Մի՞թե քաղցած երեխան, ով հորից հաց է ուզում, քացու տակ են գցում…

Մի՞թե քաղցած երեխան, ով հորից հաց է ուզում,  քացու տակ են գցում…

Արցախյան պատերազմի ժամանակ մտովի հիշենք՝ ովքե՞ր էին անձնանվեր կռվողները: Ակտիվ տղաները, ովքեր չէին համակերպվում ստրկության, բռնության հետ: Ովքեր ազատ ճախրող հոգի ունեին, ու մահը նրանց համար սարսափելի չէր: Ու կարծում եմ դա մեզ դաս պիտի լինի, որպեսզի չկոտրենք թռչող թևերը ու յուրաքանչյուր ոք, ով ոչ է ասում բռնությանը, ստրկությանը, ով չի համակերպվում ազգի թշվառ վիճակի հետ, փայփայե՜նք… Վաղը այդ տղաներն են պահելու մեր հողը, երկիրը և ոչ թե նրանք, ովքեր կերակրամանների մոտ ծնկի իջած սնունդ են ներքաշում:
Թաքնվել պետք չէ, ակտիվ քաղաքացիներին ծեծողների երամը պարզ է, թե որտեղից է գալիս, իրենք էլ չեն թաքնվում, խոսում են պարզ: Լսենք Վաղինակ Շուշանյանին. «Երկու երիտասարդներ հարձակվեցին ու ասացին՝ «ա՛յ թուլա, դո՞ւ էիր երեկ նախագահին քրֆում», հետո գցեցին գետնին ու սկսեցին հարվածել, որի պատճառով շրթունքս է պատռվել, գլուխս է վնասվել»: Սրանից ավելի պարզ բացատրությու՞ն…
Հետո՞… Սրանով հա՞րց է լուծվում: Այդքան կարևոր ու բարձր ինստիտուտ, ինչպիսին նախագահականն է, մի՞ թե կարելի է այս մակարդակի իջեցնել, այս կերպ պաշտպանել: Բոլոր գործուն մեխանիզմները, որոնք կարող են ի շահ երկրի, ի շահ նախագահի, ի շահ քաղաքացու լինել, այլևս չե՞ն գործում: Մի՞թե քաղցած երեխան, ով հորից հաց է ուզում, քացու տակ են գցում:
Հարգելի նախագահ, ժողովուրդդ քաղցած է, ու այդ քաղցը, անարադարությունն է նրան ըմբոստացրել, որ ջուրն արդեն ծեծում է ափերը: Ասֆալտի վրա արյունաշաղախ անելով ընդվզողին, հարց չի լուծվի, որովհետև վախից ավելի զորեղ մի բան կա՝ արժանապատվությունը: Հենց այդ կարևոր բանը գտնելու համար է, որ ՀՀ քաղաքացին հեռանում է երկրից: Քաղցին կարելի է դիմանալ, դիմանում ենք, բայց առանց արժանապատվության ապրելը մեռած լինելն է:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ