Սաջադ Քարիմը՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի, Հայաստան երկրի, Ադրբեջանի հանդեպ ճնշումների և իր ծագման մասին

Սաջադ Քարիմը՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի, Հայաստան երկրի, Ադրբեջանի հանդեպ ճնշումների և իր ծագման մասին

Այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսում Hraparak.am-ը հետաքրքրվեց բրիտանացի համանախագահ Սաջադ Քարիմից, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության լուծումը այն պարագայում, երբ Ադրբեջանը պարբերաբար ագրեսիա է ցուցաբերում և հարձակումներ իրականացնում Արցախի սահմանների նկատմամբ և արդյոք պատրաստվու՞մ են լուրջ ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ չխախտելու հրադադարի ռեժիմն ու Մինսկի խմբի ձևաչափով սահմանված հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։



Ի պատասխան մեր հարցին՝ պարոն Քարիմը նախ հիշեցրց, որ երբ ինքը եկավ Հայաստան, առաջինը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ-ի դեսպան հետ և զրուցեց այս խնդրի շուրջ։



Հետո ավելացրեց․ «Մենք բացարձակապես հանձնառու ենք մնում՝ սատարելու ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբի ձևաչափը, մեզ համար շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը։ Մնք հանձնառու ենք՝ քաջալերել բոլոր կողմերին՝ հակամարտությանը լուծում տալու ուղղությամբ»։
Իսկ ինչ վերաբերում է ճնշումներ գործադրելուն, Քարիմն այստեղ գործադրեց իր դիվանագիտական հմտությունները՝ հիշեցնելով, որ այսօսր իրենց հանձնաժողովն ընդունել է հայտարարության նախագիծ, որի տեքստում ինքն այդ մասին արտահայտվել է, և չցանկացավ կրկին խոսել այդ մասին։



Հարցին, թե Ադրբեջանում եղե՞լ է, արդյոք, և ի՞նչ տպավորություն է ստացել այդ երկրից, բրիտանացի համանախագահը նախ ասաց, որ ինքը երբևէ որևէ ուղղակի ներգրավվածություն Հարավային Կովկասում և տարածաշրջանային երկրներում չի ունեցել, և պատճառներից մեկն էլ դա էր, որ հենց իր թեկնածությունն է առաջադրվել իր քաղաքական կուսակցության կողմից՝ որպես Հարավային Կովկասի հարցերով համանախագահ։



«Եվ պետք է նշեմ, որ առաջին անգամն է, որ ես երբևէ այցելում եմ պաշտոնապես կամ որևէ այլ ձևաչափով այս տարածաշրջան, և Հայաստանը առաջին երկիրն է, որ ես այցելել եմ։ Վաղը հեռանալու եմ՝ ձեր երկրի վերաբերյալ շատ ավելի հստակ և խորքային ընկալմամբ։ Եվ հուսով եմ, որ սա թույլ կտա ինձ իմ աշխատանքում՝ որպես պատվիրակության ղեկավար, կառուցել ԵՄ-Հայաստան հարաբերությունները, որտեղ Հայաստանը լուրջ դերակատարում ունի։



Նա նաև խոսեց իր ազգության ու ծագման մասին՝ ասելով, որ ինքը ծնվել և ապրում է Բրիտանիայում, իրեն համարում է բրիտանացի և եվրոպացի, սակայն իր ծնողները ծագումով Հարավային Ասիայից են, որի ստվար հատվածը երկար ժամանակ բրիտանական կայսրության մաս է եղել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ