Եթե չկա ընդդիմություն, չկա նաև իշխանություն

Եթե չկա ընդդիմություն, չկա նաև իշխանություն

Երեկ, կարելի է ասել, Գագիկ Ծառուկյանը խոնարհվեց Սերժ Սարգսյանի եւ նրա թիմակիցների առջեւ՝ լեգիտիմացնելով իրեն ուղղված բնորոշումներն ու իր՝ քաղաքական դաշտից «մաքրվելու» հրամայականը: Դեռ մեկ օր առաջ «չարիքի իշխանության» դեմ հոխորտացող Ծառուկյանը խուճապահար փախավ մարտի դաշտից՝ գցելով իր ու սեփական կուսակցության վարկանիշը: Մինչդեռ ինքն ու իր համախոհները մինչ այդ պնդում էին, որ ոչնչի առջեւ կանգ չեն առնելու եւ առաջ են գնալու հանուն հայրենիքի փրկության: Ինչո՞ւ հանկարծ հանձնվեց թշնամուն, ինչո՞վ սպառնացին նրան: Սրա մասին ԲՀԿ-ականները դեռ չեն խոսում, նրանք թերեւս իրենց խաբված են զգում ու չգիտեն ինչպես մանեւրել, իսկ ՀՀԿ-ականներն իրենց տեռորի արդյունքում ձեռք բերված նահանջի դափնիներն են վայելում: Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ:



- Պարոն Նիկոյան, Ծառուկյանի՝ մինչեւ վերջ գնալու խոստմանն իշխանությունը պատասխանեց ռեպրեսիաներով եւ հարկային ու քրեական լծակները գործի դնելով, որը բնութագրեցիք «կանխարգելիչ գործողություններ»: Սրան հաջորդեց հայտնի հանդիպումը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ, ապա Ծառուկյանի «կանգ առնելու» հայտարարությունը: Ի՞նչ շահեց իշխանությունը, ՀՀԿ-ն:



- Ես չէի ուզենա հարցադրում անել՝ ինչ շահեց Հանրապետականը, այլ ինչպիսի իրավիճակ ստեղծվեց, ու մեր ժողովուրդն ինչ շահեց: Եվ կարծում եմ հետեւյալը. բոլորս շահեցինք ինչ-որ ժամանակ մի քիչ սառը, սթափ տրամաբանությամբ մտածել հնարավոր հետագա քայլերի մասին, ինչի մասին հստակ նշել է Գագիկ Ծառուկյանը: Նրա նախկին կոշտ հայտարարությունը պահի ազդեցության տակ էր, որից հետո շատ ճիշտ որոշում կայացրեց, ես ողջունում եմ այդ որոշումը:



- Ի վերջո, ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է հաջողվել գործընթացները կանգնեցնել, նահանջի դիմաց ի՞նչ զիջեցիք Ծառուկյանին:



- Ես այս պահին որեւէ տեղեկություն չունեմ, որ ասեմ՝ ինչ գնով, բայց դրա գինը ներքաղաքական հանդարտությունն է: Այն մտածելակերպը, որ հիմա շատ է քննարկվում, թե ով ում հաղթեց, ես չէի ուզենա, որ այդ հարթության մեջ քննարկումներ լինեն:



- Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հավանակա՞ն եք համարում:



- Որպեսզի հասկանանք, թե հնարավո՞ր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պետք է լավ ուսումնասիրենք մեր Սահմանադրությունը եւ հասկանանք, թե որ պայմաններում է հնարավոր սահմանադրորեն պառլամենտի լուծարումը եւ նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը, դա բավականին բարդ պրոցես է, եւ որեւիցե մեկը չի պատրաստվում օրենքները խախտելով՝ լուծարել խորհրդարանը: Միշտ ասում են՝ այս պահին խորհրդարանը չի համապատասխանում հասարակության մեջ քաղաքական տրամադրություններին, այո, էդպես է, ընտրություններից մեկ օր հետո արդեն չի համապատասխանում, եթե մեկ ամիս հետո էլ նշանակվեր, հավանաբար, էլի չէր համապատասխանի: Այդ օրվա դրությամբ է ընտրողների հարաբերակցությունը որոշվում: Այդ տրամադրությամբ որ առաջնորդվենք, պիտի ամեն տարի լուծարենք խորհրդարանը:



- Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարո՞ղ է կանգ առնել դարձյալ ներքաղաքական «անդորրի» պատրվակով:



- Սահմանադրական փոփոխություններից նահանջի նախանշաններ ես չեմ տեսնում, ընդհակառակը, կարող եմ ասել, որ մինչեւ հիմա եղած քայլերը վստահեցնում են, որ գնալու ենք այդ փոփոխություններին, անպայման:



- Ծառուկյանի նկատմամբ ռեպրեսիաները դադարեցնելու Քոչարյանի կոչը որեւէ ազդեցություն ունեցա՞վ հաշտեցման գործում: Կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանը, Ծառուկյանի նահանջին հասնելով, ոչնչացրեց Քոչարյանին, այդպե՞ս է:



- Ես չեմ կարող համաձայնել այդ գնահատականի հետ, պաշտոնապես Քոչարյանը ներքաղաքական իրավիճակը կայունացնելու օգտին է խոսել, ինչը տեղի ունեցավ եւ կայունացավ: Հանրապետության նախագահն ի լուր աշխարհի նշել է, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, նա չի կարող որեւէ սպառնալիքի, միջնորդության ճանապարհով գնալ այն քայլին, որ իր ասած խոսքերը թերի մնան ու չկատարված, որ մի ամիս հետո էլ քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ու մնացածը կարող են հոխորտալ, թե խոսքդ չես կատարում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նախագահն իր ասած քայլերը տրամաբանության շրջանակներում կատարելու է: Այն մակարդակով, որքանով որ հայտարարվել ու որքանով որ անհրաժեշտ է այդ պահին:



- Սերժ Սարգսյանի հայտարարությունների թվում էին Ծառուկյանին մանդատից զրկելը, տարիներ շարունակ նրա մասնակցությամբ քրեական հանցագործությունների ու չվճարված հարկերի մասին շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելը: ԲՀԿ-ի զինադադարից հետո այս լուրերն ի՞նչ ընթացք են ստանալու:



- Եթե ուշադիր եք, նախագահը եւս չէր պնդում, ընդամենը ասում էր՝ լուրերի մակարդակով, եւ Աստված տա, որ հերքվեն դրանք: Իսկ եթե չհերքվեն, իհարկե, օրենքի առջեւ բոլորն էլ պատասխանատու են:



- Իսկ գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ երկրի նախագահի մակարդակով արված հայտարարությանը պատշաճ ընթացք չի տրվի, ինչն էլ ավելի կնպաստի իշխանության, Հանրապետական կուսակցության (առանց այն էլ ընկած) վարկանիշի անկմանը:



- Այստեղ խնդիրը երկու կուսակցության ղեկավարի մակարդակով տեղի ունեցած բախմանը չի վերաբերում, այլ հանրապետության նախագահին, նրա կոնկրետ հանձնարարություններին: Ինչպես գիտեք, այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են եւ տարվում են, նորից եմ կրկնում՝ որեւէ մեկը չի ուզում, որ շրջանառվող այդ լուրերը ճիշտ լինեն, բայց եթե հերքվեն, ինչպես նախագահն է ասել՝ շատ ավելի լավ, քաղաքացի ու գործարար Ծառուկյանի հետ որեւէ խնդիր չունի:



- Այսինքն, եթե Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է գալիս, այդ լուրերը մնալու են ճակատագրի քմահաճույքի՞ն:



- Դուք ասացիք: Ընդհանուր առմամբ, ներքաղաքական նման իրավիճակներում ես ցանկանում եմ ներքաղաքական խնդիրների լուծումը տեսնել միայն քաղաքական դաշտում եւ այնպիսի լուծումներ, որից չտուժեն պետականությունը եւ հասարակության վերաբերմունքը դեպի պետականությունը:



- ԲՀԿ-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելը, իր կոշտ հայտարարությունից 24 ժամ անց «չարիքի» ձեռքը սեղմելն ինչի՞ մասին է վկայում, Ծառուկյանն ու իր թիմակիցները չէի՞ն հաշվարկել Սերժ Սարգսյանի պոռթկումներն ու դրանց դիմադրելու մեխանիզմները:



- Մի մասը հաշվի չէր առել, մի մասի քաղաքական փորձառությունն էր պակաս, մի մասն էլ չէր հասկանում իշխանության տրամաբանությունը, մի մասն էլ, շատ լավ ճանաչելով, ուզում էր Ծառուկյան Գագիկի ձեռքով կրակից շագանակներ հանել, մի խոսքով, ուզում էին իրենց քաղաքական ծրագրերն իրականացնել Ծառուկյանի միջոցով, նրան հրեցին դարձրին ցցուն ու քաղաքական հավակնությունները հայտնեցին նրա շուրթերով, հետեւաբար, ամբողջ հարվածն ուղղեցին նրա վրա: Նրանց հաջողվեց անել, բայց Ծառուկյանն ունի բավարար չափով խոհեմություն, եւ, կարծում եմ՝ իրավիճակը սթափ դատեց ու հասկացավ, որ բոլորի իղձերը, ցանկությունները քաղաքական դաշտում իր միջոցով են ուզում իրականացնել: Կյանքը ցույց կտա, թե ով որտեղ մնաց:



- Պարոն Նիկոյան, Սերժ Սարգսյանը Ծառուկյանի նահանջը պարտադրելով՝ ի՞նչ ապացուցեց՝ որ ինքն ի զորո՞ւ է ոչնչացնել ընդդիմությանը ցանկացած պահի:



- Ոչ, որեւէ մեկը չի ուզում եւ չի էլ կարող ոչնչացնել ընդդիմությանը, եթե չկա ընդդիմություն, չկա նաեւ իշխանություն, թույլ ընդդիմություն ունենում է թույլ իշխանությունը եւ թույլ պետությունը: Խոսքը նրան է վերաբերում, որ քաղաքական դաշտը վերադարձվելու է քաղաքական գործիչներին:



- Արդեն նախատեսե՞լ եք, թե ում է վերադարձվելու:



- Մենք չենք նախատեսել, մենք հայտարարել ենք, քաղաքական դաշտում կան այնքան քաղաքական կուսակցություններ ու գործիչներ, որոնք կձեւավորեն այդ դաշտը: