Այսօր դերասանի կողմնակի աշխատանքից տուժում է թատրոնը. Վիգեն Ստեփանյան

Այսօր դերասանի կողմնակի աշխատանքից տուժում է թատրոնը. Վիգեն Ստեփանյան

Արվեստում խնդիրները տարաբնույթ են. ֆինանսական, ճաշակի, հնարավորությունների.Life.Panorama.am-ի զրուցակիցը կյանքի մեծ ու բովանդակալից ուղի ունի անցած, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, երբեմն նաև դերասան Վիգեն Ստեփանյանն է։



-Պարոն Ստեփանյան, դուք հանդես եք գալիս և՛ որպես սցենարիստ, և՛ որպես ռեժիսոր, նաև դերասան: Երեքը մեկում դժվար չէ՞:



- Գիտեք, երբ ես բեմադրում եմ իմ գրած պիեսը, այդ երկուսն իրար հրաշալի օգնում են: Դա կարող են վկայել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները, որոնց հետ չորս ներկայացում եմ բեմադրել՝ իմ իսկ գրած պիեսներով։ Որպես դերասան բեմ դուրս չեմ գալիս (բացառություն՝ Լիր արքա): Եթե պետք է ներկայանամ բեմում, ապա նախընտրում եմ, որ տվյալ պիեսի հեղինակն ու բեմադրիչը ես չլինեմ… Թեև, նման փորձ ունեցել եմ:



-Նախկինում ձեզ, որպես դերասան, հանդիպեցինք նաև սերիալում: Եվ հաճելի էր, և զարմանալի: Այսօր ինչո՞ւ ձեզ չենք տեսնում այնտեղ:



- Որովհետև նախկինում սերիալներին լուրջ էին վերաբերում։ Գնալով լրջությունը փոխվեց այլ նպատակներով։ Դա իմը չէ... Բազմիցս ասել եմ, կնկարահանվեմ միայն այն դեպքում, երբ կկարդամ սցենարն ամբողջությամ, կողքիս կլինեն լավ խաղընկերներ և պրոֆեսսիոնալ ռեժիսորներ ու օպերատորներ։



 -Իսկ ինքներդ երբևիցե ձեռնամուխ կլինե՞ք սերիալի նկարահանման:



- Ոչ մի դեպքում, դա իմը չէ։ Հատկապես մեր սերիալներում պետք չէ ռեժիսուրա, արագություն է պետք: Որքան շուտ նկարեն, այդքան լավ… Սերիալում որակ փնտրելն անիմաստ գործ է։



-Ինչո՞ւ թատրոնն այսօր չի կարողանում դերասանին պահել, ֆինանսական միջոցներ չունի՞: Որքան նկատել եմ, մարդիկ հետաքրքրված են թատրոնով ու հանդիսատեսի պակաս այնքան էլ չկա:



- Դա ավելի քան լուրջ հարց է։ Պետական աջակցությունը կա, վերջերս բարձրացավ աշխատավարձը: Բայց արդյո՞ք դա բավարար է… Դրա համար էլ դերասանը նախըտրում է սերիալներում նկարվել, ձայնագրություններ անել... Բայց գիտեք, մենք էլ ժամանակին նկարվում էինք, ձայնագրվում, բայց դա երբեք ի վնաս թատրոնի չէր լինում: Այսօր դերասանի կողմնակի աշխատանքից տուժում է թատրոնը: Այ դա է ցավալին։



-Ի՞նչն է պատճառը, որ թեև լավ ներկայացումներ, կարողանում ենք բեմադրել, որոշ փառատոնների մասնակցել, բայց՝ հազվադեպ: Իսկ հետաքրքիր, դասական ֆիլմերը գրեթե բացառություններ են:



- Կարծում եմ պատասխանը պարզ է. անհրաժեշտ գումարի բացակայություն, որը թույլ կտար որակյալ գործ անել։ Պ.Պրոշյանի «Հացի խնդիրը», որը պատիվ ունեցա բեմադրել Համազգային թատրոնում՝ Սոս Սարգսյանի հետ միասին, բեմ չէր բարձրանա, եթե չլիներ «Գրանդ քենդի» ընկերությունը, որը բոլոր ծախսերը վերցրեց իր վրա։ Առանց նյութական օժանդակության գրեթե անհնարին է որակյալ գործ բեմադրել։



 -Ըստ ձեզ՝ այսօրվա հանդիսատեսը «հագեցա՞ծ» է հոգևոր սնունդով:



- Նայած ում և ինչ որակի «սննդի» մասին է խոսքը...Եթե զավեշտի մասին է, ինձ թվում է՝ խնդիր չկա. կինոկատակերգությունները մեզանում չեն պակասում։ Եթե մարդիկ այդպիսի ֆիլմերի տոմսերը վայրկյանների ընթացքում տանում են, արվեստի որակի հետ կապված հարցերը դառնում են անկերևոր: Այստեղ չափանիշը դրամն է և ոչ թե արվեստը։ Կոպիտ ասած՝ բնակչությունը ճաշակում է այն, ինչ նրան մատուցում են։



-Պարոն Ստեփանյան, դերասանն իրեն գնահատված զգո՞ւմ է Հայաստանում:



- Երևի այդ հարցը ուղղեք դերասաններին: Բայց ես միայն մեկ բան գիտեմ, այն դերասանը, որը գոհ է իր խաղացած դերից, իր ստեղծած կերպարից, և ընդհանրապես՝ ինքն իրենից, թույլ տվեք ասել՝ նա դերասան չի, արվեստագետ չի։



-Շատերը փնտրում են հնարավորություն՝ երկրից դուրս գալու: Դուք մի պահ ապրում էիք Լիբանանում: Ի՞նչը ձեզ վերադարձրեց: Չե՞ք զղջացել:



- Երբեք… Ես մեկնել էի ընտանիքիս հետ: Ես և կինս հրավեր ունեինք, արտասահմանում շարունակել ենք զբաղվել միայն մեր գործով։ Բայց Երևան քաղաքը միայն այստեղ է՝ Հայաստանում: Նրա պակասը շատ էի զգում: Որքա՞ն կարելի էր մնալ հյուրի կարգավիճակով: Իսկ այստեղ ես տանն եմ, իմ տանը:



-Առաջին հայացքից ավանդապահ հայ տղամարդ եք: Այդպե՞ս է:



- Ես նախ տղամարդ եմ, իսկ ավանդապահ եմ, թե ոչ՝ չգիտեմ, հատուկ չեմ մտածել ավանդապահ լինելուլ մասին։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ընտանիքս և շրջապատս ինձ այդպես էլ ընդունում են։



 -Շատ հայ տղամարդիկ դեմ են կնոջ աշխատանքին: Ըստ ձեզ՝ կինը պե՞տք է աշխատի:



-Իմ կինը երաժիշտ է, և լավ երաժիշտ է։ Իր երիտասարդ տարիները նվիրել է այդ լավ երաժիշտ դառնալու գործին։ Ամենամեծ հիմարությունն է արգելել մարդուն՝ անել այն, ինչին նա նվիրել է իր կյանքը, ինչով նա ապրում է, ստեղծագործում։ Մանավանդ, չեմ նկատել, որ որպես տանտիրուհի, տանտիկին ու մայր՝ թերանա: Կլինի դա երեխայի դաստիարակությունը, թե ժամանակին արդուկված շապիկները։



-Գո՞հ եք այսօրվա երիտասարդությունից՝ թե որպես ուսուցիչ, թե որպես քաղաքացի:



- Երիտասարդությունը, որպես կյանքի շարժող ուժ, որպես երկրի ապագա՝ վատը լինել չի կարող։ Պարզապես պետք է ճիշտ կրթել և ամենակարևորը՝ բարձր ճաշակ ձևավորել նրանց մոտ։



-Երիտասարդ տարիներին Ձեր կյանքում ճակատագրական դեր խաղացած մարդիկ եղե՞լ են:



- Անշուշտ եղել են, և ես շնորհակալ եմ նրանց, որ կարողացել են դառնալ ինձ համար ճակատագրական նշանակություն ունեցող մարդիկ։ Ամեն տեսակի հարցերում՝ և լավ, և վատ։



-Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:



- Դե, կինս թավջութակարուհի է, այժմ դասավանդում է կոնսերվատորիայում: Աղջիկս ապրում է Փարիզում: Կինոռեժիսեր է, արդեն ունի մի քանի լուրջ միջազգային մրցանակներ։ Տղաս ԱՄՆ-ում է ապրում: Արվեստի հետ կապ չունի: Ինչպես ինքն է ասում՝ կարգին գործով է զբաղվում (ծիծաղում է):



-Իսկ դո՞ւք հիմա ինչով եք զբաղված, ի՞նչ նորություններ ունեք:



-Նոր և շատ հետաքրքիր ծրագրեր ունեմ, որոնք կապված են Օպերայի և բալետի թատրոնի հետ: Բայց եկեք պայմանավորվենք ու մանրամասն խոսենք այդ ծրագրերն իրականացնելուց հետո…