Մարզպետի՞ արած մոնիտորինգի արդյունքում է Արմավիրում մնացել մեկ թեկնածու

Մարզպետի՞ արած մոնիտորինգի արդյունքում է Արմավիրում մնացել մեկ թեկնածու

Առաջիկայում սպասվող համայնքային ընտրությունները համընկան ոչ իշխանական եռյակի իշխանափոխության ծրագրի հետ, եւ այդ պատճառով նրանք անիմաստ համարեցին ընտրապայքարի մեջ մտնել: Մինչդեռ նախկինում հատկապես ԲՀԿ-ն քաղաքապետի ընտրություններում կատաղի պայքար էր տանում: Իջեւանի, Սիսիանի, Եղեգնաձորի ընտրություններում հաղթեց ԲՀԿ-ի թեկնածուն: Հեղափոխությունը ձախողվեց, սակայն ՏԻՄ նախընտրական գործընթացները շարունակվում են բացառապես իշխանական թեկնածուների մասնակցությամբ: Քիչ թե շատ աշխույժ գործընթաց է Արմավիր քաղաքում, որտեղ առաջադրվել էին մի խումբ ՀՀԿ-ականներ: Սակայն արդեն երեկվա դրությամբ բոլորն ինքնաբացարկի դիմում էին գրել, բացի մեկից՝ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից, ով Ռուբեն Հայրապետյանի խնամին է: Մինչ այդ առաջադրվել էին նաեւ Խլղաթյանի քրոջ որդին՝ քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (Նովո) որդին՝ Արտակ Գեւորգյանը, Արմավիրի մարզպետի օգնական, Արմավիրի ավագանու անդամ Նվեր Պետրոսյանը, «Պարիտետ ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը եւ Էդվարդ Վարդումյանը:



Մինչ երեկ առավոտ երկու մրցակից էին մնացել ընտրապայքարում՝ Խլղաթյանն ու Նվեր Պետրոսյանը, սակայն կեսօրից հետո մարզպետ Աշոտ Ղահրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ թեկնածու է մնացել: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ն որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանելու հայտարարությամբ հանդես չի եկել, ինչը խորը ընկճախտի մեջ էր գցել Ռուբեն Խլղաթյանին, ով իրեն օտարված էր զգում եւ լրագրողների հետ զրույցում դա չէր թաքցնում: Վրդովվում էր, թե իրեն ոչինչ չի հետաքրքրում, ինքն է ցանկացել առաջադրվել:
Ինչո՞ւ ընտրապայքարից դուրս եկան մրցակիցները, հատկապես ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի որդին: Դա բացատրում են խնամի-բարեկամ հանգամանքով: Իսկ ինչո՞ւ այդ բարեկամությունը թեկնածությունն առաջադրելու շրջանում չհիշեցին: Նահապետ Գեւորգյանն այս հարցերին պատասխանելու իրավունք էր տվել իր վարորդին, ով մեզ ասաց. «Դե, հիմա մեր թեկնածությունը հանել ենք: Չէ, հաղթել-չհաղթելը չէր հարցը, ուղղակի բարեկամական կապեր կային, դրա համար մենք զիջել ենք, ուղղակի դրա համար, ուրիշ բան չկա, բարեկամական, ընկերական հարաբերություններ էին, չուզեցինք, լարվածություն չկա»:



Թեկնածուների ինքնաբացարկները հիմնավորեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը. «Որովհետեւ մոնիտորինգի արդյունքում բոլոր հանրապետականները տեսան, որ ամենաբարձր վարկանիշն ունի պարոն Խլղաթյանը: Էլ ի՞նչ պայքարեին հանրապետականներն իրար հետ, երբ որ մոնիտորինգի արդյունքներն էդպիսին էին»: Արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ այլ թեկնածու լիներ պայքարի մեջ, նոր քաղաքապետ ընտրվեր՝ նոր, թարմ ծրագրերով, ի վերջո, 2004 թվականից Խլղաթյանն է ղեկավարում: Մարզպետը փրփրեց. «Դո՞ւ ես ճիշտը որոշողը, ժողովուրդն է որոշում»: Ժողովուրդն ընտրությունների միջոցով է որոշում, որը տեղի է ունենալու 10 օր անց, ինչպե՞ս եղավ, որ ժողովուրդը որոշեց Խլղաթյանի արժանավոր լինելը: «Մոնիտորինգի արդյունքը ժողովուրդն ա»: Ո՞վ է արել այդ մոնիտորինգը, որի տվյալներն այդպես համոզիչ էին մյուսների համար, որ անմիջապես ինքնաբացարկի դիմումներ գրեցին: Մարզպետն այս հարցին չպատասխանեց՝ անջատելով հեռախոսը: Հատուկ մարզպետի համար նշենք, որ ընտրությունն ընտրություն է, երբ գոնե երկուսից մեկին են ընտրում: Մեկ թեկնածուից կազմված ընտրությունը «չընտրություն» է, եւ այդ պրակտիկան սովետական տոտալիտար պետությունում էր կիրառվում:



Երեկ զանգահարեցինք Խլղաթյանին՝ շնորհավորելու ընտրապայքարում միայնակ մնալու առթիվ: Քաղաքապետն ասաց. «Եթե շնորհավորեք, ծնունդս պիտի շնորհավորեք, հիմա էլ, ճիշտն ասած, հարցազրույց չեմ ուզում տամ, առայժմ»: Ի դեպ, նրա տարեդարձը դեկտեմբերի 26-ին է: Այդպես էլ մեզ չհաջողվեց քաղաքապետից պարզել, թե ինչպես է կարողացել չեզոքացնել իր 5 մրցակիցներին: Տպավորություն է, թե Ռուբեն Խլղաթյանը չի էլ ուրախացել մրցակիցներին դուրս մղելու առթիվ, մինչդեռ ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես չաջակցվելուց հետո նրա միակ հույսը հենց մրցակիցների ինքնաբացարկն էր: