Երկու մահ

Երկու մահ

Երեկ համացանցը գուժեց երկու մահվան մասին․ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկե եւ ամերիկահայ գործարար Քըրք Քրքորյան։ Թվում է, անչափ տարբեր մարդիկ՝ տարբեր ճակատագրերով եւ հայ հասարակության համար խիստ տարբեր նշանակությամբ, բայց ցավն ու ափսոսանքը գրեթե համարժեք էին։ 40-ամյա երգչուհին, որ մի քանի տարի հերոսական պայքար էր մղում անբուժելի հիվանդության դեմ, հիրավի դարձել էր հանրային ուշադրության, հոգածության առարկա, անժամանակ պատուհասած հիվանդության դեմ պայքարի խորհրդանիշ։ Նրան սիրում էին Ռուսաստանում, սիրում էին նաեւ մեզանում՝ նրա երգերը լսում էին, առողջական վիճակով հետաքրքրվում, նրա հարցազրույցները կարդում։ 98-ամյա Քըրք Քրքորյանը, ով թվում է, երկար, բարեկեցիկ, ապահով ու օրինակելի կյանքով է ապրել եւ հասել խոր ծերության սահմանին, նույնպես ափսոսանքի եւ երախտագիտության ալիք առաջացրեց մեզանում։ Մարդ, ով ծնվել եւ մեծացել է ԱՄՆ-ում եւ հայրենիքի նկատմամբ սերն ու հարգանքը ժառանգել ծնողներից, շատ բան է արել Հայաստանի համար։ Լինսի հիմնադրամով նորոգված ու կառուցված ճանապարհները, մշակութային օջախները, նրա շնորհիվ բացված աշխատատեղերը Քրքորյանի տուրքն էին իր հեռավոր հայրենիքին։ Եվ անգամ այն ժամանակ, երբ դժգոհ էր իր տրամադրած գումարների իրացումից, ելքը գտավ լուռ, անաղմուկ հեռանալու մեջ, այլ ոչ թե աղմուկ բարձրացնելու կամ մեղավորների նկատմամբ պատիժ պահանջելու։ Աշխարհը երեկ սգում էր մեծ հայի, հաջողակ բիզնեսմենի, ունիկալ քաղաքացու հեռանալը։ Հիշում ու պատմում էր նրա կենսագրությունը, ներկայացնում գործունեությունը՝ երախտագիտության ու հարգանքի խոսքեր հնչեցնում։ Ցանկացած մարդ կերազեր այդպես ապրել եւ այդպես հեռանալ՝ միայն դրական ու լուսավոր հուշեր թողնելով իրենից հետո։