Հուշաքանդակներն ու հուշատախտակները օգնություն են աղերսում. ումի՞ց…

Հուշաքանդակներն ու հուշատախտակները օգնություն են աղերսում. ումի՞ց…

Աչքի զարնող երեւույթ է` Երեւանի հատկապես կենտրոնը հարուստ է բազմաթիվ եւ բազմապիսի հուշաքանդակներով եւ հուշատախտակներով: Քիչ չեն արվեստի արժեք դարձած հուշաքանդակները: Մի ընդհանրություն ունեն բոլորը միասին. տեղադրվելուց մի քանի ամիս հետո նրանց վրա նստած փոշին, անձրեւաջրերի հետքերն ու սարդոստայնը դառնում են առաջնային արտահայտչալեզու: Ամեն քայլափոխի հանդիպող այդ լուռ վկաները դարձել են անտարբերության ու մոռացության խոսուն վկաներ: Եվ այդ ներդաշնակության հեղինակներն են քանդակագործ Արա Շիրազը եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:



 



Երեւանում երկու հուշաքանդակ կա, որոնք ինչ-որ մարդկանց «ցանկությամբ» նույն ճակատագրին են արժանացել: Մաշտոցի եւ Իսահակյան փողոցների հատույթում, «Նաիրի» կինոթատրոնի ուղիղ դիմաց, Մաշտոցի 39 շենքի՝ նավացռուկ հիշեցնող բազալտե պատին ամրացված էր «Ոգու եւ ազատության ասպետ» Լեւոն Ներսիսյանի հուշաքանդակը: Տեղադրումից հետո գրանիտե պատվանդանի վրայից ընդամենը մի քանի ամիս մեզ նայեց Լեւոն Ներսիսյանի բրոնզե ամբողջական գլուխը: Այն նման էր ճաքած նռան: Այո, նռան, որովհետեւ այդ այրը մեծ մտածող էր: Նրա մտքի ճնշումից գլուխը ճաք էր տվել: Այդ հուշաքանդակը հաջողվածներից մեկն էր նաեւ նրանով, որ գլուխը եւ պատվանդանը մասշտաբային ներդաշնակություն էին կազմում: Եվ այդ ներդաշնակության հեղինակներն են քանդակագործ Արա Շիրազը եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:



 



«Կինոնաիրիի» խաչմերուկը եւ հանդարտ է, եւ բանուկ: Տաք եղանակներին մայրաքաղաքում շրջող զբոսաշրջիկները` ուսապարկերով, շորտերով, չստերով, էկզոտիկ գլխարկներով Մատենադարան բարձրանալիս հատկապես ուշադիր են լինում ոչ թե խանութների, այլ հին շենքերի, պատերի նախշազարդերի, հուշաքանդակների հանդեպ: Մի օր մի քանի հոգով խմբվել էին Լեւոն Ներսիսյանի հուշաքանդակի առջեւ: Նկատեցին ճաքը եւ գուշակեցին պատկերված մարդու էությունը: Նույնիսկ մեկը համեմատեց ասպետ Սերվանտեսի հետ: Սակայն մի օր բրոնզե ամբողջական գլուխն անհետացավ: Գրեթե մեկ տարի ասպետական գրառումով պատվանդանը ու դրանից դուրս ցցված ամրանաձողի կտորն էին հիշեցնում Լեւոն Ներսիսյանի մասին: Փաստն անտարբերության մատնվեց: Թեթեւակի տրտունջներ լսվեցին: Այնուամենայնիվ, մի քանի ամիս անց հայտնվեց Լեւոն Ներսիսյանի նոր գլուխը` գիպսից, բրոնզով ներկված: Այս մեկն առայսօր կա, բայց նախորդի համեմատ խոշոր է եւ ոչ ամբողջական: Այսինքն` գլխի փոխարեն դիմապատկեր է իրենից ներկայացնում եւ ոչ մեծ խորությամբ մտցված է շենքի բազալտե քարի մեջ: Ստացվել է հարթաքանդակի բարձրաքանդակ կոպիտ տեսակը: Նոր` խոշոր դիմապատկերը եղած պատվանդանի համեմատ մասշտաբից դուրս է: Ամրացման մասում քարի փորվածքի շրջագիծը չի համընկնում դիմապատկերի շրջագծին, եւ դեմքը հայտնվել է անփույթ լցոնված շաղախե «լուսապսակում»: Փոխվել է նաեւ դեմքի արտահայտությունը: Նախորդի հայացքը մտասեւեռ էր, ճաքը` իշխող, նորի` գիպսե բարձրաքանդակի հայացքը մտացրիվ է, ճաքը` իմիջիայլոց:  Մի՞թե իրեն ամենաիսկական երեւանցի հռչակած հեղինակ-ճարտարապետը չի տեսնում, որ հուշաքանդակը որակ է կորցրել, չի գիտակցում, որ կոսմետիկ միջամտությամբ, ինքն իր ձեռքով միշտ էլ կարող է գոնե տեխնիկական թերությունները` ծակուծուկերը վերացնել: Պարզ է. ոչ ոք այս դեմքն այլեւս ասպետական չի համարի:



 



Լեւոն Ներսիսյանի հուշաքանդակից ոչ հեռու, դեպի Մատենադարան տանող մայթին, Մաշտոցի 41 շենքի մուտքերից մեկի մոտ գետնից բարձրանում է բազալտե ծավալուն մի հուշաքանդակ: Մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի հուշաքանդակն է. տեղադրվել է 1982-ին: Ճարտարապետն է Ռոմեո Ջուլհակյանը, քանդակագործի անունը չկարողացանք պարզել: 32 տարի կանգուն հուշաքանդակի գնդաձեւ խորշից 15 տարուց ավելի է, ինչ անհետացել է Հրաչյա Աճառյանի բրոնզե գլուխը: Անվանի լեզվաբանի ամբողջական գլուխը երկրաչափորեն համընկնում էր Լեւոն Ներսիսյանի «ճաքած», նույնպես ամբողջական գլխի չափերին: Մետաղական կարճ ցցվածքներն են հուշում, որ այդտեղ մի բան պակասում է: Զբոսաշրջիկներն էլ են նկատում, որ այստեղով վանդալներ են անցել: Նրանցից մեկը մի օր սրամտեց` այս մեկը վանդալիզմի պատվին տեղադրված հուշաքանդակ է:



 



Լեւոն Ներսիսյան, Հրաչյա Աճառյան, թե մեկ ուրիշը լինի` քանդակից կոպեկ քամող ավազակի համար կարեւոր չէ, ինչպես որ չկարեւորեցին նրանք, ովքեր թույլ տվեցին, որ Հրաչյա Աճառյանի անունը կրող դպրոցի շենքը լրիվ «քանդվելուց» առաջ մի գիշեր անհետանա դպրոցի ճակատային պատի դիմաց 50 տարի կանգնած լեզվաբանի կիսանդրին: Ովքե՞ր եւ ինչո՞ւ են շահագրգռված, որ Հրաչյա Աճառյանի անվամբ եւ պատկերով ոչինչ չմնա այս քաղաքում, բայց հասարակական գիտակցության մեջ վեր են խոյացնում Անաստաս Միկոյանի արձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու «պահանջը»: Չէ՞ որ Հայաստանի 6 վայրերում, այդ թվում Երեւանում, Միկոյանի հիշատակը հավերժացնող վկաներ արդեն կան: Ասում են` ԼՂՀ-ում մեկն էլ չկա:



 



Այնպիսի տպավորություն ես ստանում, որ այսօր գործող իշխանական համակարգը տեսակավորում եւ «վերաիմաստավորում» է անցյալի, ինչպես նաեւ մեր ժամանակների մարդկանց անունն ու ժառանգությունը: Ստեղծված իրավիճակում մտավորականների, մշակույթի նախարարության, ստեղծագործական միությունների, հանրության… դերն արդեն հաշվի չի առնվում: Արժեքների վերարժեւորումը, դրանք կրողների վերագնահատումն ու արժանիների «անմահացումը» իշխանական համակարգի մենաշնորհն է ու համակարգն ամուր պահելու քաղաքական լծակներից մեկը: Անաստաս Իվանովիչի «պահանջն» էլ է մեջտեղ բերվել մարդկանց ուշադրությունը շեղելու, ժամանակ շահելու` իշխանությունը պահելու եւ վերարտադրվելու նպատակով: Ակամա համոզվում ես, որ գործող համակարգը հիմնովին փոխել են աղերսում նաեւ երեւանյան հուշաքանդակները:



 



 



Մարտին եւ Արամայիս



ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ



ճարտարագետ-նախագծողներ