Փարավոն Միրզոյանին փոխարինեց Արման Ծատուրյանը

Փարավոն Միրզոյանին փոխարինեց Արման Ծատուրյանը

Երեկ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար հայտ էին ներկայացրել երեք մասնակից՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը, արվեստաբան Սաթենիկ Վարդանյանը եւ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արթուր Ավագյանը։ Մրցույթի մասնակիցների անունները հայտնի դարձան միայն մրցույթի պահին, ինչը նախարարությունը բացատրում է մասնակիցների անձնական ցանկությամբ՝ չհրապարակել իրենց անունները։ Ու թեեւ 11 հոգուց բաղկացած հանձնաժողովի անդամներից մեկը չէր ներկայացել, բայց քվորումն ապահովված էր, իսկ հանձնաժողովը գլխավորում էր մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը։



Մրցույթն ընթացավ երկու փուլով․ գրավոր՝ թեստավորման, եւ բանավոր՝ հարցազրույցի միջոցով։ Թեստավորման արդյունքում Սաթենիկ Վարդանյանը չհաղթահարեց անհրաժեշտ 90 միավորի շեմը եւ հրաժարվեց լրագրողների հետ խոսել։ Բանավոր փուլ անցած Արթուր Ավագյանը, այնուամենայնիվ, մի քանի խոսքով ներկայացրեց իր հայեցակարգի հիմնական շեշտադրումները, այն է՝ պատկերասրահի գիտական աշխատանքի ընդլայնում եւ խորացում, ինչպես նաեւ հանրահռչակմանն ուղղված քայլեր։ Նա նշեց, որ դիմելիս չի իմացել, թե ովքեր են դիտորդները, եւ միայն այսօր՝ մրցույթի օրը պարզեց, թե ում հետ է մրցելու պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար։ Մրցույթի արդյունքները չզարմացրին ոչ մեկին․ 9 կողմ, 1 դեմ ձայնով ընտրվեց Արման Ծատուրյանը։



Հանձնաժողովի նախագահ Արեւ Սամուելյանը չի կարող ասել, թե ինչպես է լինում, որ ամեն ընտրությունից առաջ պարզ է դառնում, թե ով է ընտրվելու այս կամ այն պաշտոնում։ Իսկ թե ինչով է բացատրում, որ այդքան քիչ դիմումներ էին ներկայացվել պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար, Սամուելյանը կարծում է, որ առաջին անգամ մրցույթի պայմաններում շեշտվել է, որպես պարտադիր պահանջ  գիտության թեկնածու լինելու հանգամանքը, ինչն զգալիորեն նվազեցրել է պոտենցիալ դիմորդների թիվը։ Գիտության թեկնածու լինելու հանգամանքն այսուհետ պարտադիր պայման է լինելու նաեւ մյո՞ւս մշակութային օջախների համար, թե՞ սա բացառություն էր՝ չի կարող ասել։     



«Պարոն Ավագյանն ավելի լավ գիտական աշխատանքն էր պատկերացնում, բայց, իր բնորոշմամբ էլ, կարծես ամփոփ թանգարանի մենեջմենթի, ղեկավարման փորձ չունի, ինչն ունի Արման Ծատուրյանը»։ Այն հարցին, թե Փարավոն Միրզոյանը կմնա խորհրդականի՞, թե՞ փոխտնօրենի կարգավիճակում, փոխնախարարը նկատեց, որ դա արդեն նախարարության լիազորությունների մեջ չէ, եւ նոր տնօրենն է նշանակումներ անելու։



Իսկ նոր տնօրենը թեեւ զվարթ տրամադրության մեջ էր, բայց կտրականապես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նկատելով, թե ինքը դեռ պատկերասրահի տնօրեն չէ, 3 օրվա ընթացքում պետք է նախարարը նշանակի, բայց կարող է եւ չնշանակել, այսինքն՝ չհրամանագրել, ինչն այս պարագայում դժվար թե իրականություն դառնա։