Սկզբնական շրջանում գյուղացու գրպանին չեն խփի

Սկզբնական շրջանում գյուղացու գրպանին չեն խփի

Նախարար Սերգո Կարապետյանը սեղանից ընտրեց մի ծիրան եւ մեկնեց Հայաստանում Հունաստանի լիազոր եւ արտակարգ դեսպան Իաննիս Տայսին։ Հայկական՝ ամենայն հավանականությամբ օրգանիկ մրգի համը դեսպանին կհամոզի՞, որ իրենց ներդրումը մեր երկրում հենց այնպես չէ։ Վերջին տարիներին պարտքերի տակ «ճկռած» Հունաստանը 2 միլիոն ԱՄՆ դոլար գումար է տրամադրել մեր երկրին՝ թունաքիմիկատների լաբորատորիա ունենալու համար։ Լաբորատորիան կառուցելու ծրագիրն էլ սկսել էր իրագործվել դեռեւս 2009 թվականին, եւ վերջապես 6 տարի անց տեղի ունեցավ բացման արարողությունը։ Ներկայացել էր ինչպես գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը, այնպես էլ սննդի անվտանգության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Կարմիր ժապավենը կտրեցին, միմյանց շնորհավորեցին, շրջայց կատարեցին նորագույն տեխնիկայով հագեցված լաբորատորիայով, որը մոտ ապագայում մեզ պետք է «պարգեւի» առավել անվտանգ սննդամթերք։



Բաբկեն Պիպոյանի ասած՝ «գեղեցիկ շինությունը» կրում է «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հսկիչ թունաբանական լաբորատորիա երկարաշունչ անվանումը, լաբորատորիայի տնօրեն է նշանակվել Արման Գեւորգյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ թունաքիմիկատների լաբորատոր ստուգումներն սկզբնական շրջանում գյուղացիների գրպանին չեն խփի․ «Այս առաջին փուլում գյուղացիների վրա ընդհանրապես չի անդրադառնալու։ Լաբորատորիան հետազոտություններ կատարելու է պետպատվերի շրջանակներում հետազոտվող նմուշները, տեղում վաճառվող նմուշների հետազոտությունը, նաեւ ոչ թե ներկրման փուլում է վերահսկողությունն իրականացնում, այլ գրանցման փուլում, որ նոր թունաքիմիկատը պետք է գրանցեն, դրանից հետո արդեն ներկրեն»։ Թունաքիմիկատները թանկանալո՞ւ են։ «Գնացուցակը վերջնական պարզ կլինի օրերս, որովհետեւ մենք պետական հիմնարկ ենք, եւ գնումները, այդ թվում՝ ստանդարտ լուծույթների, այդ թվում՝ լուծիչների, մրցութային կարգով են։ Չենք կարծում, որ դա շատ լինի, համենայնդեպս»։ Այնուամենայնիվ, մոտավորապես քանի՞ տոկոսով կթանկանան թունաքիմիկատները։ «30-40 տոկոսով մենք գնային աճ ենք ունենալու։ Հասկանալով կարեւորությունը, եւ նոր պարոն նախարարն էլ նշեց, որ այս լաբորատորիայի կառավարմանը ձեռնամուխ ենք լինելու տվյալ հետազոտություններն ամեն դեպքում անենք, գրեթե ինքնարժեքով շահույթ չհետապնդենք»։



«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նույնպես ներկայացել էր բացման արարողությանը, դրական է համարում լաբորատորիայի բացումը, սակայն փոքր-ինչ կասկածում է, արդյոք այն կշահագործեն իր ամբո՞ղջ ռեսուրսով․ «Պետք է տարանջատենք պոտենցիալ հնարավորությունը եւ կիրառական հնարավորությունը։ Լաբորատորիաները, որ երկրում կառուցվում է, պետք է նաեւ մեկ այլ մարմին այս լաբորատորիային պատվիրի, որպեսզի նա փորձաքննություն իրականացնի, հիմա ուղղակիորեն ունեմ հարց՝ արդյո՞ք այս կողքի շենքը, որ էլի հրաշք լաբորատորիա է եղել ժամանակին, շահագործում եւ օգտագործում ենք մենք, որպես պետություն, լաբորատորիայի ամբողջ ռեսուրսը։ Ես կպատասխանեմ՝ ոչ։ Որովհետեւ տեսչական մարմինը, ով որ վերահսկողություն է իրականացնում, ով որ պատվիրում է, ինքն է քիչ պատվիրում։ Այսինքն՝ շատ լավ է, որ մենք ունենք հնարավորություն այսուհետ ստուգելու բարձր մակարդակով թույները։ Իսկ արդյոք վերահսկող մարմինը կպատվիրի, թե չի պատվիրի, չեմ ուզում անել գուշակություն»։ Իսկ ինչ վերաբերում է գների թանկացմանը, ապա Բաբկեն Պիպոյանը նշեց․ «Այնպես չի, որ ուղղակի թունաքիմիկատը փորձաքննության է ենթարկվում։ Ուրիշ բան, որ դա ապահովելու է տեսակավորում, դա ուղղակի կարող է հարվածի էֆեկտ ունենալ, եթե սխալ ռազմավարություն վարենք»։
Հիմա դեռ առանց գուշակությունների լաբորատորիայից ակնկալում են միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննությունների իրականացում։