Մանկավարժական համալսարանում պաշտպանությունը տապալվեց

Մանկավարժական համալսարանում պաշտպանությունը տապալվեց

Երեւանի պետական մանկավարժական համալսարանում երեկ ատենախոսության պաշտպանություն էր՝ մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար: Մենք նախապես ահազանգ էինք ստացել, որ ատենախոսությունը տապալելու հավանականությունը մեծ է: Այդպես էլ եղավ. Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում ժամավճարով դասախոսող Անահիտ Պետրոսյանի «Մանկավարժագիտությունը կրթական դաստիարակագիտության փոխարինելու հիմնախնդիր» վերնագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը տեղի չունեցավ: Ատենախոսությունը խորհրդի հորդորով եւ ատենախոսի համաձայնությամբ հանվեց պաշտպանությունից՝ անհայտ ժամանակ հետո կրկին պաշտպանության ներկայացնելու հնարավորությամբ:
«Խորհրդի անդամներն ունեին լուրջ դիտողություններ, եւ այդ դիտողությունների էական պահն այն էր, որ նման թեմայով պաշտպանելու մանկավարժական բովանդակություն չկա:



Ըստ կանոնակարգի, երբ ատենախոսն զգում է, թե ինչ մթնոլորտ է, իրավունք ունի, իր դիմումի համաձայն, խնդրել, որ առայժմ պաշտպանությունից հանեն եւ ժամանակ տան՝ վերանայելու իր ատենախոսությունը: Ինձ թվում է, անկախ խորհրդի անդամների բարյացակամ վերաբերմունքից, ատենախոսն զգաց, որ հավանական է պաշտպանությունը բացասական լուծում ստանա, եւ ճիշտ ժամանակին որոշեց հանել, որպեսզի կատարի անհրաժեշտ փոփոխությունները, իսկ այդ դեպքում հնարավորություն կունենա դրական պաշտպանել»,- պարզաբանեց «020» մասնագիտական խորհրդի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների դոկտոր, կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:



Պաշտպանության համար դահլիճում հավաքված գիտական խորհրդի անդամները նաեւ նշում էին, որ ատենախոսը որեւէ մեղք չունի թերացումների համար, քանի որ ատենախոսության թեմայի վերնագիրը, որն առաջարկել են նրան կամ պարտադրել, ի սկզբանե սխալ ու անհաջող է եղել: Իսկ թեման Մխիթար Գոշի անվան համալսարանում է հաստատվել դեռ 2005 թվին, այսինքն՝ Անահիտը նրանց հայցվորն է, ընդդիմախոսությունը գրվել է Բրյուսովի անվան համալսարանում, իսկ պաշտպանությունը տեղի էր ունենում Մանկավարժականում: Անահիտ Պետրոսյանը շուրջ 10 տարի աշխատել է այդ թեմայի ուղղությամբ եւ հուզված՝ գիտխորհրդի վստահությունն էր հայցում՝ ատենախոսությունը կրկին պաշտպանության ներկայացնելու համար: Ամբողջ մտավախությունն այն էր, որ կստիպեն նորից թեմա ընտրել եւ զրոյից սկսել՝ անցնելով նախատեսված բոլոր փուլերը:
«Բրյուսովի անվան համալսարանն իմ առաջատար կազմակերպությունն էր ընտրված, որը դիտողություններ էր կատարել իմ աշխատանքի վերաբերյալ: Ես նախապես այդ դիտողությունները հաշվի էի առել եւ շտկել էի, բայց այս փուլում ես իրավունք չունեի շտկած տարբերակը ներկայացնել, որ պետք է ժամանակ խնդրեմ, որ նորից տամ քննարկման, կարծիքներ վերցնեմ եւ նոր ներկայացնեմ պաշտպանության. ես այդպես հասկացա: Ես թեման գրելու համար աշխատել եմ եւ մանկատանը, եւ ծնողների հետ, նաեւ ծերանոցում, բավականին մեծ աշխատանք եմ կատարել, կա նաեւ մանկավարժական փորձը, որ երկար տարիներ աշխատել եմ: Պարզապես համակարգիչս այրվել էր, տեքստը նորից արագ հավաքեցի, եւ այդ երկու էջ դիտողությունները հիմնականում վերաբերում էին ուղղագրական սխալներին, բաց թողած տառերին, որոնք շտապելու հետեւանք էին: Իսկ հիմա խմբագրված, ուղղված տարբերակով եմ ներկայացել, բայց պարզապես իրավունք չունեի ներկայացնելու»,- ասում է Անահիտ Պետրոսյանը:



Ֆելիքս
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ