Մխիթար Հայրապետյանը միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Մխիթար Հայրապետյանը միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի խորհրդի՝ մայիսի 3-ին կայացած նիստում ԵՔԳԱ փոխնախագահ Մխիթար Հայրապետյանն ու խորհրդի ևս 5 անդամներ հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու իրենց որոշման մասին։



Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի նախագահ, անկուսակցական Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ ԵՔԳԱ-ն, լինելով հասարակական կազմակերպություն, երբևէ իր անդամներին չի սահմանափակել հարել այս կամ այն քաղաքական ուժին, և մինչ օրս կազմակերպության տանիքի տակ հաջողությամբ համագործակցել են քաղաքական տարբեր ճամբարներ ներկայացնող բազմաթիվ երիտասարդներ։ Կազմակերպության խորհուրդը ողջունեց իր անդամների սույն որոշումը։
Մայիսի 5-ին ԵՔԳԱ փոխնախագահը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու որոշումը։



« «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր առջև լուրջ խնդիրներ է դրել, այն է՝ կենտրոնացնել հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժը կամ նրա հիմնական մասը Հայաստանի Հանրապետության տարածքում, և ապահովել այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, կասեցնել Հայաստանից նկատելի արտագաղթը, նախադրյալներ ստեղծել Մեծ հայրենադարձության համար, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական պայմաններ ապահովել Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար։ Բացի այդ, ձևավորվում է ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը գործելու է կոլեգիալ, և ոչ թե սուպերլիդերի կառավարմամբ։ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակադրվել է մասնակցել առաջիկա խորհրդարական ընտրություններին, ստանալ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն և ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:
Հաշվի առնելով այս ամենը՝ ես և ղեկավար խորհրդի մի քանի անդամներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու և երկրում իշխանափոխության հասնելու գործում մեր սեփական ներդրումն ունենալու որոշում կայացրինք», - նշեց Հայրապետյանը։
Հավելենք, որ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միանալու որոշմանը՝ Մխիթար Հայրապետյանը կշարունակի զբաղեցնել Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը։



ԵՔԳԱ