ԲՀԿ-ն հավատում է, որ իշխանությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ

ԲՀԿ-ն հավատում է, որ իշխանությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ

Պարզվում է` ԲՀԿ-ում լրջորեն հավատում են, որ իշխանությունը քաղաքական որոշում է ընդունել եւ որոշել է լրջորեն պայքարել ինքն իր դեմ, ավելի ճիշտ՝ կոռուպցիայի դեմ: Երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ում կուսակցությունը միակն է ընդդիմության մեջ, որ համաձայն է մասնակցել վարչապետի առաջարկով ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, ասել է հետեւյալը. «Ես կարծում եմ, որ կա քաղաքական որոշում էդ ուղղությամբ գնալու», նկատի ունենալով կոռուպցիայի դեմ պայքարը: Մեր զարմանքին՝ այսինքն, իշխանության ներկայացուցիչները, վարչապետն ու փոխվարչապետը բացահայտելու են իրենց ու իրենց մերձավորների կոռուպցիոն գործողությունները եւ պայքարելու են իրենք իրենց դե՞մ, Մելքումյանն արձագանքել է. «Քաղաքական որոշում կա, որ ինչ-որ ձեւով պետք է հարցը շարժեն տեղից, այլապես չէին էլ ստեղծի»:



Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 19-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշում է կայացվել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին: Կառույցը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի կազմում են նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, պարզ ասած՝ մարդիկ, որոնք կիլոմետրերով հեռու են կոռուպցիոն դրսեւորումներից եւ անաչառ պայքար կմղեն այդ արատավոր երեւույթի դեմ: Խորհրդում մեկական ներկայացուցիչ կարող են ունենալ նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, եւս 2 ներկայացուցիչ՝ կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները: Այս խորհրդում իրենց անդամակցության վերաբերյալ բացասական պատասխանի մասին արդեն հայտարարել են ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները: ԲՀԿ-ին, սակայն, ընդդիմադիր գործընկերների բոյկոտը հետ չի պահում խորհրդի աշխատանքներին մասնակցելու մտադրությունից:



«Պետք է գնալ ու պահանջներ առաջարկել հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման մեխանիզմների վերաբերյալ, եթե պետք է այնտեղ գերակշռեն իշխանական ներկայացուցիչները… պետք է հավասարակշռությունը պահպանել, իսկ դուրս գալը խնդիր չէ, մենք դա կարող ենք անել ցանկացած պահի: Բայց ի վերուստ ասել, որ ես սա դատապարտում եմ, ես դա համեմատում եմ հետեւյալի հետ. եթե օրենք ես քննարկում ԱԺ-ում, ի վերուստ ասում ես՝ դե լավ, մեր երկրում ե՞րբ են օրենքները գործում, որ քննարկենք, ուրեմն ի՞նչ անենք, չմասնակցե՞նք ոչ մի տեղ»: Արդյոք զավեշտի չի՞ վերածվի կոռուպցիայի մեջ մեղադրվողների հետ կոռուպցիայի դեմ պայքարը: Մելքումյանը պատասխանեց. «Կառույցն ի վերուստ չէր ստեղծի, ստեղծում էր, որ զավեշտի առարկա՞ դառնար»: