ՀՀԿ-ն ինձ սատարել ա ու ճիշտ էլ արել ա, որ սատարել ա

ՀՀԿ-ն ինձ սատարել ա ու ճիշտ էլ արել ա, որ սատարել ա

Կիրակի օրն Ալավերդիում քաղաքապետի ընտրությունները բավականին թեժ ու լարված մթնոլորտում են անցել։ Առաջադրվել էին երկու թեկնածու՝ Արթուր Աբգարյանն ու Կարեն Փարեմուզյանը։ Հաղթել է Փարեմուզյանը՝ ձայների ոչ մեծ տարբերությամբ։ Ասում են՝ կրքերը հանդարտեցնելու համար Ալավերդի էր մեկնել ծնունդով հենց Ալավերդուց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Փարեմուզյանը թեպետ անկուսակցական է, սակայն վայելում է իշխող Հանրապետական կուսակցության եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությունը։ Մամուլում մի պահ շրջանառվեց, թե մյուս թեկնածուին՝ Արթուր Աբգարյանին էլ աջակցում է հենց ինքը՝ Շարմազանովը, սակայն դա ԱԺ փոխնախագահի կողմից հերքվեց։ Հետո գրվեց, որ թե՛ Լոռու մարզպետը եւ թե՛ Էդուարդ Շարմազանովն աջակցում էին միայն հաղթող թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին։
Երեկ Փարեմուզյանը թեժ կրքերի, լարված մրցակցության կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց․ «Ի՞նչ կրքերի մասին ա խոսքը։ Եթե մրցապայքար ա, պիտի լարված անցներ, ի՞նչ խոսք»։



Իսկ իրեն եւ մյուս թեկնածուին սատարողների վերաբերյալ էլ ասաց․ «Ես մյուսին չգիտեմ, ինձ սատարում էր Հանրապետական կուսակցությունը»։ Շարմազանովի՝ մյուս թեկնածուին, հետո նաեւ իրեն սատարելու վերաբերյալ էլ ասաց․ «Ասեկոսներին մի՛ք լսի, ես չգիտեմ ով ում ա սատարելուց եղել։ Շարմազանովը մեր քաղաքի բնակիչ ա, իրա դիրքորոշումն իրանից ճիշտ կլինի հարցնեք»։
Ինչ վերաբերում է իր անելիքներին՝ արդեն որպես քաղաքապետ, թե առաջնահերթ ինչ խնդիր է պատրաստվում լուծել, նորընտիր քաղաքապետն ասաց․ «Նոր աշխատատեղերի բացումը»։



- Իսկ այլ խնդիրներ չկա՞ն։



- Դե, արդեն ինֆրաստրուկտուրալ՝ մեր քաղաքի հետ կապված․ հենապատեր, տանիքներ, աշխատատեղեր՝ ամենակարեւորը, որ նշեցի, մի քանի տարբեր խնդիրներ, բայց դա ավելի ճիշտ կլինի սեպտեմբերից հետո էդ հարցն ինձ ուղղեք, որովհետեւ էն ժամանակ եմ պաշտոնավարման անցնելու։



- Ասում են՝ Լոռու մարզում արտագաղթի ծավալները մեծ են, Ալավերդիում՝ նույնպես։ Սրա դեմն ինչպե՞ս եք առնելու։



- Ձեր ինֆորմացիան ճիշտ չի, Ալավերդիում ամենաքիչ արտագաղթը կա, որովհետեւ երկու հզոր գործարան կա էստեղ, դեպո կա, վերջիվերջո․․․ արտագաղթն ստեղ երեւի թե տոկոսային առումով ամենաքիչը լինի, բայց դրա առաջն առնելու ենք, միջնորդելու ենք նոր արտադրություններ բացելու համար։



- Այսինքն՝ այդուհանդերձ, նոր աշխատատեղերի խնդիր կա Ալավերդիում։



- Իհարկե, կանանց աշխատատեղերի խնդիր ունենք, որովհետեւ գործարանում հիմնականում տղամարդիկ են աշխատում։ Սովետական Միության տարիներին էստեղ շատ հզոր ֆաբրիկա կար՝ մոտ 1500 կին էին աշխատում։ Հիմա պիտի փորձենք էդ խնդիրը լուծենք։ Կան որոշակի պայմանավորվածություններ, հիմա պիտի փորձենք էդ խնդիրը լուծենք։



- Այսինքն՝ Ալավերդու բնակչության հիմնական ակնկալիքը Ձեզանից ո՞րն է։



- Աշխատատեղեր․․․ ասեցի նոր, նոր շքամուտքեր ա, տանիքներ ա, երիտասարդների աշխատանքի հարց պիտի լուծվի, ժամանցի վայրեր պիտի սարքվեն։ Դա պարտադիր չի ինչ-որ պարի կամ, եսիմ, ժամանակ անցկացնելու․․․ սպորտային միջոցառումների խնդիր ունենք շատ լուրջ, սպորտը պիտի վերականգնենք, ու մոտակա հինգ տարվա ընթացքում արդեն էդ շարժը որոշակի կզգացվի։



- Եթե Հանրապետական կուսակցության աջակցությունը չլիներ, կհաջողվե՞ր Ձեզ հաղթել այս պայքարում։



- Ես՝ ինքս, անկուսակցական եմ․․․ Իհարկե, ՀՀԿ-ն ինձ սատարել ա ու ճիշտ էլ արել ա, որ սատարել ա, որովհետեւ մարդիկ առաջադրվում են որոշակի խմբերի կողմից, իմ ընկերներն էսօր ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, դրա համար էլ սատարել են։



- Ես նկատի ունեմ՝ եթե Ձեր այդ ընկերների աջակցությունը չլիներ, կհաջողվե՞ր Ձեզ միայն Ձեր անվամբ ու հեղինակությամբ հաղթել ընտրություններում։



- Այսինքն՝ Դուք ի նկատի ունեք, որ մենակ եթե գնայի ընտրության, մեն-մենակ, առանց ընկերների՞ս․․․ էսօր էդ ընկերները կարան լինեն իմ կողքին, կարան լինեն որոշակի կուսակցության անդամ, հիմի նենց ա ստացվել, որ էդ մարդիկ էդ կուսակցության անդամ են ու սատարում են։ Իմ ընկերների մի մասն ըտեղ են, մի մասը՝ մի ուրիշ․․․



- Նախորդ քաղաքապետը շա՞տ աշխատանք է թողել Ձեզ անելու կամ ի՞նչ է արել իր քաղաքապետության ժամանակ, առհասարակ։



- Ինչի՞ եք դրդում ինձ, որ ես ինչ-որ մեկի մասին խոսեմ։ Ես չեմ ուսումնասիրել էդ խնդիրները, թող անցնեմ աշխատանքի, կուսումնասիրեմ, նոր Ձեր հարցին կպատասխանեմ։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ