Վալզերի զբոսանքը

Վալզերի զբոսանքը

Բավ է, որ Վալզերը ձեռքը գրիչ վերցնի, եւ նրան համակում է դեսպերադոյի տրամադրությունը: Նրան հանկարծ ամեն ինչ կորուսյալ է թվում, խոսքահոսքը դուրս է նետվում, ամեն մի նոր նախադասություն լոկ մի նպատակ է հետապնդում` սրբել հուշը նախորդ նախադասության մասին:




Վալտեր Բենիամին



Շվեյցարիայում բնակվող ռուս արձակագիր Միխայիլ Շիշկինը թարգմանել է շվեյցարացի արձակագիր Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» պատմվածքը, որը գրվել է 1917 թվականին: Վալզերի պատմվածքին առաջնորդում է թարգմանչի «Վալզեր եւ Տոմցակ» էսսեն, որտեղ մատուցանվում է 20-րդ դարի ամենախաղաղ, իր կյանքի զգալի մասը հոգեբուժարաններում բնակեցրած «խելագարի»` Ռոբերտ Վալզերի կյանքն ու ստեղծագործությունը: Այս պատմվածքի մասին Սյուզըն Սոնթագը գրում է. «Նրա ամենաերկար՝ «Զբոսանք» պատմվածքում (1917) քայլելը նույնանում է քնարական շարժմանն ու զգացմունքների ներկլանվածությանը, «առեւանգված ազատության ակնթարթներին», խավարը վրա է հասնում միայն վերջում: Վալզերի արվեստն ընդունում է ընկճախտն ու սարսափը միայն այն բանով, որ (մեծ մասամբ) ընդունի դրանք` հեգնելով ու լուսավորելով: Նրա մենախոսությունները` մեկ զվարթ, մեկ մռայլ, խոսում են ծանրության ուժի մասին, բառիս երկու իմաստով` ֆիզիկական եւ հոգեւոր, դրանք են՝ շարժումը, հին կաշին դեն նետելը, անկշռելիությունը փառաբանող հակաձգողականության գրի օրինակները եւ, դրա հետ մեկտեղ, գիտակցության պատկերները, որոնք զբոսնում են աշխարհով մեկ, հաճույք ապրելով իրենց «կյանքի պատճառով»` պայծառ հուսահատությամբ»:
Վալզերը գրել է, խելագարվել ու զբոսնել: Նրա վերջին վեպի՝ «Ավազակի» բնագիրը մի քանի տարի առաջ են վերծանել: Վալզերի տպատառերը գնալով փոքրանում էին, նվազում, մանրանում, վերածվում էին կետագրերի: Տարիների ընթացքում հոգեբուժարաններից աշխարհ դուրս գալու հույսերը հեռանում էին նրա կյանքից: Երկար ժամանակ Վալզերը ոչ մի տող չի գրում, բայց շարունակում է զբոսնել: Զբոսանքն այլեւս իրեն պատկանող միակ բնագիրն է, որ հասցեատեր չունի: Իսկ «Զբոսանքը» պատմության բացակայությունն է, եւ այդ բացակայող պատմության մեջ չկա ոչ մի գրական հերոս, ոչ մի ուշագրավ ու կարգելի իրադարձություն: Սա ոչ թե (սովորական), այլ ակնհայտ զբոսանք է, ինչպես մյուս բոլոր ակնհայտ զբոսանքները, որոնք (ապրում) են մարդկային կյանքը:




Արամ ՊԱՉՅԱՆ
[email protected]