Կասկադ. ֆանտաստի՞կ, թե՞ ռաբիզ

Կասկադ. ֆանտաստի՞կ, թե՞ ռաբիզ

«Ախր մարդիկ քննադատում են Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, բայց չեն հասկանում, որ եթե նրանք չլինեին, հիմա Կասկադը դարձել էր քարուքանդ մի տեղ, ու մեր օլիգարխներն էլ էլիտար շենքեր էին կառուցել տեղը». Կասկադի նստարանին նստած մի կին պատմում էր, թե ինչպես է կիսատ մնացել Կասկադի կառուցումը, ու քանի մարդ է ինքնասպան եղել Կասկադի ամենավերեւի հատվածում կիսաշինարարական մեծ փոսում։



 



572 աստիճան ունեցող Կասկադը մի այդքան էլ արձաններ եւ արվեստի գործեր է այժմ կրում իր վրա եւ իր մեջ։ «Ամենաանճաշակ արձանների» նմուշների մեծ մասը, ըստ երեւանցիների, կանգնած է Կասկադում։ 50 հարցվածներից 34-ի կարծիքով, Կասկադը «լավ տեղ է»։ 16 երեւանցիների կարծիքով՝ «մի քիչ ճնշող»։



 



«Ա՛յ, այն 2 լույսով գույն տվող արձաններն են ամենաանճաշակը։ Որ դրանք չլինեին, ամեն ինչ սիրուն է». երկու ընկերուհիները նկատի ունեին նստած մարդկանց։



 



«Եթե երբեւէ մտել ես Գաֆեսճյանի Սվարովսկի սրահը, կհասկանաս ինչ եմ ասում։ Մենք էլ չտես ժողովուրդ ենք։ Էդ նույն չտեսությունն էլ ստեղ ա, հենա տեսնում ենք։ Իսկ ամենաանճաշակ արձանն էլ կապույտ պինգվինն ա։ Պինգվինն ուր, Երեւանը ուր». բանուգործ չունեցող տղամարդ:



 



«Ճաշակն էնքան սուբյեկտիվ բան ա, աղջիկ ջան։ Համ էլ կարող ա այստեղ շատ լավ գործեր կան, ուղղակի մենք չենք հասկանում։ Ի՞նչ իմանաս». մի կին։



 



 Չնայած Կասկադում այդքան արձաններ եւ արվեստի թույլ կամ ուժեղ  գործեր կան, որոնց մարդիկ այնքան էլ միանշանակորեն չեն վերաբերվում, այնուամենայնիվ, այս արձանները կարողացել են զերծ մնալ վանդալիզմից։ «Made in Armenia» արձանները քաղաքի տարբեր տեղերում անչափահասների համար դարձել են ինքնադրսեւորման, ստեղծագործական էնտուզիազմի առարկա։ Իսկ արտասահմանում պատրաստված գործերը հատուկ հսկիչներ ունեն։ «Յանիմ ի՞նչ, չայնիկի իմաստը ո՞րն ա։ Կամ էլ նապաստակները, ոչ սիրուն են, ոչ էլ». մարզից եկած մի կին։



 



Եթե որոշ երեւանցիների համար Կասկադի արձանների շատությունը ճնշող մթնոլորտ է ստեղծում, ապա տուրիստների համար այն քաղաքի ամենահետաքրքիր վայրերից մեկն է։ Գերմանիայից եկած երկու տուրիստների կարծիքն է. «Ֆանտաստիկ է։ Արդեն երկրորդ անգամ ենք գալիս Կասկադ, որ կարողանանք բոլոր գործերի հետ ծանոթանալ»։ Այն հարցին, թե կա՞ այստեղ ինչ-որ արձան, որ իրենք չեն հավանել, ստացա այսպիսի պատասխան. «Ոչ, բոլորն էլ շատ լավն են», եւ, իհարկե, ամենավերջում գերմանական մեկ բառով Կասկադը նկարագրեցին տուրիստները` «das ist fantastisch»։



 



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ