որ ՀՀԿ խոսափողներ Գալուստ Սահակյանն էլ, Շարմազանովն էլ թե երեկ, թե նախորդ օրը քամի էին արել, իբր «Գազպրոմի» հետ պայմանագրի քվեարկությանն ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել, որովհետեւ Ռուսաստանից են վախեցել, կամ էլ պայմանագրի դեմ պատգամավորներն են խոսել, կուսակցությունների ղեկավարները լռել են, երեւում է՝ ՀՀԿ-ում ինչ-որ մեկը ՀՀ սահմանադրությունը կարդացել է, նաեւ նույնիսկ՝ հասկացել: Դրանից էլ խուճապի մեջ են եւ մտքին եկածը փչում են ու ստում: 



 



Ի՞նչ է հասկանալի Սահմանադրությունից: Սահմանադրությունը ունի 73-րդ հոդված, որի երրորդ մասը սահմանում է. «Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար»։



 



Կարծեմ՝ յուրաքանչյուրն է հասկանում, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ժամանակավոր հանձնաժողով է, հետեւաբար, դրա որեւէ գործունեության արդյունքը պետք է լինի ԱԺ-ին ներկայացվող եզրակացությունը կամ տեղեկանքը: Անկախ այն բանից, թե ԱԺ կանոնակարգում «հաշվել» բառից հետո ինչ է գրված կամ չի գրված, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը պետք է համապատասխանի նախ Սահմանադրության պահանջին, որն անմիջականորեն գործող նորմ է: ԱԺ հաշվիչ հանձնաժողովը Սահմանադրության ուժով չի կարող քվեարկության ձայներ հաշվել եւ արդյունքը տեղեկանքում չամփոփել:



 



Սահմանադրության 5-րդ հոդվածն էլ հատուկ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախկին նախագահ Սուքիաս Ավետիսյանի համար է, որպեսզի սեփական անձը տարբերի ԱԺ հանձնաժողովից. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։



Ինչեւէ, ՀՀԿ-ում իներցիոն դատարկախոսությունից ու մտավոր մանիպուլյացիաներից հետո, երեւում է՝ հասկացել են, որ խնդիրն առանց մի բարդության կարող է տեղափոխվել Սահմանադրական դատարան: Իսկ դատելով այն բանից, թե ՍԴ-ն երբ նշանակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության հարցով ԱԺ պատգամավորների դիմումի քննությունը,  դժվար չէ կռահել, որ «Գազպրոմի» պայմանագրի քննության համար էլ շաբաթներ կպահանջվեն, եթե ոչ մեկ կամ երկու ամիս:



 



Թե այդ դեպքում ինչ կկատարվի էներգետիկայի նախարարությունում, եւ դա ինչպես կանդրադառնա ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ու դրա ոչ միայն «խելքի կարիք չունեցող», այլեւ կարծես խելք էլ չունեցող ղեկավարների վրա, ՀՀԿ-ում ամենից լավ կիմանան: Դրա համար էլ Ռուսաստանի առջեւ վախից այնպես են իրար խառնվել, որ արդեն սեփական ֆոբիաներն այլոց են վերագրում: Մինչդեռ հենց միայն «Ժառանգություն» վարչության դեկտեմբերի 9-ի հայտարարությունը՝ «Վիլնյուսյան գագաթնաժողովի եւ հետագա զարգացումների առնչությամբ», բավական է ցույց տալու համար, որ ընդդիմությունում ոչ Ռուսաստանից են վախենում, ոչ էլ ամենաբարձր մակարդակով դիրքորոշում արձանագրելուց: Հնարավոր է, որ ՀՀԿ-ականները Ռուսաստանի հանդեպ սարսափից այդ հայտարարությունը չեն կարողանում կարդալ, բայց այն իրողություն է, տարածված է եւ թե Գալուստ Սահակյանի, թե Շարմազանովի ստախոսություններին սպառիչ պատասխան է: 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]