Նշանդրեքը՝ դեկտեմբերի 23-ին, հարսանիքը՝ հունվարի 2-ին

Նշանդրեքը՝ դեկտեմբերի 23-ին, հարսանիքը՝ հունվարի 2-ին

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, կհայտարարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման գործողությունների ավարտի մասին, ինչի արդյունքում երկիրը ԵՏՄ անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 2-ից, РИА Новости-ի հաղորդմամբ` հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Երեք երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) նախագահները վաղը կհայտարարեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման գործողությունների ավարտը: Հայաստանը միության լիիրավ անդամ կդառնա արդեն միության ստեղծման հաջորդ օրը, այսինքն` 2015 թվականի հունվարի 2-ին»,- ասել է Ուշակովը:

Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից` ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը պայմանագիրն ստորագրել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին: ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացրել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները: