Հայ-վրացական համատեղ ուժերով կստեղծվի Ջիվանու տուն-թանգարանը

Հայ-վրացական համատեղ ուժերով կստեղծվի Ջիվանու տուն-թանգարանը

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը նախաձեռնել է Ջավախքի Կարծախ գյուղում ստեղծել Ջիվանու տուն-թանգարանը, ինչի առիթով երեկ հանձնաժողովն առաջին նիստն էր հրավիրել: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նշեց, որ հանդիպումներ են ունեցել տեղում, վրացական կողմին առաջարկել են տուն-թանգարանը կառուցել համատեղ ուժերով եւ համատեղ ֆինանսավորմամբ, ինչին տեղական մարմինները համաձայնել են: Սահակյանը նշեց, որ հիմա Ջավախքում սկսվել է հարկային տեռոր, եւ առաջարկել են արագ հիմնել աուդիտորական կազմակերպություն, որ կարողանան լիարժեք պաշտպանել գործարարների իրավունքները:



Ներկայացնելով Ջիվանու տուն-թանգարանի շենքի նախագիծը՝ ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանն էլ նշեց, որ այցելել են Ջիվանու հարազատ Կարծախ գյուղ, չափագրել կառույցը, համոզվել, որ տունը լավ վիճակում է եւ միանգամայն կարող է ծառայել որպես թանգարան. «Այդ ամբողջ համալիրը բաղկացած է 2 հատվածից, 1-ին հատվածը բարդ կառույց էր, ենթադրվում է, որ դա կառուցվել է 1800-ականներից մինչեւ 1900-ականները, իսկ 2-րդ կառույցը 1964-ին կառուցված կցակառույց է: Հին հատվածը, որտեղ ծնվել է Ջիվանին, որտեղ են նաեւ գոմը, թոնրատունը, ջրհորը, մարագը, ցախատունը, դրանք պահպանում ենք այնպես, ոնց որ այսօր կա՝ իր բոլոր ատրիբուտներով, միայն փոխում ենք ծածկը, բոլոր անպիտան կրով կոնստրուկցիաները եւ վերականգնում այնպես, ինչպես կա: Թանգարանի հիմնական ծախսը պետք է լինի տանիքը, շեշտվելու է նաեւ շենքի մուտքը»: 1964թ. կառուցված նոր կառույցը վերածվելու է ցուցասրահի, այդպես արվում է, ըստ Մութաֆյանի, որպեսզի քիչ լինեն կապիտալ ներդրումները, եւ, ի վերջո, լուրջ միջամտություն չլինի:



Համալիրի կառուցապատման մակերեսը 352 քմ է, իսկ թանգարանային հատվածինը՝ 210քմ: Ճարտարապետի նախնական հաշվարկով, թանգարանի նորոգումը, առանց ներքին կահավորման, կարժենա 60 հազար դոլար: Հիմնադրամից վստահեցրին, թե լիահույս են, որ նորմալ ֆինանսավորում կլինի, եւ որեւէ խնդիր չեն ունենա ֆինանսի հետ կապված:
Չնայած «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներն ուզում էին թանգարանը մինչեւ հունիս կառուցված տեսնել, բայց քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ դժվար կլինի հասցնել մինչեւ այդ ժամկետը, որովհետեւ մարտից մինչեւ հունիս անձրեւներ են տեղում, ինչը կխոչընդոտի շինարարական ընթացքին: Ի վերջո, որոշվեց շինթույլտվությունն ստանալուց հետո միայն ժամանակացույցը հաստատել, որովհետեւ այն հաճախ ձգվում է մինչեւ մեկ տարի, իսկ դա նշանակում է, որ թանգարանի բացումն իրատեսական կլինի 2016-ին: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ առաջարկեց 2016-ը հռչակել Ջիվանու տարի եւ դրանով նաեւ պետական օղակների ուշադրությունը սեւեռել այս հարցին:



Հանձնաժողովի անդամ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին էլ հետաքրքրում էր, թե վրացական կողմն ինչքանով է պատրաստակամ, եւ հնարավո՞ր է հետո խոչընդոտներ ստեղծեն ու փաստի առաջ կանգնեցնեն, ինչին հիմնադրամից պատասխանեցին, որ վերաբերմունքը դրական է եղել, եւ դժվար թե լուրջ խնդիրներ ծագեն իշխանությունների հետ, ավելին՝ տեղական իշխանություններին ներգրավել են աշխատանքային խմբում: Խոսվեց նաեւ թանգարանի պետական ստատուս ունենալ-չունենալու մասին, ինչին Կարինե Խոդիկյանը նկատեց, որ թանգարանի օրինականացման հարցը պետք է լուծեն վրացական իշխանությունները: