Արցախյան պատերազմի ժամանակ մեր ֆեսբուքը ռադիոն էր

Արցախյան պատերազմի ժամանակ մեր ֆեսբուքը ռադիոն էր

Արցախյան պատերազմի ժամանակ, եթե սոցիալական ցանցերի այդպիսի ընդլայնված տարածք լիներ, հակամարտող կողմերին «լեզու պետք չէր լինի », ցանկացած ռազմական տեղեկատվություն կարելի էր որսալ ցանցերի միջոցով: Մի ռադիո ունեինք, մեր ֆեսբուքը ռադիոն էր: Պատերազմի սկզբում կարևորություն չէինք տալիս դրան, չէինք հասկանում, որ այն մեզ համար կարևոր զենք է: Թուրքը նստած էր Լաչինում ու հարակից տարածքներում և քիթ-քթի կռվում էինք: Գաղտնիք չէ, որ պատերազմի ժամանակ ամենամեծ զենքը տեղեկատվությունն է՝ թշնամու ուժերի, տեղաշարժի  վերաբերյալ: Ռադիոյով փոխադարձ լսում էինք միմյանց: Ու միշտ զգոն էինք՝ թշնամու կողմից սահմանային տարածքների  գնդակոծությունից հետո ռազմական հաղորդագրությունների մեջ խուճապային տրամադրություն չզգացվի: Անընդհատ շեշտում էինք՝ սահմանամերձ տարածքները մարտական են տրամադրված՝ թշնամուն հակահարված տալու համար: Մի մարդ անգամ չի պատրաստվում լքել իր տարածքը, հողը՝ սա էր մեխը: Հետագայում Վազգեն Սարգսյանի ցուցումով Սյունիքի ռադիոն կեղծ տեղեկատվություն էր տրամադրում թուրքին ու ապակողմնորոշում նրան: Ռադիո՝ թուրքի համար: Չեմ մանրացնում, մենք վայելեցինք դրա բերկրանքն ու հաղթանակ հաղթանակի ետևից էինք գրանցում:



Այսօր վիճակը լրիվ այլ է: Սոցիալական ցանցերը հակամարտող կողմերի համար բավականին հարուստ ավար են: Լրատվական կայքերը, օգտատերերի թիվն անգամ սարսափեցնող է: Ռազմական հաղորդագրության անվերահսկելիության դեպքում  կարող են բավականին արժեքավոր տեղեկություններ տրամադրվել թշնամուն: Դիրքում կանգնած զինվորի հետ հեռախոսազրույց վարել ու այն առանց երկար-բարակ մտածելու գցել յութուբ, ֆեսբուք կամ այլուր, ահավոր է: Իրավունք եմ վերապահում այսքանն ասելու, որովհետև այդ ճանապարհն անցել ենք ու գիտենք ողջ վտանգը: Անգամ սովորական, անվնաս թվացող հաղորդման մեջ կարող է լինել թշնամուն համար արժեքավոր տեղեկատվություն: Ինչքան հասկանում եմ, թշնամու վերջին քայլերը հետախուզական նպատակ են հետապնդում ու արձագանքները կարող են նրան բավականին հարուստ ավար տալ: Այնպես անենք, որ այն լինի մեր զինվորի, բանակի օգտին, թշնամուն սնելու փոխարեն, անջատենք կաթիլայինը:



 



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ