Գորիկ Հակոբյանը դա չգիտի՞…

Գորիկ  Հակոբյանը դա չգիտի՞…

Գորիկ Հակոբյանի հայտարարության արձագանքները, ինչքանով իրազեկվում եմ, որակվում է որպես նախազգուշացում, զգուշացում, վախի սերմանում: Հիշեցնեմ, որ ԱԱԾ աշխատողի օրվա առիթով ելույթում նա հայտարարել էր, թե ԱԱԾ-ն կողմնակի դիտորդ չի լինելու ապստամբությունների, իշխանությունն ուժով տապալելու կոչերի հանդեպ՝ կմիջամտեն ու թույլ չեն տա տապալել սահմանադրական կարգը: Բայց ես կարծում եմ, որ սա ոչ հիշեցում, ոչ նախազգուշացում, ոչ էլ զգուշացում է, այն ավելի խորը բնույթ ունի, քան կարծում ենք ու բարձրաձայնում: Անհասցե այս հայտարարությունը վկայություն է՝ քաղաքական ընդդիմադիր դաշտի գլխին եկող գալիք տհաճությունների մասին:



Ցանկացած ազատ խոսքի արտահայտում, ցանկացած խաղաղ միտինգ կարող է որակվել որպես իշխանության տապալման փորձ, սահմանադրական կարգի խախտում ու այդ իմիտացիայի տակ մեկուսացվեն «իրենց սև ցուցակում ընդգրկված» քաղաքական դեմքերն ու ակտիվ անհատները: Եթե դա հաջողվի իրականացնել, այս ժամանակաշրջանը Հայաստանի կյանքում կարձանագրվի որպես պատմության մեջ եղած ամենագորշ ժամանակաշրջան: Ուզում եմ քաղաքական այս երևույթը բացատրել ամենակարող բնության տիպիկ օրինակով: Պատկերացրեք լայնարձակ մի դաշտ, ուր երկնի ընծայած ողջ ծաղկունքն իր բազմագույն երանգներով ծիածանվում է: Ու հանկարծ, մարդկային մի ձեռք ուզում է, որ դաշտը մի գույն ունենա, այն գույնը, որն «իր աչքը հանգստացնում է»:



Ու սկսում է արմատախիլ անել առաջին հերթին բոլոր վառ երանգները, ճչացող գույները, բուրավետ սորտերը: Ու դաշտը վերածում է մի դժգույն գերեզմանատան: Կարճ ժամանակ հետո խամրում է ողջ դաշտը: Իսկ նոր ծաղկունքին կրկին վառվում են երկնի կողմից շռայլած գույները: Սա օրինաչափություն է: Նույն օրինաչափությունը գործում է նաև հասարակության մեջ: Մի ամայացրեք քաղաքական դաշտը, վառ գույները մի վերացրեք, այն կրկին հառնելու է ու ավելի բոսոր երանգներով: Ինչպես արևածագը չի կարող կորցնել իր վառ ոսկին, այնպես էլ հասարակությունը չի կարող զրկվել իր շքեղ գույներից: Գորիկ Հակոբյանը դա չգիտի՞… Չեմ կարծում:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ