Ամանորյա միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 22-ից

Ամանորյա միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 22-ից

Երեւանում ամանորյա լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը: Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին, ժ. 19:00-ին, որից հետո կմիացվի ամբողջ Երեւանի տոնական լուսավորությունը: Միջոցառումը կշարունակվի էստրադային համերգային ծրագրով՝ հանրահայտ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Արդեն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը: Իսկ Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան եւ շարունակվելու է մինչեւ կեսգիշերն անց. ուղիղ կեսգիշերին տարեմուտը կնշանավորվի ամանորյա մեծ հրավառությամբ, որին հաջորդելու է համերգային ծրագիր՝ երաժշտական խմբերի մասնակցությամբ:



Վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում, մինչեւ հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ: Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է լինելու հատկապես մանուկների համար: Ժամը 15:00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբերը, այլեւ վաստակավոր, ժողովրդական արտիստներ, ովքեր կկատարեն մանկական երգեր: Իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդի տոնին, Հանրապետության հրապարակի բեմում ելույթ կունենան ազգային երգի ու պարի, ինչպես նաեւ հոգեւոր երաժշտություն կատարող համույթներ: Ամանորյա միջոցառումների ամփոփիչ համերգը կլինի հունվարի 13-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ: