Ղարաբաղյան կողմն այսուհետ ևս շարունակելու է կասեցնել Ադրբեջանի ցանկացած փորձ․ Կարեն Միրզոյան

Ղարաբաղյան կողմն այսուհետ ևս շարունակելու է կասեցնել Ադրբեջանի ցանկացած փորձ․ Կարեն Միրզոյան

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի պատասխանները News.Am լրատվական կայքի հարցերին․




Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն իրավիճակը, որը ստեղծվել է շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով։



Պատասխան․ Հուլիսի վերջին - օգոստոսի սկզբին ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են մի շարք դիվերսիոն գործողություններ և ներթափանցման փորձեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) տարածք, որոնք արդյունավետ կերպով կանխվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից։



Ադրբեջանի նոր արկածախնդրությունը, որը հանգեցրել է զգալի մարդկային զոհերի և դարձել հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի պատճառ, առաջին հերթին ուղղված է ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերի խաթարմանը։
ԼՂՀ իշխանությունները բազմիցս հրավիրել էին միջնորդների և միջազգային հանրության՝ ընդհանրապես, ուշադրությունն իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերի և դրանց կասեցման նպատակով գործնական և արդյունավետ միջոցների կիրառման անհրաժեշտության վրա։



Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք գնահատականի և վճռական ու հասցեական դատապարտման բացակայությունը շարունակում է ադրբեջանական կողմի մոտ առաջացնել ամենաթողության և անպատժելիության թյուր զգացում, ինչը՝ բանակցային գործընթացի և հակամարտության իրողություններից բոլորովին կտրված լինելու ֆոնին, հանգեցնում է միայն լարվածության խորացմանը և իրավիճակի վատթարացմանը։
ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության ներկայիս կտրուկ աճը դարձավ Ադրբեջանի կողմից վերջին ամիսներին տեղի ունեցող հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների և սադրանքների գագաթնակետ։



Հարց․ Ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ կիրառել շփման գծում լարվածությունը թուլացնելու և կայունություն ապահովելու համար։



Պատասխան․ Ղարաբաղյան կողմն այսուհետ ևս շարունակելու է կասեցնել Ադրբեջանի ցանկացած փորձ՝ ապակայունացնելու իրավիճակն առաջնագծում և բարձրացնելու լարվածության մակարդակը հակամարտության գոտում։



Միաժամանակ, հավատարիմ լինելով բացառապես խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմանը, կարծում ենք, թե վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ անհրաժեշտ է ակտիվացնել լարվածության թուլացման, վստահության և անվտանգության ամրապնդման անհապաղ միջոցների մշակմանն ու կիրառմանն ուղղված ջանքերը։



ԼՂՀ-ն հետևողականորեն հանդես է գալիս ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանը և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով, որոնք վերջին անգամ ամբողջացված ներկայացվել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության 2014 թ. Մայիսի 12-ի այտարարությունում։



Համոզված ենք, որ նշված միջոցների անհապաղ կիրառումը, ինչպես նաև միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմի մշակումը, թույլ կտան կայունացնել իրավիճակը և արագ կարգավորել շփման գծում հնարավոր միջադեպերն ապագայում։



ԼՂՀ-ն, իր հերթին, պատրաստ է շահագրգիռ միջազգային հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ շփման գծում վերջին միջադեպերի մասին և իր ներդրումն ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ապահովելու գործում։