Դպրոցի տնօրենին Արարատի մարզպետը հեռացրել է

Դպրոցի տնօրենին Արարատի մարզպետը հեռացրել է

Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցի տնօրեն, վարչապետի հովանավորությամբ պաշտպանվող Արամ Ստեփանյանին հեռացրել են պաշտոնից, այդ առթիվ դպրոցի մանկավարժները նախօրեին մարզի օբյեկտներից մեկում մեծ խնջույք են արել: Վերջինս տեւական ժամանակ է՝ չէր իջնում մամուլի էջերից: Ուսուցիչները դժգոհում էին, որ արդեն մեկ տարի շարունակ տնօրենը տեռորի է ենթարկում իրենց, հայտարարում, որ հզոր «մեջք ունի», վիրավորում, աշխատանքից ազատում, պարտադրում ազատման դիմում գրել: Սպառնացել է նաեւ, որ նոր ուսումնական տարուց չի աշխատելու ուսուցիչների 90 տոկոսը, որովհետեւ ինքը բերելու է իր թիմին:



Այս մասին լուսաբանվել է լրատվամիջոցներում, ԿԳՆ-ն ուսումնասիրություններ է կատարել եւ հայտնաբերել խախտումներ: Սույն երիտասարդն այժմ դատական քաշքշուկների մեջ է հայտնվել մանկավարժներին անհիմն աշխատանքից ազատելու պատճառով: Նրան աշխատանքից հեռացրել է Արարատի մարզպետը, ով ընդամենը մեկ տարի առաջ էր վերջինիս նշանակել այդ պաշտոնին: Ամենահետաքրքիրն այն է, որ աշխատանքից հեռացման լուրն շտապել է ավետել Մարդու իրավունքների պաշտպանն իր ֆեյսբուքյան էջով, թեեւ լավ կլիներ նախ զբաղվել աշխատանքից անհիմն ազատված մանկավարժների իրավունքները վերականգնելով: Աշխատանքից ազատված ուսուցիչները խնջույքի ամենաթեժ պահին հիշել են իրենց չվերականգնված իրավունքների մասին: Ի դեպ, ասում են, թե Արարատի մարզպետը վճռական է տրամադրված. ամպեր են կուտակված նաեւ Արամ Ստեփանյանի մոր գլխին, ով Արարատի մարզպետարանի կրթության բաժնի երկարամյա աշխատակիցն է: