Ի՞նչ է պարզվել քաղաքի մատչելիության մոնիթորինգի արդյունքում

Ի՞նչ է պարզվել քաղաքի մատչելիության մոնիթորինգի արդյունքում

Երեւանի քաղաքային բյուջեից ամեն տարի որոշակի միջոցներ է տրամադրվում քաղաքն ավելի մատչելի դարձնելու համար, հիմնականում այդ գումարներն ուղղորդվում են թեքահարթակների կառուցմանը։ Թեքահարթակների քանակական եւ որակական ցուցանիշները պարզելու համար ապրիլ եւ մայիս ամիսներին «Մատչելի քաղաք» նախաձեռնության կողմից Երեւան քաղաքում մոնիթորինգ է իրականցվել։ Նախաձեռնության համակարգող Վարդուհի Արամյանը մեզ հետ զրույցում մի քանի թվեր է ներկայացնում, նշելով օրինակ, որ 2013-ին քաղաքային բյուջեից տրամադրվել է 20 մլն․ դրամ եւ կառուցվել է 81 թեքահարթակ, իսկ 2014-ին հատկացրած 40 մլն․ դրամով արդեն՝ 300 թեքահարթակ, ապա նկատում, որ կրկնակի ավելացված գումարի դիմաց թեքահարթակների թիվը եռակի է ավելացել, ինչից կարելի է արդեն հետեւություններ անել․ «Երեւանի քաղաքային իշխանությունը անընդհատ հայտարարում է ու խոսում այն մասին, որ մեծ միջոցներ են տրամադրվում քաղաքը մատչելի դարձնելու համար։ Դրա համար մեզ հետաքրքրում էր քանական եւ որակական առումով ի՞նչ է արվել։ Աշխատանքի ծավալները մեծացել է, ինչը շատ լավ է, բայց այն, ինչ արվել էր 2013-ին՝ թեքահարթակները լավ չէին, շենքերը բավականին բարձր էին եւ կային էլի շատ խնդիրներ»,-ասում է Վարդուհի Արամյանը ու նշում, որ 2014-ին կառուցված թեքահարթակների մեծ մասի դեպքում որակական առումով դրական տեղաշարժեր կան։



Նախաձեռնության համակարգողը նշում է, որ քաղաքապետարանի մատնանշած թվի դիմաց դժվար է այդ 300 թեքահարթակները գտնել, որովհետեւ հասցեականությունը քաղաքապետարանը չի ապահովում․ «Մենք գնում ենք այդ բոլոր թեքահարթակների հետքերով եւ ունենք այն պատկերը, որ քաղաքապետարանը հիմնանորոգված փողոցների հետ կապված նշում է, որ կառուցվել է բազում թեքահարթակներ ենթադրենք Քանաքեռցու փողոցում, բայց իրականում դրանք չկան, այսինքն, եթե մայթերը հարմարեցվել են, դեռ չի նշանակում, որ թեքահարթակներ են կառուցվել։ Հետո Երեւանի քաղաքային իշխանությունները բացի այն, ինչ արվել է բյուջեով, հաճախ ներկայացնում են հիմնանորոգված փողոցներում կառուցված թեքահարթակները, ինչպես նաեւ անհատ տնտեսվարողների արած աշխատանքները մի թվի տակ»։



Մոնիթորինգի արդյունքում ակնհայտ է դարձել, որ թվերի ուռճացման միտում է նկատվում, թեքահարթակների թիվը դեռ չի խոսում, թե քաղաքի որոշ մասեր մատչելի են դարձել․ «Մատչելիությանն ուղղված մեր մոտեցումները պետք է փոխվեն, դա զուտ թեքահարթակներով պայմանավորված չէ, որովհետեւ շատ հաճախ կա թեքահարթակ, բայց այդ մասն անցնելու համար դեռ խոչընդոտներ պետք է հաղթահարես։ Այսինքն զուտ թեքահարթակ ունենալու համար քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողին, բայց բոլոր տնտեսավարողներն էլ փաստում են որ չկա վերահսկողություն, թե ինչ նորմատիվներով պետք է կառուցվի ու ոնց է կառուցվում»։
Վարդուհի Արամյանը ցանկություն է հայտնում, որ քաղաքապետարանը ոչ միայն թվեր հրամցներ, թե քանի թեքահարթակ է կառուցվել, այլ նաեւ ներկայացներ թվեր, թե քանի համայնք, քանի փողոց է ամբողջովին անխոչընդոտ դարձել մեր քաղաքում։ Ինչ վերաբերում է մոնիթորինգի հաշվետվությունը, ապա պատրաստվում են այն ուղարկել նաեւ քաղքապետարան՝ բոլոր դիտողություններով հանդերձ։