Ռուսական էմիսարները նորից ակտիվանում են

Ռուսական էմիսարները նորից ակտիվանում են

ԵՏՄ-ին անդամագրության փաստաթղթի վավերացմանն ընդառաջ ռուսական քարոզչամեքենան նորից գործի է անցնում եվրասիականությամբ քողարկվող պուտինյան իմպերիալիզմի համար Հայաստանում համապատասխան ֆոն ապահովելու նպատակով: Այսօր Ազգային ժողովում կայանալու է հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստը, որի ընթացքում ռուս էմիսարներն ըստ էության ոչ թե նորից դասեր են տալու մեզ ռուսերենի թերի իմացության համար եւ սպառնալիքներ հնչեցնելու ռուսական մշակույթն անտեսելու հետ կապված, այլ պուպուշ դասախոսություններ են կարդալու, թե Ռուսաստանը զարգացող պետական միավորում է, իսկ Եվրոպան՝ կործանվող, հետընթացի եւ դեգրադացման մեջ գտնվող տարածք, ինչպես մեկ տարի առաջ պնդում էր «Գրիբոյեդով» հայտնի ակումբի անդամ եւ համատեղությամբ մեր ազգակից Սերգեյ Կուրղինյանը: Որոշ կարճ դադարից հետո նորից վերականգնվելու են այս ակումբի ամենամսյա ավանդական հավաքները: Մամուլում արդեն երկու տարի է՝ քննարկվում է «Գրիբոյեդով» անունը կրող երեւանյան ակումբի կիսագաղտնի գործունեությունը:



Ակումբը Հայաստանում հաստատվեց այն ժամանակ, երբ Եվրամիության եւ Ռուսաստանի դիմակայությունը դեռեւս այդքան սրված չէր Հայաստանում: Երեւանյան ակումբի հիմնադիրը ռուսաստանցի քաղաքագետ, լրագրող Դմիտրի Կիսելյովն է, ով շարունակում է պիտակավորել հետխորհրդային այն բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ովքեր ուզում են իրենց ապագան սեփական ուժերով տնօրինել, ինքնիշխան որոշում կայացնելու վճռականություն եւ կամք են հանդես բերում: Կիսելյովը կրկին Հայաստանում է: Այս ակումբի շրջանակներում ամիսը մեկ անգամ ՀՀ էլիտար ռեստորաններում հայ եւ ռուս հասարակական-քաղաքական, մշակութային գործիչները հանդիպում էին ու ինչ-որ հարցեր քննարկում: Իսկ այդ հավաքներից հետո անձամբ Կիսելյովը 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամի հաշիվներ էր փակում: ԱԺ-ում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից հետո, երբ Կիսելյովը մեղադրեց մեզ ռուսերեն չիմանալու, ռուսական դպրոցները փակելու մեջ, ասում են՝ նա նեղացած է հայ գործընկերներից եւ հատկապես ռուսական կուրացիան Հայաստանում ստանձնած Անդրանիկ Նիկողոսյանից եւ որոշել է բոյկոտով պատժել նրանց:
Առաջիկայում սպասվում է ռուսական քարոզչության այլ խոսափողների ինտենսիվ այցեր մեր երկիր, որոնք Հայաստանում փորձեր են անելու քարոզել պուտինյան եվրասիականությունը: Ընդ որում՝ այս գործընթացն էլ ավելի «հաճելի» եւ արդյունավետ դարձնելու համար Հայաստան է գործուղվելու մեր հայրենակից Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ով, ի դեպ, վերջերս որդի է պարգեւել հայազգի հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանին: Միայն վերջերս հայտնի դարձավ, որ Քեոսայանը բաժանվել է կնոջից` դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից՝ 21 տարվա համատեղ ամուսնությունից հետո, եւ գրեթե մեկ տարի է, ինչ հանդիպում է Մարգարիտա Սիմոնյանի հետ:
Երեկ էլ Հմայակ Հովհաննիսյանի Քաղաքագետների միության վարչությունն է վերսկսել ՀՔՄ կառույցում գործող «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների եւ քաղաքական կանխատեսումների ակումբում անցկացվող միջազգային ինտերնետ-կոնֆերանսների շարքը: Երեկվանը «Հայաստանը կատարեց գեոռազմավարական ընտրություն. հետեւանքները մեր երկրի եւ կովկասյան տարածաշրջանի համար» թեմայով էր: Քննարկմանը մասնակցում էր եւ գլխավոր ելույթով հանդես էր գալու Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը, ով հայտնի է իր իշխանական տրամադրություններով եւ պուտինյան քաղաքականության ջատագովի կեցվածքով:



Միհրանյանը նաեւ ներկաներին վստահեցրեց, որ ԵՏՄ-ի ստեղծմամբ Պուտինը խնդիր չունի վերականգնել նախկին Սովետական Միությունը, իսկ հարցին, թե ինչու Հայաստանն այդ միությունում հիմնադիրի եւ հավասարի կարգավիճակ չունի, ի տարբերություն մյուսների, Միհրանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ես կասեմ դառը ճշմարտությունը, որի հետ ավելի լավ է ապրել, քան գտնվել իլյուզիաների աշխարհում. այդքան էլ բարձր չէ Հայաստանի աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական արժեքը: Դա տխուր է գիտակցել, բայց դա այդպես է: Հայաստանն այնքան կշիռ ունի, որքան ունի, հասկանո՞ւմ եք, այստեղ պետք է պատրանքներ չունենալ: Հայաստանը փոքր երկիր է, ունի որոշակի ներուժ, եւ բոլոր մարդիկ, որոնք գործ ունեն Հայաստանի հետ, իրականում հասկանում են, թե ինչի հետ գործ ունեն. ինչ ռեսուրսներ կան՝ մարդկային, նյութական, հանքային, շուկայական, այս ամենն ունի իր գինը: Այստեղ մարդկանց պակասում է սթափությունը սեփական տեղի ու հնարավորությունների գնահատականի հարցում: Մշտական գերագնահատումը եւ ավելիի սպասումը, քան կարելի է ընդհանրապես սպասել, սխալ է»:



Հիշեցնենք, որ նախատեսվում է ԵՏՄ փաստաթուղթը ՀՀ ԱԺ վավերացմանը ներկայացնել նոյեմբերի 17-ին՝ խորհրդարանի արտահերթ նիստում: Իսկ մինչ այդ եւ դրանից հետո ռուսական քարոզչամեքենան ակտիվ գործունեություն կծավալի մեզանում: