Եթե ապրում ենք, ուրեմն Ղարաբաղի հարցը լուծված է

Եթե ապրում ենք, ուրեմն Ղարաբաղի հարցը լուծված է

Ղարաբաղում շատ են սփյուռքահայ այն ընտանիքները, ովքեր եկել, հաստատվել ու արմատներ են ձգել Ղարաբաղում։ Դրանցից մեկն էլ պարսկահայ Արմոնդ Թահմազյանի եւ  ավստրալահայ Արտեմիս Գրիգորյանի ընտանիքն է, որոնց երեխաներն այնքան լավ են խոսում Ղարաբաղի բարբառով, որքան տեղացիները։ Դաշնակցական, մասնագիտությամբ ոսկերիչ Արմոնդ Թահմազյանը ծնվել եւ մեծացել է Իրանում, բայց, ինչպես ինքն է պատմում, ցանկություն միշտ եղել է գալ Ղարաբաղ, հատկապես պատերազմի շրջանում, մտքով միշտ դեպի այս կողմն է եղել, բայց ելք չի եղել, որ կարողանար գալ Արցախ։ Հետո զուգադիպեց, եւ Դաշնակցության կենտրոնական կոմիտեն կարիք ուներ, որ մասնագետներ գան ու աշխատեն երիտասարդների հետ, ու «առաջին ձեռը, որ բարձրացավ՝ իմն էր՝ 99թ.-ին։ Մտածեցի՝ գամ, ժամանակավոր տեսնեմ ինչպես է, բայց եկա ու տեսա, որ լավ է ամեն ինչ, ու մնացի»։   



 



Արմոնդը պատմում է, որ սկզբում ինքն ու գործընկերուհին, ով հետո պիտի դառնար իր կինը, մտածեցին Ղարաբաղում ապրելու համար նախաձեռնել եւ ստեղծել «Նռենի» հուշանվերների խանութը. «Հետո մտածեցինք, որ ավելի լավ կլինի բազմանանք ու ամուսնանանք, «Նռենի»-ն էլ պատահական անուն չէր, այլ որպես նոր կյանք, որովհետեւ թե Ղարաբաղի նոր կյանքն էր սկսվում, թե մեր նոր կյանքը»։   



 



Խանութում ներկայացված են թե վարպետների եւ թե վարպետների աշակերտների գործեր։ Արմոնդն ասում է, որ որոշ գործեր նաեւ արտասահման է առաքում, խանութում իր գործերից էլ են ներկայացված, բայց հիմնական նպատակն այստեղի արվեստագետներին ի հայտ բերելն է, նրանց գովազդելը. «Խանութում պատահական ոչ մի բան չկա, մենք առեւտրական չենք, չնայած առեւտուրով ենք զբաղվում։ Ամեն աշխատանք իր տեղացի մասնագետն ու վարպետն ունի, եթե մի բան չի սարքվում, նոր՝ ճարահատյալ, Երեւանից ենք բերում։ Փոքր տարիքից սկսել եմ վարպետություն անել, շատ լավ վարպետներ եմ ունեցել, նաեւ իմ սեփական խանութները, բայց երբեք չեմ կարողացել քարը քարին դնել ու մեծացնել գործը։ Ղարաբաղ գալուց շատ լավ չգիտեի, թե ուր եմ գալիս, բայց եկա ու մնացի, մի մագնիսական դաշտ կար, մնացի ու մինչեւ օրս էլ, փառք Աստծո, գոհ եմ, երեխաներս էլ մեծանում են, ու շատ ավելի գոհ եմ»։ Արմոնդն ընդգծում է՝ հայրենիքի կարոտը կար թե իր եւ թե կնոջ մեջ, իսկ Ղարաբաղն իրենց տվեց դա. «Դա ուրիշ տեսակ բան է, հատկապես եթե մի քիչ գաղափարական մոտեցում ես ունենում, այդ կարոտը շատ է խանգարում քեզ, ինձ խանգարեց, ու հաջողության հասա»։



 



Արմոնդը չի ընդունում այն մոտեցումը, որ պետությունը պարտավոր է բոլորին օգնել. «Նոր ստեղծված պետություն է, եւ եթե գալիս ենք, մի բան էլ մենք պիտի տանք, ոչ թե ստանանք, բայց եթե պետք է ստանանք, նախ պետք է տանք։ Ես հույսս չեմ դրել պետության կամ որեւիցե մեկի վրա, մեր ուժերով ենք արել, նախ սկսել ենք շրջապատ ստեղծել»։      



 



Հետաքրքրվում եմ՝ իր փոքրիկ բիզնեսով կարողանո՞ւմ է նորմալ վաստակել, ասում է՝ աշխատողը չի խեղճանա այստեղ, ֆինանսապես կարող է մի քիչ նեղություն կրել, հատկապես որ երկրի վիճակը դեռ պատերազմական է, շփում դրսից քիչ կա, եւ այդ առումով ակնկալիք այդքան չունի. «Այստեղ սեզոնային եկամուտ ունենք, տարին 4-5 ամիս, որ կարող ենք փող աշխատել։ Դժվար է, եթե հույսներս միայն դրա վրա դնենք, բայց կողքից այլ գործեր էլ ենք անում եւ ունենք բարի հարազատներ, որ երբեմն օգնում են, որ կարողանանք գոյատեւել»։



 



Մեծ եկամուտներ վաստակելու փոխարեն Արմոնդը մեծ բավարարվածություն է ստանում, երբ կարողանում է խանութի անունից Արցախը գովազդել, նա փորձում է Արցախը գովազդել ոչ միայն ինտերնետային ցանցերով, այլ նաեւ բարի լինելով, արտասահմանյան ծանոթների հետ կապի մեջ մտնելով, նվերներ տալով, թանկ չվաճառելով։ Արմոնդն ընդգծում է, որ ունեն հնարավորություն դրսում ապրելու, բայց նախընտրում են այստեղ ապրել, ինչը, ըստ նրա, քաջագործություն չէ, բայց ոգեւորում է նաեւ շատերին։ Նրա կարծիքով, Ղարաբաղն էլ այն երկրներից է, որ կարողանում է ճիշտ երեխա մեծացնել։ «Իմ երեխան, 4-5 տարեկանից սկսած, դպրոցից գալիս է, գնում, տրանսպորտ նստում, էդպես ոչ մի տեղ չես կարող, Ավստրալիայում տեսանք եւ փորձեցինք կյանքը, մեծ եկամուտ ես ունենում, մեծ փող ես ծախսում, բայց անհանգիստ ես լինում, երեխան տնիցդ դուրս եկավ՝ քոնը չի։ Այստեղ երեխաները ճիշտ են մեծանում։ Աստված գիտի, թե կյանքն ինչ կթելադրի, բայց մեր պլաններում չկա Ղարաբաղից գնալ, մեր վերջին կետն այստեղ է։ Շատերն ասում են՝ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի, իմ համար Ղարաբաղի հարցը լուծված է, եթե ապրում ենք՝ արդեն լուծված է»,-ասում է նա ու հավելում, որ, այնուամենայնիվ, 1-2 ընտանիքով վերաբնակեցման հարցը չի լուծվում, սա պետական, ազգային հարց է։



 



Արմոնդն ու իր ընտանիքը պատերազմի վախով չեն ապրում, բայց միշտ պատրաստ են դրան. «Տունն էլ տիկնոջս ասել եմ, ոնց որ երկրաշարժը, այնպես էլ պատերազմը, պիտի իմանանք որտեղ են մեր փաստաթղթերը, տաք շորերը, դրա համար միշտ պետք է պատրաստ լինել, բայց որ ասես վախ կա, իսկականից կարող եմ ասել՝ վախ չկա»։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]