Վարչապետին հանգիստ թողեք

Վարչապետին հանգիստ թողեք

Պաշտոնավարման մեկամյակը բոլորած Հովիկ Աբրահամյանին փոխելու վերաբերյալ կուլիսային շշուկները չեն դադարում: Աշնա՞նը կլինի վարչապետափոփոխություն, թե՞ մայիսին, հարցրինք ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Վահրամ Բաղդասարյանին: «Չկան նման հիմքեր, քննարկումներ Հանրապետականում. ինքս էլ հիմքեր չեմ տեսնում»: Դե, անուններ են անգամ տրվում: «Կարող են շատ անուններ տրվել, նորից եմ կրկնում՝ հիմքեր չկան»: «Հիմքերն» այն են, որ տնտեսության վիճակը ծանր է, գործարարները դժգոհ են, գանձարանը դատարկ է, խոստացված «հավասար» դաշտը չկա եւ այլն: «Տնտեսության խնդիրները երբ առաջանում են, դա անձից չէ կախված, եւ դրա համար հատուկ հսկողության տակ է այդ ամենը, եւ արդեն համապատասխան խմբեր են ձեւավորվում` հարցը քննարկելու եւ լուծում տալու համար, որտեղ ընդգրկված կլինեն նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, եւ դա անձի հետ կապված չէ, որ ինչ-որ անձի փոփոխությունով խնդիրը լուծվի»: Այդ ի՞նչ «խմբեր» են: «Տարբեր` մասնագիտական, կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել այդ գործին, եւ վերջինիս հրավերներով տարբերակված քննարկումներ կընթանան»: Է՜, պարոն Բաղդասարյան, ի՜նչ քննարկումներ, ի՜նչ բան. հալվա ասելով բերան չի քաղցրանա, փո՛ղ է պետք` շատ եւ «քյաշ»: «Նաեւ այդ խնդիրներն են քննարկվում. փողն ինքնանպատակ չի լինում, եւ որեւէ մեկը հենց այնպես նվիրատվություն չի անում. էդ մասին էլ ենք մտածում, պետք չի անհանգստանալ` հանգիստ եղեք, ինտրիգներ մի մտցրեք ամեն ինչի մեջ»: