Ազատության աղբյուրի ջուրը

Ազատության աղբյուրի ջուրը

Ազատության հրապարակում երեկ հավաքվել էին առավել ծարավները, նրանք, որոնց շուրթերը չորացել էին ջրի պակասից ու էլ չէին դիմանում: Չէին դիմանում ու շտապում էին, որովհետև կրկին հորդում էր Ազատության աղբյուրի ջուրը: Այնտեղ շտապող մարդկանց ոչ թե ասեղներով, նույնիսկ կրակի մեջ մտցրած շամփուրներով հնարավոր չէր ետ պահել՝ ծարավ մարդուն ի՞նչը կարող է ետ պահել, եթե աղբյուր է երևում ու ջուրը քչքչալով հոսում է: Եվ մինչ համապատասխան մարմինները տարբեր աղբյուրների հաղորդում էին մասնակիցների թվի մասին, մտորում էի՝ իսկ ո՞վ չի Հայաստանում կարոտել Ազատության աղբյուրի ջուրը, ո՞վ չի ուզում խմել այդ ջրից: Ու միայն սատանան կարող է նման պահին ասել՝ ջուրը մաքուր չի, ջուրը պղտոր է, ծորակը Քոչարյանինն է ու փորձել ետ պահել ծարավ ու ջուր տենչացող մարդկանց: Խելքի եկեք: Մի ողջ ժողովրդի հնարավոր չէ պահել քաղցած ու ծարավ,  ցուրտ ձմեռներն էլ սառած: Եվ եթե այսօր ինչ որ հարցի շուրջ համախմվել են քաղաքական չորս ուժերը՝ երիցս փառք ՀՀ մտահոգ քաղաքացիներին, որ ուժ ու ավյուն են տվել նրանց  ու հանել Պայքարի փողոց: Հեշտ չէր նրանց համատել հանել պայքարի, ասել ու նորից եմ կրկնում, ես կհավատամ այդ ուժերի անկեղծությանը, եթե միավորեն իրենց ջանքերը՝ ՀՀ քաղաքացու հետ: Այդ միավորումը տեղի է ունեցել ու փորձենք յուրաքանչյուրս մեր ջերմությամբ ամրապնդել կրակը,  քամին չի հանդարտվում: Յուրաքանչյուրս  լուցկու մի հատիկ ավելացնենք, եթե բռնկվեց, քամի՜ն կտարածի… ու մեր օգնականը կդառնա:  Ես երեկվա հավաքից մի փոքրիկ դրվագ կներկայացնեմ, որը կարծում եմ, կամբողջացնի մարդկանց ընդհանրական մտորումները: Երիտասարդներից մեկն արտահայտվում է՝. «Նե՜նց է մարմինս փշաքաղվում, որ բոլորով միացել են, հասկացել են, որ ուրիշ ճար չկա: Ժողովուրդն աչքների առաջ սաղ-սաղ փրթվում է»:



Այս համախմբումը կրկին հույս, հավատ է ներշնչել ու ժողովուրդը կարթնանա: Շատ կարևոր է, որ այստեղ ոչ մի քաղաքական ուժ լիդեր չէ, բոլորը մտահոգ ՀՀ քաղաքացիներ են ու մտահոգված են կործանվող նավի փրկությամբ: Քաղաքացիական հանրությունն այս պարագայում  պետք է կարողանա օգտագործել քաղաքական ուժերի ռեսուրսը ու մնա առաջնորդող: Համախմբված չորս ուժերը մեծ պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին՝ վեր կանգնելով կուսակցական շահերից,  կանգնել ժողովրդի կողքին:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ