Նաղդալյանի քարոզում ներառված չէին իր կյանքի սկանդալային էջերը

Նաղդալյանի քարոզում ներառված չէին իր կյանքի սկանդալային էջերը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման  դեմ քառյակի  հրավիրած ասուլիսից անմիջապես հետո նույն դահլիճում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց  կին համայնքապետերի եւ ավագանու անդամների հետ: Այս հանդիպումը «Հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում, կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակում էր, որն իրականացվում է ՄԱԿ-ի կողմից: Լրագրողների, տեսախցիկների սակավությունը Հերմինե Նաղդալյանին ազատություն տվեց, եւ տիկինն սկսեց աղքատ ու դատարկ համայնքներից եկած կին ավագանիների գլխին քարոզ կարդալ, թե ինչպես լավ կարիերա անել՝ որպես  խոսուն օրինակ մատնանշելով իր անձնական կյանքը: Այն աստիճան անկեղծացավ, որ նեղսրտեց, թե ինչպես ժամանակին, լավ խոսքերի ու ընտանիքի քաջալերանքին կարոտ, իր  համառությամբ հասավ նման բարձունքների:



 



Համայնքներից եկածները լսում էին նրան՝ ինչպես  կին կարիերիստի իդեալի, ինչից տիկինն ավելի էր ոգեւորվում ու անկեղծանում, հատկապես ինտիմ հարցերում: Խորհուրդ էր տալիս  դիմագրավել հայկական մենթալիտետի՝ ամուսնու, ընտանիքի ճնշումներին եւ, մի քանի անգամ ուժեղ լինելով, պայքարի մտնել տղամարդկանց հետ ու նվաճել բարձունքները:  Պարբերաբար իր ընտանիքից, անձնական կյանքից  մեջբերումները տպավորություն ստեղծեցին, թե տիկին Նաղդալյանն ուր որ է պատմելու է նաեւ բիզնես ոլորտում իր կատարած անօրինականությունների, ստվերային հարաբերությունների, անշարժ գույք գնելու նախասիրությունների մասին, ինչը պարբերաբար լուսաբանվել է մամուլում: Եթե ներկաները նրա կենսագրության այս էջերին ծանոթ չէին, հաստատ հեռացան՝ իրենց չար բախտն անիծելով ու նաղդալյանական երջանկության մեխանիկայի ձգտումը սրտներում պահած: Իսկ ինչու էր ՀՀԿ «ծանր հրետանին» այդքան կարեւորում համայնքապետերի դերակատարումը, պարզվեց. որ նախագահն ավելի մոտ է Աստծուն, քան ժողովրդին, պատգամավորներն էլ, «զբաղված» լինելու պատճառով, չեն կարող ակտիվ շփվել ժողովրդի հետ, եւ այդ գործը մնում է ժողովրդին ավելի մոտ կանգնած ավագանու ուսերին: «Նախագահ ենք ընտրում 5 տարով, համարյա Աստծուն մոտ, պատգամավոր ենք ընտրում 5 տարին մեկ անգամ, շատ դեպքերում մեր բնակչությունը բողոքում է, որ պատգամավորը եկավ, ընտրվեց, շատ հազվադեպ ենք տեսնում, հիմնականում մայրաքաղաքում է, քիչ է հանդիպում մեզ, քիչ է կապը: Համայնքային ինքնակառավարումը եւ հատկապես ավագանին դա մարդուն ամենամոտիկ կանգնած կառավարման խողովակն է, կառավարմանը մասնակցելու հնարավորությունն է…



 



Այդտեղից է գալիս, որ ավելի շատ ուշադրություն են տալիս համայնքի ղեկավարի ընտրությանը, քան ավագանու անդամի: Բայց համայնքը դա առաջին գիծն է, որտեղ մարդն ու իշխանությունը հանդիպում են իրար»: Նաղդալյանի լապշաներն այնպիսի դյուրությամբ էին կախվել  համայնքային իշխանության կին ներկայացուցիչների ականջներից, որ նրանք չհամարձակվեցին հարցնել, թե ինչպես է պատահել, որ ժողովրդի հետ առաջին գծում գտնվող համայնքային չինովնիկները մի կերպ են գոյատեւում, իրենց գյուղերը դատարկվել ու անմարդաբնակ են դարձել, իսկ ժողովրդից հեռու՝ Աստծուն մոտ գտնվողները միլիարդատերեր են ու սեփականացնում են ողջ երկիրը, ինչպես, օրինակ, Հերմինե Նաղդալյանը: Անկախ ամեն ինչից՝ այս հանդիպումը մի բան բացահայտեց, որ հաջողակ բիզնեսմեն եւ ոչ պակաս հաջողակ քաղաքական գործիչ ԱԺ փոխխոսնակի կյանքի միակ բացթողումը կարատեով չզբաղվելն էր։ Դա նկատվեց նրա այն բուռն արձագանքից, երբ հանդիպումը կազմակերպած Համալսարանական կանանց ասոցիացիայի նախագահ տիկին Ջեմմա Հասրաթյանը, կանանցից մեկին ներկայացնելով, նշեց առավելությունը՝ կարատեի չեմպիոն լինելը: Նաղդալյանը տեղում գնահատեց, որ դա շատ լավ է եւ կարեւոր, քանի որ շատ դեպքերում, որ «խոսքով չեն հասկանում, պիտի կարատե անես»: Փաստորեն, ԱԺ ընդդիմադիրները լավ են պրծել. պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ նրանց վիճակը, եթե Նաղդալյանի քիմքին տհաճ որեւէ բան ասեին, եւ նա կարատեի հնարքներին տիրապետեր:



 



 



 Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]