Ֆարմանյանն ընդդեմ Ասոցացման համաձայնագիր Lights-ի

Ֆարմանյանն ընդդեմ Ասոցացման համաձայնագիր Lights-ի

Ինչպես գրել էինք «Հրապարակի» երեկվա համարում, ԵՄ-ՀՀ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (այսուհետ` PCC) Ստրասբուրգում կայացած 14-րդ նիստից առաջ Բրյուսելից Երեւան է ուղարկվել «Եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների» նախագիծ: PCC-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն առաջարկությունների անվան տակ կատարելապես աղճատել է նախագծի հիմնական` «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» գլխի բովանդակությունը եւ 02.02.2014-ին վերադարձրել Բրյուսել:



 



Երեկ գրեցինք Եզրափակիչ հայտարարության 4-րդ կետի մասին, որը  Բրյուսելից ուղարկվել էր. «Հանձնաժողովը… 4. հիշեցնում է, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը պաշտոնապես ճանաչվել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Նամակների փոխանակության  միջոցով, եւ, հետեւաբար, սա վավերական տեքստ է, որը կարող է գործադրվել ապագայում, եթե  քաղաքական զարգացումները թույլ տան»: Ֆարմանյանի միջամտությունից հետո այն դարձել էր.  «Հիշեցնում է, որ այդ բանակցությունների վերջնական արդյունքը պաշտոնապես ճանաչվել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Նամակների փոխանակության  միջոցով, եւ, հետեւաբար, այս տեքստը կարող է օգտագործվել ապագայում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր պայմանագրային հենքի ստեղծման համար»: Աղավաղումը յուրաքանչյուրն է տեսնում:



 



ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին է վերաբերել նաեւ Եզրափակիչ հայտարարության 7-րդ կետը: Բրյուսելն ուղարկել է. «PCC… 7.believes however that the 1999 Partnership and Cooperation Agreement (PCA) between Armenia and the EU is an outdated instrument and that this issue needs to be addressed, given the current impossibility of entering into an ambitious AA/DCFTA.»: Թարգմանաբար. «Հանձնաժողովն… 7. այնուամենայնիվ կարծում է, որ 1999-ի Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը (PCA) Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ այլեւս հնացած է, եւ այս խնդիրն ունի կարգավորման անհրաժեշտություն, հաշվի առնելով  ներկա պահին Ասոցացման եւ ԽՀԱԱԳ հավակնոտ համաձայնագրերի մեկնարկման անհնարինությունը»: 



 



Ֆարմանյանի չարաբաստիկ խմբագրումից հետո առաջարկված ձեւակերպումից ջնջվում է «given the current impossibility of entering into an ambitious AA/DCFTA» հատվածը: Տեքստը դառնում է. «Հանձնաժողովն… 7. այնուամենայնիվ կարծում է, որ 1999-ի Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը (PCA) Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ այլեւս հնացած է, եւ այս խնդիրն ունի կարգավորման անհրաժեշտություն»:



 



Կարծում ենք՝ յուրաքանչյուր ընթերցող է նկատում կարմիր թելի նման անցնող միտումը` Ֆարմանյանը ֆանատիկորեն բրյուսելյան նախագծից հանում է բոլոր արտահայտությունները, որոնք ակնարկում են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի առկախված լինելու եւ ապագա գործադրման հնարավորության մասին: Եթե այդպես վարվեր Հայաստան-Մոնղոլիա, Հայաստան-Թաթարստան կամ Հայաստան-Ռուսաստան հանձնախմբի մի պատվիրակ, Մաքսայինի լեզվով ասած` это было  бы  в порядке вещей: Բայց, գրողը տանի, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցությունն արձանագրող փաստաթղթից ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագրի կենսունակությանը վերաբերող բոլոր ձեւակերպումները հանի հայաստանյան պատվիրակության ղեկավա՞րը: Այս անձը ցնորվա՞ծ է, Ռուսաստանի հավատարմատա՞ր է, թե՞ վերջինիս ահից գիտակցությունը խամրած մեկը:



 



Եզրափակիչ հայտարարության 8-րդ կետը: Բրյուսելից առաջարկվել է. «PCC... 8. encourages, therefore, the acknowledged priority to focus on the future by revisiting the contractual basis of the EU/Armenia relation, building on the existing basis, be it in form of an «Association agreement –light” or «PCA plus»: Թարգմանաբար. «Հանձնաժողովը... 8. հետեւաբար, քաջալերում է կենտրոնանալ ապագայի վրա՝ վերանայելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների պայմանագրային հիմքը, վերակառուցել առկա հիմքը` լինի դա Ասոցացման համաձայնագիր light-ի (թեթեւ), թե Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր պլյուսի ձեւով»:



 



Սամվել Ֆարմանյանը Բրյուսել է ուղարկում առաջարկ, որտեղից ջնջված են նոր համաձայնագրի տարբերակները եւ անվանումները: Ուղղակի «վերակառուցել առկա հիմքը» բառերից հետո մնացյալ հատվածը հանվում է, փոխարենն ինչ-որ ճամարտակություն է ավելացվում  Հայաստան-ԵՄ գործողության պլանի, ընդհանուր արժեքների, չգիտես էլ ինչի մասին:    



 



Ֆարմանյանը պատեպատ է զարնվում, միայն թե դիվանագիտական շրջանակներից դուրս չգա, Հայաստանի հանրությունը հանկարծ չտեղեկանա, որ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիր է նախատեսված, որն Ասոցացման համաձայնագրի թեթեւ տարբերակն է:



 



Շարունակելի



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]