Մենք որոնման մեջ ենք

Մենք որոնման մեջ ենք

Երեկ Նախախորհրդարանի հրավիրած նիստում «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի իրավական եւ դատաիրավապահ ոլորտը» զեկուցումով հանդես եկավ Նախախորհրդարանի անդամ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը. «Մենք պետք է հասկանանք, որ նոր տուն կառուցելու ժամանակն է, ինչ կարողացել են անել՝ շնորհակալություն մեր նախնիներին, բայց պետք է առաջ գնալ, չի կարելի կառչել հնից»։



Նախախորհրդարանը ձեւավորվեց նախագահական ընտրություններից հետո, քաղաքական ճգնաժամի պայմաններում՝ ապաքաղաքական ուժերի միավորմամբ քաղաքացիական պայքար ծավալելու հեռանկարով։ Սակայն վերջին ամիսներին պասիվ էր Նախախորհրդարանի գործունեությունը՝ այս ուժը բացակայում էր հարթակից։ Երեկվա քննարկումը, հավանաբար, կրկին ակտիվանալու միտում է ենթադրում, հատկապես, որ մոտենում է փետրվարը՝ հայերիս զարթոնքի ամիսը։ «Նախախորհրդարանը հուլիսի 12-ին վերջին հանրահավաքն է անցկացրել, այնուհետեւ մենք որոշ ժամանակ տրամադրել ենք ռազմավարական հայեցակարգի նախագծի լրամշակմանը եւ անցել հայեցակարգի առանձին ոլորտների հանրային քննարկմանը։ Հիմնական մասով Նախախորհրդարանի գործունեությունը որոշակի տեսական-մասնագիտական է եղել, քանի որ ապագա պետության ծրագիրը մենք պետք է կարողանանք հասցնել պատրաստել։ Բայց արդեն 2 ամիս է՝ մենք ամենշաբաթյա իրազեկման երթեր ենք անցկացնում՝ հիմնադիր խորհրդարան ձեւավորելու եւ դրա առանցքի շուրջ ժողովրդին ցանցային համակարգի մեջ համախմբելու, հանցավոր վարչախմբին հեռացնելու եւ նոր որակի հայկական պետություն կառուցելու նպատակով»,- պարզաբանում է Ավետիսյանը։



Ի սկզբանե Նախախորհրդարանը խնդիր ուներ համախմբելու ապաքաղաքական ու ոչ իշխանական առողջ ուժերին՝ ստեղծելով քաղաքացիական պայքարող կառույց, սակայն կարծես չհաջողվեց, չկայացավ այդ համախմբումը։ «Մենք ձեւավորում ենք հարթակ, որտեղ բոլոր առողջ ուժերը կարող են հավաքվել, եւ միասին քննարկենք ելքը, լուծումն այս գահավեժ պետականակործան վիճակի։ Մենք ունեցել եւ ունենալու ենք համապատասխան քննարկումներ, անշուշտ՝ տեմպերը, ծավալները գոհացուցիչ չեն, բայց մենք կարծում ենք, որ վիճակի վատթարացման եւ միանգամայն նոր բան անելու տրամաբանության գերակշռման այս միտումը, որը հենց հիմա երեւում է, նաեւ ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա է երեւում, այս ընկալումները շուտով սկսելու են գերիշխել ժողովրդի մեջ, եւ ակտիվ մասը պետք է որոշակի հարթակի վրա եւ որեւէ առանցքի շուրջ սկսի համախմբվել ու գեներացնել այդ ուժը, որը կկարողանա փոփոխություն իրականացնել»,- շարունակում է Ավետիսյանը, եւ այն հարցին, թե արդյո՞ք կրկին փորձելու են համախմբել ուժերին, հատկապես ո՞ր ուժերի հետ են նախատեսում համագործակցել, պատասխանեց. «Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս սենյակում, որտեղ մեր նիստն է կայանում, գրեթե երկու օրը մեկ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ հավաքվում են, քննարկում, մենք էլ մեր հնարավորությունների չափով եւ մասնակցում ենք, եւ օգնում։ Առհասարակ, Նախախորհրդարանի գրեթե բոլոր անդամները մեկից ավելի նախաձեռնությունների ակտիվ անդամ են, եւ նկատի ունենանք, որ որպես կանոն, եկել են հենց նախաձեռնություններից»։ «Կարծես թե համագործակցությունն այդպես էլ չստացվեց այլ ուժերի հետ» կարծիքին չհամաձայնեց Ավետիսյանը. «Եթե մենք համարում ենք, որ ամեն ինչ ավարտված է, մեր ժողովուրդը ջախջախիչ պարտություն է կրել, եւ Հայաստանը ոչնչացված է, ապա Ձեր պնդումը տեղին է։ Բայց այդպիսի բան տեղի չի ունեցել, եւ մենք նոր ենք մտնում գիտակցված պայքարի փուլ։ Քանի որ ծրագիր չկար, բնականաբար, ժողովուրդը փլուզվեց, ընկավ հուսահատության գիրկը, եւ հիմա մենք խնդիր ունենք այդ փշուրներից նորից տուն կառուցել»։ Ավետիսյանը նաեւ նշեց, որ, բնականաբար, Նախախորհրդարանի ակտիվությունը պետք է մեծանա. «Որեւէ բանի գերի չլինենք, որովհետեւ նոր բան ենք ստեղծում, մենք որոնման մեջ ենք»։ 



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ