Volkswagen-ը կթողարկի Golf GTi-ի հոբելյանական տարբերակը

Volkswagen-ը կթողարկի Golf GTi-ի հոբելյանական տարբերակը

Եկող տարի՝ 2016 թվականին, գերմանական խոշորագույն Volkswagen կոնցեռնը կնշի իր Golf GTi մոդելի 40-ամյա հոբելյանը։ Իրենց հանրահայտ մոդելի սպորտային տարբերակի հոբելյանը գերմանացիները որոշել են նշանավորել մոդելի հատուկ տարբերակի թողարկմամբ։ Հատուկ սերիայի այս Volkswagen-ի լույս ընծայումն ազդարարվում է կոնցեպտուալ Golf GTi Clubsport կոնցեպտուալ մոդելի միջոցով։ Այն մոտ օրերս կներկայացվի Վյորտերզեի ավտոցուցադրության ժամանակ։ Մեքենան սերիական արտադրության կդրվի և վաճառքի կհանվի 2016 թվականին։ Նորույթը կդառնա Golf-ի GTi ընտանիքի ամենահզոր անդամը և կթողարկվի, բնականաբար, սահամանփակ քանակությամբ։ Ինչ վերաբերում է տեխնիկական պարամետրերին և հագեցվածությանը, ապա դրանք բավականին տպավորիչ են նման դասի հեչբեքի համար։ Ինչպես կոնցեպտուալ, այնպես էլ հետագայում սերիական տարբերակում հոբելյանական այս Volkswagen Golf GTi-ի կապոտի տակ տեղ կգտնի 2 լիտր աշխատանքային ծավալով և 265 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչ։ Շոուի շրջանակներում ցուցադրվող տարբերակը կսարքավորվի 6-աստիճան ռոբոտացված DSG փոխանցումատուփով։ Չի բացառվում, սակայն, որ սերիական տարբերակում այն փոխարինվի վեցաստիճան մեխանիկականով։ Հոբելյանական Volkswagen Golf GTi-ի դինամիկական տվյալները, սակայն, առայժմ չեն հրապարակվում։ Միայն նշենք, որ նորույթն իր հզորությամբ տեղ է զբաղեցնում 300-ձիաուժանոց Golf R-ի և 230-ձիաուժանոց Golf GTi Performance-ի միջև։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ