Ժամանակները, Շահգելդյանի կարծիքով, փոխվել են

Ժամանակները, Շահգելդյանի կարծիքով, փոխվել են

Ձեր նախկին «վոտչինայում»` Աբովյան քաղաքում, առաջիկայում ընտրություններ են, թեկնածուներն էլ արդեն պարզ են, ո՞ւմ եք նախընտրում, հարցրինք դեպի կառավարության շենք շտապող Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանին: «Աբովյանցիներին հարցրեք, իրանք պտի ընտրեն»: Բոլոր դեպքերում, Պալաչին` Արթուրի՞ն, Վահագնի՞ն, թե՞ Էդվինի՞ն: «Ասում եմ` աբովյանցիներին հարցրեք», ու սկսեց ահավոր արագ քայլել, որ շուտ հասնի կառավարության շենք: «Դուք էլ եք, էլի, ինչ-որ բանով աբովյանցի: Սարն ամենքինն է հավասար. մարզի նախկին «հայրն եք, եղբայրը» եւ, ի վերջո, այսօր էլ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն եք, ի՞նչ եք խորհուրդ տվել վարչապետին, ասե՞լ եք ում պաշտպանի Աբովյանում»: «Վերջին անգամ եմ ասում` գնացեք, աբովյանցիներին հարցրեք»,- ասաց նա` արդեն գրեթե վազելով: Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է Ձեր իրավահաջորդը՝ Կոտայքի նոր մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը, արդարացնո՞ւմ է Ձեր հույսերը, շարունակո՞ւմ է Ձեր կիսատ մնացած գործը: «Ի՞նչ կապ ունեմ ես այդ ամենի հետ»,-ասաց արդեն հուսահատ Շահգալդյանը: Ամենաանմիջական կապն ունեք, քանզի ժառանգորդությունը միայն ֆիզիկական չի լինում, լինում է քաղաքական, հոգեբանական: «Ժամանակները փոխվել են, անցել են` անցել, հիմա նման բաներ-ժամանակներ չկան, չկա՜ն նման բաներ»,- ասաց նա, ապա սկսեց բարձր ու անբնական ծիծաղել. «Ցտեսությո՜ւն, գնա՛ք խաղաղությամբ», ու փութով ներս սահեց կառավարության դռներից: