Տնօրենի անօրինականությունների՞ց է սկսվել սկանդալը, թե՞ օդորակիչը չտեղադրելուց

Տնօրենի անօրինականությունների՞ց է սկսվել սկանդալը, թե՞ օդորակիչը չտեղադրելուց

Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեւական ժամանակ է, ինչ խաթարվել է աշխատանքային առօրյան: Տնօրեն Ստեփան Դավթյանի եւ կադրերի բաժնի պետ Վահե Մովսիսյանի միջեւ լարվածությունը թեւակոխել է նոր փուլ, ասում են՝ տնօրենի դրդմամբ որոշ աշխատակիցներ ստորագրահավաք են սկսել՝ կադրերի բաժնի պետին աշխատանքից ազատելու նպատակով: Մոտ 200 հոգանոց կոլեկտիվից դեռեւս 17-ն են ստորագրել, բայց գործընթացը շարունակվում է: Տնօրենի եւ կադրերի բաժնի պետի միջեւ լարվածությունն սկսվել է Մովսիսյանի աշխատասենյակում օդորակիչ չտեղադրելուց, որը տնօրենը խոստացել է, բայց միտումնավոր ձգձգել: Այս տարվա ամռան անտանելի շոգը Վահե Մովսիսյանը չկարողանալով հաղթահարել՝ աշխատանքային բոյկոտով է դրսեւորել իր պահանջը: Ստեփան Դավթյանն օդորակիչներ է տեղադրել ողջ թատրոնում եւ Մովսիսյանին որոշել է անտանելի տապի մեջ խեղդել: Այդ ցանկությունը ոչ թե ֆինանսական խնայողություններից է բխել, այլ՝ տարիների խորքից: Նրանք միասին աշխատում են 2004 թվականից, սակայն լարվածությունն սկսվել է 2010-ից:



«Այս կոնֆլիկտը խորը արմատներ ունի, վերջին չորս տարին լուրջ սխալներ է թույլ տալիս բոլոր ոլորտներում,-մեզ հետ զրույցում ասում է Վահե Մովսիսյանն ու հիմնավորում:- Չորս տարիների ընթացքում ես մտերմիկ ձեւով ասել եմ, թե որտեղ է սխալ թույլ տալիս, սկզբում բարեհամբույր լսում էր, հետո բացարձակ հաշվի չնստեց իմ օրինական պահանջի հետ եւ իրեն վեր դասեց օրենքի ու օրինականության պահանջներից»:



Ըստ Վահե Մովսիսյանի, տնօրենի գլխավոր անօրինականությունը եղել է կադրերի հարցում՝ կեղծ աշխատակիցներ է ձեւակերպել, ովքեր գոյություն չեն ունեցել, բայց նրանց անունով աշխատավարձ է դուրս գրվել, որի մասին Մովսիսյանը զեկուցագիր է գրել տնօրենին՝ պահանջելով ազատվել անգո կադրերից: «Օրինակ, մենք հաստիքացուցակով ունենք 8 հնոցապաններ, որոնց աշխատանքը սեզոնային է: Նրանք 5 ամիս պետք է աշխատեն, սակայն իրականում չորսն են աշխատել, չորսը կեղծ ձեւակերպված են եղել: Հարեւաններ ու բարեկամներ եւ այլն: Մի քանի անգամ բարձրաձայնեցի, նա արհամարհում էր, բայց երբ ես տեսա, որ էլի հաստիքներ կան, որոնց ներքո կեղծ աշխատողներ են գրանցված, ես զեկուցագիր գրեցի ու անուններով պահանջեցի աշխատանքից ազատել այդ գոյություն չունեցող աշխատակիցներին: Դրանից հետո 4 հնոցապան աշխատանքից ազատվեց: Ի դեպ, մյուս չորսն էլ աշխատում են ընդամենը 5 ամիս, սակայն ստանում մեկ տարվա աշխատավարձ: Եվ ոչ միայն աշխատավարձ, նաեւ՝ պրեմիա: Իմ զեկուցագրից հետո նրանք ազատվեցին աշխատանքից, իսկ 10 տարվա հասցված վնասը կամ աշխատավարձային ֆոնդի շռայլությունը հասնում էր 14 միլիոն դրամի»:



Պարզվում է՝ այսքանով չեն ավարտվել տնօրենի կադրային անօրինականությունները: 2014-ի տարեսկզբյան ժողովին այս թեման դարձյալ թարմացվել է, երբ կադրերի բաժնի պետը նույն խնդիրն է բարձրացրել: «Ամիսներ առաջ, հերթական ժողովի ժամանակ, ես նորից այդ խնդիրը բարձրացրի, ասեցի՝ նույնն եք շարունակում, ազատվեք այդ հաստիքներից, որոնք անիմաստ զբաղեցրել են մի խումբ մարդիկ, եւ այդ տնտեսումների հաշվին բարձրացրեք աշխատավարձը: Հաջորդ օրը ինքն էլի ազատեց գլխավոր հաշվապահի տղային եւ մի քանիսին»,-ասում է մեր զրուցակիցը՝ եզրակացնելով, որ հենց դրանից էլ ծագել է իր դեմ ստրագրահավաք կազմակերպելու միտքը:



Մովսիսյանի տեղեկություններով, գաղափարի հեղինակը դերասան Արմեն Մարությանն է, ով արհմիության ղեկավարն է, իսկ գործին լծվել են գլխավոր ինժեները, գլխավոր հաշվապահն ու բեմադրական մասի վարիչը: «Իրենք ուղիղ կապ ունեն իմ բերված կադրային խնդիրների հետ, նրանք նեղվել են, որ ես խնդիրը բարձրացրել եմ»: Ըստ Մովսիսյանի՝ նույնիսկ մի դատարկ թուղթ են «դեմ տվել» եւ ասել, որ պետք է ստորագրեն: Առանց տեքստի, ոմանք գիտակցաբար, ոմանք անտեղյակ, ստորագրել են: Այս խժդժությունները դեռ երկար կշարունակվեն, քանի որ տնօրենը ձեռքերը լվացել է, ոչնչի չի խառնվում, իսկ Մովսիսյանն էլ սպասում է ստորագրահավաքի ավարտին: Ինչո՞ւ տնօրենը չի միջամտում, միթե ուզում է հասնել «անցանկալի» կադրի ազատմանը: «Ես 12 տարվա մեջ մեկ հոգի չեմ ազատել աշխատանքից, իրան էլ ասել եմ՝ չեմ ազատելու ոչ մեկին աշխատանքից: Ես էդքան չեմ իջնի, որ դրանով զբաղվեմ, ոչ թուղթ եմ տեսել, իրեն էլ կանչել եմ, եկել աշխատել է, էս ամեն ինչը մանկական խաղ է, որը վարկաբեկում է թատրոնը, մի հոգին թատրոնի պատվի հետ է խաղում»,-մեզ հետ զրույցում վրդովված հայտարարեց տնօրեն Ստեփան Դավթյանը:



Մեր հիշեցմանը, թե գուցե 2012-ի զեկուցագրից է սկսվել, երբ կադրային կեղծարարության մասին է բարձրաձայնել, ասաց. «Չկա էդպիսի բան, էսօր հեշտ չի նման բաներ անելը, ինքը լավ աշխատող է, բայց սխալ է իրեն պահում»: Իսկ հնոցապանների պատմությո՞ւնը: «Ինքը սխալ է մեկնաբանում: Ունեինք աշխատողներ, որոնց ցածր աշխատավարձ էինք տալիս, բայց՝ 12 ամիս: Ինքն ասեց՝ իսկ եթե մարդկանց ազատենք, որ ամռանը կատելնին չի աշխատում, եւ էդքան էկոնոմիա կունենանք, ասեցի՝ վատ բան չի, լավ բան է, բայց հետո էդքան մարդ ամեն անգամ ազատել-ընդունել կլինի՞: Ու անցանք իր ասած ձեւին: Ապրիլին ազատում եմ, հոկտեմբերին՝ ընդունում: Ընդհակառակը, իր ասած խելոք բաներն ընդունել ենք»: Մյուս՝ կեղծ կադրերի մասին խոսակցությունները «սուտ մեղադրանքներ են»: Թե ում պաշտոնանկությամբ կավարտվեն թատրոնում սկիզբ առած խժդժությունները, հայտնի չէ, սակայն այս ընթացքում կադրերի բաժնի պետը չի դադարում բարձրաձայնել տնօրենի՝ Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի եւ այլ օրենսդրական կետերի խախտումների մասին: