Անձրևը խափանեց մուսալեռցիների տոնը

Անձրևը խափանեց մուսալեռցիների տոնը

Մուսա լեռան հերոսամարտի հաղթական 99-րդ տարեդարձն այս անգամ տոնի չվերածվեց: Մուսալեռցիները, որ ավանդույթի համաձայն տոնն սկսում են օր առաջ՝ գիշերը լեռան վրա լուսացնելով, ստիպված էին խախտել ավանդույթն ու լքել լեռը: Խնդիրն այն է, որ մուսալեռցիների ավանդական կերակուրը՝ հարիսան, պատրաստվում է տոնի նախօրեին: Իսկ այս անգամայդ օրը, սեպտեմբերի 20-ի գիշերը տեղատարափ անձրեւ եկավ: Վառելափայտն ամբողջությամբ թրջվեց: Դա էլ քիչ էր՝ տարածքը հոսանքազրկվեց: 99 կաթսաների մեջ կիսաեփ հարիսան այդպես կիսաեփ էլ մնաց՝ փչացնելով կազմկոմիտեի տրամադրությունը: Օր առաջ մեկնարկող տոնն իր նախապատրաստական աշխատանքներով ձախողվեց:



Առավել լարված էր բուն տոնի օրը՝ սեպտեմբերի 21-ին, երբ կազմկոմիտեն պետք է ներողություն խնդրեր հյուրերից՝ հարիսայի օրհնությունն ու այն ճաշակելու ժամը հետաձգելու համար: Շատերը, որ Մուսալեռան բարձունքը հաղթահարել էին միայն հարիսա ճաշակելու համար, դժգոհ մնացին: «Հազիվ էս աստիճանները բարձրացել էինք, դե արի գնա ու մեկ էլ ժամը 3-ին արի, ինչ ա թե՝ մի աման հարիսա տանես»,-ակամա լսեցի կողքիս կանգնած կնոջ մենախոսությունը:



Պարզվեց՝ հարիսա ուտելու նպատակով բարձունքը հաղթահարած դժգոհ կինը միակ չէր: Գաստրոնոմիական խնդիրը շատերին էր Մուսալեռ բերել: Հատկապես նրանց, որոնք իրենց շահը լավ գիտեն: Նրանց ոչ Մուսա լեռան պատմությունն է հետաքրքրում, ոչ հերոսները, ոչ էլ տոնի խորհուրդը: Դրանում համոզվեցի, երբ «Ի՞նչ գիտեք հերոսամարտի մասին» հարցս դեմ առավ ոմանց դատարկ՝ ոչինչ չասող հայացքներին: «Հարիսայի օրն ա, գալիս ենք նշելու»,-ասաց հարցվածներից մեկը: Մյուսի պատկերացմամբ էլ «40 օր լեռան վրա սոված մնացածներին կերակրելու օրն է, ինչի համար անհիշելի ժամանակներից մուսալեռցիների ժառանգները հարիսա են պատրաստում եւ մատաղի պես բաժանում»: Անհեթեթ պատասխանների թեժ եռյակն ամփոփեց երիտասարդ մի աղջիկ, որի գիտությամբ Մուսա լեռան հերոսամարտը տեղի է ունեցել Սարդարապատում՝ Տղմուտ գետի ափին:
Ի դեպ, հարցախույզն անցկացնում էի այն պահին, երբ բանախոսներից մեկը տրիբունայից ներկայացնում էր մուսալեռցիների կենաց-մահու պայքարի առանձին դրվագներ՝ ուղղված երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ:



Սերոբ
ՄԱՐՈՒԹՅԱՆ