Ծեծ և իմպոտենցիա

Ծեծ և իմպոտենցիա

Մեր իշխանական վերնախավի «ուտող-խմող» տղամարդկանց շրջանում մեծ տարածում ունեն իմպոտենտների մասին անեկդոտները: Տղամարդկանց, հավանաբար, դուր է գալիս, որ իմպոտենտն իրենք չեն, այլ՝ անեկդոտների հերոսները: Ասենք, ծերուկը՝ վերջին մոդայիկ անեկդոտից, որը գնում է բժշկի եւ իր տղամարդկային ուժի քառապատկում է պահանջում՝ առավոտ-ցերեկ-երեկո-գիշեր գրաֆիկով, որովհետեւ իր 80-ամյա հարեւանն ասել է, որ իր մոտ այս գրաֆիկն ստացվում է: Բժիշկն էլ պատասխանում է. «Է՜, դու էլ ասա»:



Երկու օր առաջ, երիտասարդ երկրապահների համագումարի ժամանակ այս անեկդոտը լրագրողների համար պատմեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ի պատասխան նրանց պնդման, թե ասում են, որ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է ծեծել ազատամարտիկներին: Երանոսյանն է ծեծել, թե նրա թիկնապահները, թե գինովցած ազատամարտիկներն իրենք իրենցով են հայհոյել նախագահին, թե դա եղել է այն բանից հետո, երբ Երանոսյանը փորձել է «վերբովկա» անել իրենց, ի վերջո, այնքան էլ էական չէ:



Իշխանությունը պետք է պատրաստ լինի հայհոյանքի



Էական է ծեծի կրկնությունը եւ այն, որ «ծեծ-քֆուրի դիմաց» թեման ուղղակի առնչվում է իմպոտենցիա հիվանդության հետ: Այս դեպքում իրենց անկարողությունն ու թուլությունն են հաստատում եւ ծեծողը, եւ հայհոյողը: Մարդիկ անօգնական հայհոյում են, երբ այլեւս անկարող են որեւէ կերպ ստիպել իշխանությանը մտածել ժողովրդի մասին, եւ նրանց համար «Սերժին քրֆելը» բնական լիցքաթափում է այլեւս: Հայհոյողին ծեծողը նույնքան անօգնական է, ինչպես կնոջը ծեծող տղամարդը, որն այլեւս անկարող է նրան բավարարել: Նա ի վիճակի չէ խնդիրները լուծելու ավելի արժանապատիվ ձեւ գտնել: Ուստի փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի նման սպառնում է, որ կկտրի իր ներկայությամբ գլխավոր իշխանավորին հայհոյողի ականջը: 



Վաղինակ Շուշանյան. «Ժապավենները ֆիքսել են հանցագործների դեմքերը»



«Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ ոնց ա ականջներս կտրելու»,- գների թանկացման դեմ ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը եւ մեկ օր անց ծեծվեց «Բակալեյա» եւ «Լայթ սթայլ» խանութների դիմաց: 23-25 տարեկան անծանոթ տղաներ հարձակվեցին ակտիվիստի վրա, երբ նա սիգարետը ձեռքին դուրս էր գալիս խանութից, տապալեցին գետնին եւ սկսեցին ոտքերով հարվածել: «Ասեցին՝ դու իմ նախագահին ես քրֆում, այ թուլա, դե կեր, ու սկսեցին հարվածել: Ես ռեակցիա չհասցրի տալ, փորձեցի մեկի ոտքը բռնեմ, մյուսը ոտքով հարվածեց շրթունքիս: Եթե ոտքի կանգնեի, հաստատ չէին կարողանա իրենց փոքրամարմին վիճակով իմ հարցերը լուծել: Մարդիկ իմ բղավոցից դուրս թափվեցին:



Նրանք փախան «Լայթ սթայլ» խանութի կողմը: Որ տեսնեմ՝ կճանաչեմ հաստատ»,- պատմեց մեզ Շուշանյանը, պնդելով, որ ինքը հանգիստ տղա է, իրավաբան եւ ոչ մեկի հետ անձնական խնդիրներ չի ունեցել: «Համոզված եմ, որ ծեծի բոլոր դեպքերը կապակցված են»,- ասաց նա: Ոստիկանությունը խոստանում է անաչառ քննություն, բայց դեպքից 4-5 օր է անցել, իսկ «Բակալեյա» եւ «Լայթ սթայլ» խանութների տեսաձայնագրող սարքերի ժապավենների վերծանությունը չկա: Բացի այդ, Հանրապետության փողոցի այդ հատվածում կարմիր գծեր են, որոնց տեսախցիկները լավագույն որակն ունեն եւ ընդարձակ, քառակողմ տեսադաշտ: Բացառվում է, որ դրանք ֆիքսած չլինեին ծեծողների դեմքերը, եւ եթե մինչ այս պահը ոչ մի հայտարարություն չկա, ուրեմն մեծ է հավանականությունը, որ այդ տղաներն «անտեր» չեն:



Սրա հետ կապված՝ հիշեցինք անցյալ տարվա նոյեմբերի 1-ի դեպքը, երբ ՀԱԿ գրասենյակ էր մտել դանակները ձեռքին քաղաքացին՝ Սպիտակի նախկին քաղաքապետը, եւ սպառնացել էր Լեւոն Զուրաբյանին՝ իշխանությանը քննադատելու համար: Ոստիկանությունը զննեց դրսում տեղադրված տեսախցիկների ժապավենները եւ երկու օրում բերման ենթարկեց քաղաքացուն: Հետագայում նա անմեղսունակ ճանաչվեց եւ դատապարտվեց հարկադիր բուժման: Հավանաբար, տեր չուներ: Այս անգամ տեսախցիկները ոչ թե մեկ, այլ չորս կողմից են եղել տեղադրված, բայց հանցագործներին դեռ չեն ճանաչել կամ էլ չեն ցանկանում ճանաչել:



Սվազյանին թեթև մեղադրանք են առաջադրել



Նույն դանդաղկոտությունն ու անհասկանալի պահվածքը իրավապահները դրսեւորեցին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքով: Նրան ծեծող անձին՝ Արշակ Սվազյանին, մեղադրանք է առաջադրվել թեթեւ հոդվածով՝ ՀՀ ՔՕ 117-րդ, դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, որը նույնիսկ կալանք չի ենթադրում: Մինչդեռ ակնհայտ էին 113 հոդվածի 2-րդ մասի հատկանիշները՝ «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» կազմակերպված խմբի կողմից (այս հոդվածը ենթադրում է ոչ թե տուգանք կամ կարճատեւ կալանք, այլ ազատազրկում առնվազն 5 տարի ժամկետով՝ Ս. Ս.):



Այս կարծիքն է «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել ՀԱԿ իրավական համակարգող, Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանի, ուղեղի ցնցումը, որը հայտնաբերվել է տոմոգրաֆիկ հետազոտության ժամանակ, բերելու է առողջության երկարատեւ քայքայման, հետեւապես գոնե միջին ծանրության հոդվածով մեղադրանք է ենթադրում: «Կարծում եմ, որ գործել է խումբ, քանի որ ծեծողը տեղեկացվել է ինչ-որ մեկի կողմից, որ Արամ Մանուկյանը հասնում է տուն, եւ մտել է մուտք Արամ Մանուկյանի գալուց 40 վայրկյան առաջ»: Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ դատավարության ընթացքում պահանջելու է հոդվածի փոփոխություն, մեղադրանքի խստացում:



Ժողովրդին մնում է հայհոյել



ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ծրագրային ելույթն ԱԱԾ աշխատողի մասնագիտական տոնին բավական էր հասկանալու համար, որ իրավապահները հակված են կամ առաջադրանք ունեն հովանավորելու ծեծող բրիգադները: Ասելով, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում, Գորիկ Հակոբյանը ոչ թե Երեւանում օրը ցերեկով տեղի ունեցող ահաբեկչությունները նկատի ուներ, այլ հենց «քֆուրը»:



«Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր… Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում վճռականորեն կանխելու համար»,- նախազգուշացրել է ԱԱԾ տնօրենը բոլոր դժգոհներին: Իսկ դժգոհությունը կամ, ավելի պատկերավոր ասած, «քֆուրը» այս օրերին գերիշխող տրամադրությունն է:



Այն արտահայտվում է ազատամարտիկների կերուխումի ժամանակ, ընդդիմադիր պատգամավորների ելույթներում, ակտիվիստների բողոքի ակցիաների ժամանակ, մթերային խանութներում, երբ միջին վիճակագրական հայը ծանոթանում է դեպի վեր թռչող գներին: Եվ ի՞նչ է նրան մնում անել: Միայն հայհոյել: Իրավիճակ փոխելու այլ լծակներ նա չունի: