Սպանությունը «կոտրում» են գործարարի վրա

Սպանությունը «կոտրում» են գործարարի վրա

Վերջերս Երեւան քաղաքի քննչական բաժինը դարակներից հանեց 2002 թվականի սպանության մի գործ, որը ժամանակին չէր բացահայտվել: «Սիգարոն» գործարանի տարածքում սպանվել էին երկու հոգի՝ Պապին Վարդանյանը եւ Արտավազդ Խանդանյանը, ով Կենտրոնի դատավոր Գագիկ Խանդանյանի հորեղբորորդին էր:



Նրա մասին պատմում են, որ բավականին ապահովված անձնավորություն է եղել, հայտնի օլիգարխների հետ համատեղ ունեցվածք է ունեցել, նաեւ շատերը նրան գումար են պարտք եղել: Այն ժամանակ հանցագործությունը չբացահայտվեց: Եվ ահա, 12 տարի անց՝ 2013 թվականի դեկտեմբերին Երեւանի քննչականը կրկին անդրադարձավ դրան, նույնիսկ մարդ կալանավորեց  Էջմիածնի բնակիչ գործարար` Վաչե Ղարիբյանին, նրան մեղադրելով սպանությանն օժանդակելու մեջ:



 



2002-ին նա այս նույն գործով վկա է եղել: Բանն այն է, որ Վաչե Ղարիբյանը սպանությունից մի 15 օր առաջ իր ծանոթի  «ԳԱԶ-3110»-ով շրջվել էր Երեւան-Արմավիր ճանապարհին, ապա նորոգել ավտոմեքենան: Հենց այս «Վոլգա»-ին շատ նման ավտոմեքենա էր տեսել դեպքի վայրում «Սիգարոնի» պահակը: Քննիչին նա նաեւ հայտնել էր, որ այդ մեքենայից ինքնաձիգով կրակել են, սակայն որեւէ ապացույց, որ սա հենց Վաչե Ղարիբյանի ընկերոջ մեքենան է եղել, չկա: Համարները պահակը հստակ չէր հիշել: Թվերը մոտավոր էր նմանեցրել Ղարիբյանի ծանոթի մեքենայի համարանիշին, այնքան մոտավոր, որ այս նմանությունը քննիչները բավարար չէին համարել 2002 թվականին Վաչեին մեղադրանք առաջադրելու համար: Նրան ընդամենը երկու անգամ հարցաքննել են: Մինչև 2005 թվականը նա գտնվել է Հայաստանում, հետախուզման մեջ չի եղել: 2005 թվականին նա մեկնել է արտերկիր: Եվ ահա, 12 տարի անց, երբ դեպքի վայրում ոչ մի հետք չկա, երբ փորձանմուշներ վերցնել հնարավոր չէ, եւ ոչ մի նոր վկայություն չկա, Վաչե Ղարիբյանին կալանավորում են, երկու ամսից էլ երկարացնում կալանքի ժամկետը:



Նրան մեղսագրվում է այն, որ «քննությամբ չպարզված անձանց» օժանդակելով՝ նա իր ծանոթից ավտոմեքենա է վերցրել, որով 2002 թվականի մայիսի 31-ին, ժամը 01:00-ի սահմաններում «քննությամբ չպարզված անձանց հետ» հետապնդել են «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկող Արտավազդ Խանդանյանին եւ Պապին Վարդանյանին, որոնք «սպանվել» են 01:20-ի սահմաններում՝ հրազենային կրակոցներով: Նրան ձերբակալել էին անսպասելի: Վաչե Ղարիբյանը եկել էր Հայաստան՝ որդու նշանդրեքին մասնակցելու: Օդանավակայանի անձնագրային կետում նրան ասել են, թե իբր անձնագրի կնիքի հետ խնդիր կա:



 



Մյուս օրը կնիքի հարցով կանչել են քաղաքի քննչական բաժին, հաջորդ օրն էլ՝ ձերբակալել: «12 տարի հետո մարդուն մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության մեջ եւ չունեն որեւէ ապացույց,- ասում է Ղարիբյանի շահերի պաշտպան Ամալյա Ավագյանը:



- Փորձաքննություն է նշանակվել, որ պարզվի, թե արդյոք Վաչիկ Ղարիբյանի անձնագրի կնիքներն օրինակա՞ն են, թե՞ կեղծված, ինչը կապ չունի սպանության հետ: Չեն արել որեւէ առերեսում, չկա նրա դեմ որեւէ ցուցմունք, որեւէ հիմնավոր կասկած, որեւէ առնչություն սպանության հետ, բայց մարդուն կալանավորել են, 2 ամիս պահեցին, եւս 2 ամիս պահելու են կալանավայրում»: Կալանքի որոշումը հաստատել է դատավոր Էդիկ Ավետիսյանը, ով սպանվածի երեխաների քավորն է: Ամալյա Ավագյանը դատավորի ինքնաբացարկն է պահանջել՝ համարելով, որ Էդիկ Ավետիսյանը գործի ելքով շահագրգռված անձ է, սակայն նրա պահանջը չի ընդունվել: 



 



ՀԳ. Գլխավոր դատախազի փոխվելուց հետո քննչական աժիոտաժ է սկսվել, հին գործերի վերանայումներ: Դրանք հիմնականում բարձրացնում են դատարաններով քարշ եկող քաղաքացիների պահանջով, որոնք վերջնականապես կորցրել էին հավատն արդարադատության համակարգի նկատմամբ, բայց Գեւորգ Կոստանյանի գալով մի փոքր հույս ստացան: Նույն քննչական մարմինները խնդիր ունեն ցույց տալու, որ ավելի լավ են աշխատում եւ փորձում են բացահայտել նախկինում չբացահայտված գործերը: Այս երբեմն անհեռանկար աշխատանքային խանդավառության հետեւանքով մարդիկ են կալանավորվում, նոր անարդարություններ կատարվում:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ