Սարգսյանները գիտեն, որ այսպիսի Հայաստանն ապագա չունի

Սարգսյանները գիտեն, որ այսպիսի Հայաստանն ապագա չունի

Պարտադիր կուտակայինի գլխավոր ծուղակը վարչապետ-կառավարության «հղացած» հանցագործությունն է։ Տիգրան Սարգսյանն աշխատավարձերից փողեր է հավաքելու եւ տա կառավարիչներին  ոչ թե մարդկանց ապագա թոշակն ապահովելու, այլ գողանալու համար։



 



Արդեն այսօր նա եւ նրա հովանավորները որոշել են՝ պետք է այդ փողերը յուրացնել։ Ընդ որում՝ իրենք գիտեն, որ այդ հանցագործության համար իրենց ոչ մի պատիժ չի հասնելու։ Եվ իսկապես էլ չի հասնելու, քանի որ Տիգրան Սարգսյանից լավ ոչ ոք չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է, նա ոչ հեռու ապագայում կորցնելու է իր պետականությունը եւ դադարելու է լինել անկախ միավոր։



 



Հենց միայն այն փաստը, որ իր նմանը դարձել է վարչապետ եւ ոչ մի կերպ պաշտոնանկ չի լինում ու օֆշորի եւ Հայաստանի ոսկու վաճառքի համար ցմահ չի դատապարտվում, Հայաստանի Հանրապետության կործանման մասին է։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է Հայաստանի ամբողջ բնակչությանն ունեզրկած իշխանությունը պատրաստվում փայ մտնել նաեւ մարդկանց հալալ քրտինքի մեջ։ Մինչեւ հիմա նրանք ժողովրդին թալանում էին անուղղակիորեն՝ յուրացնելով հանքերը, վաճառելով ոսկին, մարդկանց տներից դուրս հանելով ու փոխարենն «էլիտար» շենքեր կառուցելով, գազի սակագինը բարձրացնելով, ապրանքները թանկացնելով։ Այս ամենը նրանք արել են՝ առանց ուղղակիորեն մարդկանց գրպանը մտնելու։ Հիմա արդեն ուղղակիորեն են մտնելու, քանի որ, ըստ իս, արդեն նրանց հունից հանում է, որ հայ մարդը դեռ դիմադրում է, դեռ ուզում է ապրել իր երկրում։



 



Նրանց հունից հանում է մեր դիմադրողականությունը։ Փաստը, որ արտագաղթը հասել է աննախադեպ տեմպերի, նրանք համարում են անձնական նվաճում։ Մարդիկ քիչ են արտագաղթել նույնիսկ պատերազմի օրերին, երբ գնդակոծում էին սահմանամերձ գյուղերը, երբ ցուրտ էր եւ մութ։ Հիմա գերդաստաններով են գնում։ Պարզվում է՝ լավ չէ, կարող են քաղաքներով արտագաղթել։ Հենց այս հարցն էլ փորձում են լուծել նրանք։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հանձնարարականն է այդպես՝ կործանեք Հայաստանը, եւ ձեզ ոչինչ չի սպառնա, կպաշտոնավարեք առանց պատասխանատվության, առանց անձնական ունեցվածքի կորստի։ Այդ հանձնարարականի «օրենսդրական» պաշտպանվածությունը զգացվում է վերջին 6 տարիներին։ Հայաստանի ոչ մի նախագահ եւ վարչապետ այսքան անթաքույց չի կործանել Հայաստանը, որքան այժմ են անում։ Եվ ամենասարսափելին այն չէ, որ Հայաստանը կործանվում է, այլ այն, որ պատասխան պահանջողներ չեն լինելու։



 



Հիմա վերադառնանք հիմնականին՝ ինչպե՞ս են երկու Սարգսյանները մտել շարքային քաղաքացու գրպանն իրենց «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքով։ Նրանց հիմնական զենքն արտագաղթն է, այսինքն՝ եւ զենքը, եւ «ձեռքը»։ Նրանք քաղաքացու գրպանն են մտնում այն հույսով, որ նա, ով այսօր մուծումներ է կատարում պարտադիր կուտակային կենսաթոշակի համար, մեկ-երկու-երեք-չորս տարի հետո արտագաղթելու է։ Իսկ որ արտագաղթելու է, նրանք մեկ վայրկյան անգամ չեն կասկածում, այլապես կմնա էստեղ ու չի հասցնի ծերանալ։



 



Հայաստանը ծերանալ չհասցնելու դարբնոց է, այստեղ անհրաժեշտ սթրեսը, հիվանդությունները եւ այդ հիվանդությունների դեմ պայքարելու անզորությունն ուղղակի զուգահեռ քաղաքական իշխանություն են եւ վայելում են պետության հովանավորությունը։ Հետեւաբար, քաղաքացին չի կարող մուծումներ չկատարել, նրա կարծիքը հարցնող էլ չկա, նա աշխատավարձն ստանում է առանց հիշյալ պարտադիր կուտակային 5 տոկոսի, որն ավտոմատ տեղափոխվում է «իր» հաշվին։ Ու քանի որ կյանքը, միեւնույն է, թանկանալու է, իսկ աշխատավարձերը մնալու են նույնը, մարդը, բնականաբար, արտագաղթելու է։ Ո՞ւր։ Ճիշտ է՝ Ռուսաստան։ Հետեւաբար, քանի որ արտագաղթելու է, իսկ 20 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունենա, նշանակում է՝ ՀՀ նախկին քաղաքացին չի իմանա, թե ումից պահանջի իր թոշակի գումարը, չկա այլեւս այն պետությունը, որը պետք է վերադարձնի գումարները: ԽՍՀՄ-ը՝ ձեզ օրինակ։ Ինչո՞ւ է իշխանությունն ատամներով պաշտպանում հիշյալ օրենքը։



 



Որովհետեւ նա գիտի, որ փողի նոր երակ է գտել։ Հենց նույն վերը շարադրված տրամաբանությամբ է Հայաստանում ընտրակեղծիքը հասցվել իր առավելագույն անպատժելիությանը։ Մարդիկ հաճույքով են մասնակցում ընտրակեղծիքներին, քանի որ այս երկրի հետ այլեւս ընդհանուր ոչինչ չունեն։ Իրենք մասնակցում են, կեղծում են եւ փող են վերցնում հենց այն մտածողությամբ, որ լքելու են երկիրը։ Մի առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պատմության դասագրքերը գրվում են ապագայի տեսլականով»։ Հիշյալ ամբողջ շարադրանքը հենց նրա ապագայի տեսլականն է։ Այսինքն՝ իրենց եւ շարքային ընտրակեղծարարի «տեսիլքը» Հայաստանի մասին նույնն է։



 



Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ